Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ԱՅՍՈՒՀԵՏ ՄԵՆՔ ԵՆՔ ԳՐԵԼՈՒ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»



«…ԱՅՍՈՒՀԵՏ ՄԵՆՔ ԵՆՔ ԳՐԵԼՈՒ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»Մեր թանկ զոհերի, հայրենիքը պաշտպանելիս անհավասար կռվում քաջաբար ընկած մեր հերոս տղաների հիշատակի առաջ մենք պարտք ունենք: Եվ հաղթանակ է այդ պարտքի անունը: Ես գլուխ եմ խոնարհում հերոսներ ծնած մայրերի առաջ: Ձեր վիշտը անչափելի խորն է, բայց, հավատացե´ք, սիրտս այնպես է ցավում մեր զոհված տղաների համար, ասես՝ սեփական զավակներիս եմ կորցրել: Հավատացե´ք, այդպես սգում է ամբողջ հայ ժողովուրդը: Նրանք հերոսավայել կռվեցին, հերոսավայել ընկան, որ մենք չկորցնենք հաղթելու հավատն ու նոր վճռականությամբ զարկենք մեր հողը մտած անտուն, անհայրենիք քոչվորներին: Մեր հաղթանակը անկասելի է, որովհետև մեր ոգին մեր ընկած հերոսներն են զինել, մեր զինվոր տղերքը: Երբեք հայ ժողովուրդը այսքան միասնական, ուժեղ ու հավատավոր չի եղել: Հայ մարդը այսքան մոտ չի եղել հայ մարդուն: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր զինվորի կողքին էր ռազմաճակատի առաջնագծում: Երբեք չի պարտվի այն հայրենիքը, որն իր զավակների համար թանկ է սեփական կյանքից: Երբեք չի պարտվի այն հայրենիքը, որի զինվորի կյանքը հրամանատարի համար թանկ է սեփական կյանքից:

Զուգահեռաբար, մենք տեսնում ենք, թե Ադրբեջանի իշխանությունները ինչ անհոգությամբ ու անտարբերությամբ են մեռնելու ուղարկում իրենց զինվորներին: Սրսկիչներով համարձակություն ձեռք բերած զինվորը մսաղացի բաժին է, այդ պատճառով էլ ադրբեջանցիների կորուստները անհամեմատ մեծ են, ու նրանք դատապարտված են պարտության:

Մեր հույսը մեր ուժն է, մեր հայրենասիրությունը, մեր միասնականությունը, մեր վճռականությունը: Այսուհետ, մենք ենք գրելու մեր պատմությունը: Մեր զինվորն ու սպան են գրելու, մեր ամբողջ ժողովուրդը՝ անկոտրում, քաջաբար, միասնական: Հաղթելու ենք:

ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խորագիր՝ #40 (1360) 7.10.2020 - 13.10.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ


04/10/2020