ԱՐՑԱԽԸ ԿՐԿԻՆ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՇՆՉՈՒՄ
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, հենց երկրորդ օրը թուրքերն Աղդամից հարձակվեցին Ասկերանի վրա: Եվ այդ ժամանակ ասկերանցիները լավ պատասխան տվեցին թուրքին, իհարկե՝ ձեռնամարտում: Ազատամարտի 5-6 տարիների ընթացքում բազում անգամ թշնամին փորձեց գրավել Ասկերանը, սակայն անօգուտ: Ասկերանը թեկուզ ավերվեց, ռմբակոծվեց, հրթիռակոծվեց, սակայն մնաց անառիկ: Արդեն 4 օր է՝ Արցախի ամբողջ սահմանում պատերազմ է, պատերազմ ոչ միայն Ադրբեջանի, այլև նրա ավագ եղբոր՝ Թուրքիայի և այլ բաշիբոզուկ վարձկանների դեմ: Թշնամին փորձում է ամեն գնով ճեղքել Հայոց սահմանը, սակայն դեմ է առնում մի հզոր ուժի ու հետ շպրտվում ՝ տալով բազում զոհեր ու այլ կորուստներ: Հրթիռակոծում ու ռմբակոծում է հայոց բնակավայրերը՝ սպանելով խաղաղ բնակչությանը: Այնուհանդերձ, արցախցին իր հողում է, իր տանը, ինչպես ասկերանցի Ալյոշա Գաբրիելյանը: Սեպտեմբերի վերջին օրը ընկերոջս հետ այցելեցի Ասկերան, որտեղ միասին առաջին անգամ եղել էինք 1988 թ. նոյեմբերին: Այս անգամ էլ լավատես են մեր հայրենակիցները՝ հաղթելու ենք: Ալյոշա Գաբրիելյանը 40 տարի առաջ է հոր հետ կառուցել իր տունը: 1992-ին թշնամու ռումբն ընկել է այստեղ, ավերել տունը, սակայն Ալյոշան վերստին կառուցել է: Նա եղել է Արցախի Գերագույն խորհրդի պատգամավոր, Ասկերանի քաղաքապետ: Այժմ մենատնտես է: Պատմեց. 92-ին Աղդամը թշնամու ռազմական հզոր կենտրոն էր, և այդտեղից էին հրետակոծվում մայրաքաղաքն ու Ասկերանը, մոտակա բնակավայրերը: Խոջալուի ազատագրումից օրեր անց այնտեղից ոտքով տուն է վերադարձել և տեսել՝ թշնամին մեծ ուժերով հարձակման է անցել՝ գրեթե հասնելով իր ծննդավայրին:
-Մտածեցի՝ վերջ, կորցնելու ենք Ասկերանը, բայց Հայոց ոգին հզոր էր. թշնամին հետ շպրտվեց:
Եղբայրը, երկու քույրերը նույնպես ընտանիքներով այստեղ են բնակվում: Այժմ հանգիստ է՝ երկու որդիները, փեսան ու երեք թոռներն առաջնագծում են: Հավատում է հայ զինվորի անպարտելիությանը և հանգիստ իր գործին է՝ օղի է թորում: Ասկերանի Էդ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ է թոռը՝ կրտսեր Ալյոշան, որի ուղեկցությամբ եղանք ապաստարանում: Ճանապարհին զրուցում եմ պապի անունը կրող թոռան հետ: Որոշել է տնտեսագետ դառնալ: Հպարտ է Վարդան եղբորով, որը սահմանն է հսկում: Ապաստարանում կանայք էին, ծերեր, երեխաներ: Օդային տագնապի շչակը չէր հնչում, երեխաները դուրս էին եկել: Միայն մի բանի մասին են մտածում ապաստարանի բնակիչները՝ վերջնականապես հաղթեն թուրքին, ու երկիրը խաղաղվի: Գոհ են պայմաններից.
-Բանակին բավարարեք, մենք ապրելու ենք,- ասաց Էլեոնորա Աղաջանյանը: Այս անգամ էլ ենք հաղթելու՝ վստահ են…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ Նորություններ