Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ



ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄՄոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավելի զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Հակառակորդի կողմից մարտական մեքենան խոցվելուց և իր վիրավորվելուց հետո խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը: 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքն սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:

♦♦♦

Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ ՀԱՅԿ ՍՄՈՅԱՆԻ գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ:

Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները:

Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք:

Այնուհետև, ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցրել հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպել է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվել:

 

♦♦♦

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր ԱՐԱՄԱՅԻՍ ԹԵՎԱՆՅԱՆԸ ցուցաբերել է նախաձեռնություն. ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղելու հակառակորդի գրոհն ու անառիկ պահելու մարտական դիրքերը:

♦♦♦

Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային ԱՐՍԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն, «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռները:

 

♦♦♦

Եվս մի հերոսական պատմություն։ Թեժ մարտերի ժամանակ մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորվում է գումարտակի շտաբի պետ, մայոր ՂԵՎՈՆԴ ԼԱԶԱՐՅԱՆԸ։ Հակառակորդի հարձակումը հետ շպրտելուց հետո Ղևոնդ Լազարյանը վիրավոր ծառայակիցներին տեղափոխում է անհրաժեշտ բուժօգնություն ստանալու և, չնայած իր լուրջ վնասվածքին, անմիջապես վերադառնում է մարտական դիրքեր՝ մտավախություն ունենալով, որ թշնամին կարող է նորից հարձակվել։ Վերադառնալուց հետո մինչև վերջին շունչը կատաղի մարտեր մղելով՝ զոհվում է հանուն ազատ Արցախի, հանուն ազատ Հայրենիքի, հանուն Հայաստանի Հանրապետության…

ՓԱ՛ՌՔ, ՓԱ՛ՌՔ, ՓԱ՛ՌՔ…

Խորագիր՝ #40 (1360) 7.10.2020 - 13.10.2020, Ազգային բանակ


08/10/2020