ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՆԴՐՈՒՄ Է ՉԿՐՃԱՏԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան նամակ է ուղարկել հանրապետական երկու սենատորների` Ջոն Մաքքեյնին և Լինդսի Գրեմին, որով խնդրել է օգտագործել հնարավոր բոլոր միջոցները` Պենտագոնի բյուջեի ոչ պլանային կրճատումներ թույլ չտալու համար:
Պանետտան նշել է, որ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը մշակում է դաշնային բյուջեն առաջիկա տասը տարիներին 1,2 տրիլիոն դոլարով կրճատելու ծրագիր, և եթե մինչև նոյեմբերի 23-ը այդ հանձնաժողովը որոշում չընդունի, կրճատումների մի մասը ինքնաբերաբար բաժին կհասնի պաշտպանության նախարարությանը:
Նախարարը հիշեցրել է, որ նախկինում ընդունված ծրագրի համաձայն` ռազմական գերատեսչության ծախսերը առաջիկա տասը տարիներին կրճատվելու են 450 միլիարդ դոլարով: Նոր կրճատումների հետ միասին նույն ժամանակահատվածում Պենտագոնը կկորցնի շուրջ մեկ տրիլիոն դոլար, ինչը կկազմի ընդհանուր ծախսերի մոտ 23 տոկոսը:
Նրա կարծիքով նման կրճատումը աղետալի հետևանքների կհանգեցնի: Պենտագոնը հարկադրված կլինի դադարեցնել նավաշինական, շինարարական նախագծերի մի մասը, իսկ անձնակազմի և ռազմական տեխնիկայի համալրվածության աստիճանը խիստ կնվազի, որոշ դեպքերում ընդհուպ մինչև ԱՄՆ պատմության մեջ ամենացածր մակարդակը:
Պանետտան առաջին անգամ չէ նման նախազգուշացումներ անում: Օրերս նա դիմել է հատուկ հանձնաժողովի անդամներին` կոչ անելով համաձայնության գալ այլ ոլորտներում ֆինանսական հատկացումները նվազեցնելու վերաբերյալ: Նա զգուշացրել է, որ հակառակ դեպքում ռազմական բյուջեն կկրճատվի` հակառակորդին մղելով ագրեսիայի, իսկ ԱՄՆ-ը կվերածվի «թղթե վագրի»:
Խորագիր՝ Նորություններ