ԸՆԿԵՐՍ «ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» Է
Հայկական բանակի զինվոր Դավիթ Գրիգորյանը մեր հողը մտած թուրք-ադրբեջանական ահաբեկչական հարձակումը հետ մղելիս ոչնչացրել է թշնամու 15 տանկ, 1 ՀՄՄ և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոսի» կոչման։ Ես, բնականաբար, առաջին հերթին ուզում էի զրուցել հերոսի մոր՝ տիկին Սուսաննայի հետ։ Բայց նա ասաց, որ Դավիթի մասին ամենից լավ կպատմի նրա ամենամոտ ընկերը՝ Սարգիս Հակոբյանը, որովհետև Սարգիսն ու Դավիթը ընկերություն են անում ծնված օրվանից։ Միասին խաղացել են բակում, միասին գնացել են մանկապարտեզ, սովորել են նույն դասարանում, միասին են եղել նաև զինծառայության ժամանակ։
-Սարգի՛ս, ինչպե՞ս իմացաք, որ Ձեր ընկերը դարձել է «Արցախի հերոս», ի՞նչ զգացիք։
-Ավտոբուսի մեջ էի, մեկ էլ՝ Դավիթի հորեղբոր տղան զանգեց, թե՝ Սաքո՛, իմացա՞ր՝ ընկերոջդ՝ Դավիթին, «Արցախի հերոսի» կոչում են տվել. թշնամու 15 տանկ և 1 ՀՄՄ է խոցել։ Ականջներիս չհավատացի. մեկ մարդը ո՞նց 15 հատ տանկ ու 1 ՀՄՄ կխոցի։ Հավատալու բան չէր։ Ու երբ իմացա, որ Արցախի նախագահը անձամբ է հայտնել լուրը հեռուստացույցով, անմիջապես մտածեցի՝ ինչերի միջով է անցել ընկերս, ինչ դաժան ճակատամարտ է եղել, ինչ ճիգ ու ջանք, հոգու ու մարմնի ինչ ուժեր է կենտրոնացրել, որ կարողացել է 15 տանկ ու 1 ՀՄՄ խոցել։ Այդ մտահոգության հետ միասին՝ հոգիս արտասովոր ուժով ու հպարտությամբ լցվեց։ Ասես՝ հերոսը ես էի, ասես՝ ինքս էի այդ տանկերը խոցել։ Հերոսների կողքին ակամա բարձրանում ես, նրանք քեզ նոր, ավելի բարձր չափանիշներ են հուշում, բարոյականության նոր նշաձող են դնում քո առաջ։
-Մանկության, դպրոցական տարիներին կմտածեի՞ք, որ Դավիթը կարող է հերոս դառնալ։ Նրա խառնվածքում կայի՞ն հերոսության նախադրյալներ։
-Մենք սխալ պատկերացում ունենք հերոսների մասին, եթե մտածում ենք, որ նրանք պետք է հերոսական պահվածք ունենան նաև խաղաղ ժամանակ, մարդկային հարաբերություններում, հարազատների, հարևանների, ընկերների հետ շփվելիս։ Հերոսականությունը մարդու հոգու խորքում է ապրում, և բոլորովին էլ պարտադիր չէ, որ մարդու ներքին ուժերը լինեն բացահայտ, ցուցադրված։ Դավիթը քչախոս, համեստ տղա է։ Այդպիսին էր և՛ մանկապարտեզում, և՛ դպրոցում, և՛ զորամասում։ Բոլորովին կռվարար չէր, շատ հանդուրժող էր ու խաղաղասեր։ Բայց միշտ ձգտում էր առավելագույն արդյունքի, չէր բավարարվում ձեռքբերումներով։ Դավիթը շատ լավ էր սովորում, ընդունակ էր ու աշխատասեր։ Ես մրցակցում էի նրա հետ, ուզում էի հասնել նրա արդյունքներին, բայց չէի նեղվում, երբ ընկերս ավելի մեծ հաջողություններ էր ունենում։ Մենք երկուսս էլ մասնակցեցինք «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին, բայց հաղթեց Դավիթը։ Երկուսս էլ գնում էինք շախմատի, բայց Դավիթի արդյունքները ավելի բարձր էին, ու նրան ուղարկեցին Վրաստանում կայացած մրցաշարին մասնակցելու։ Մենք երկուսս էլ ընդգրկված էինք գերմաներենի ուժեղացված խմբում, բայց Դավիթին առաջարկեցին ուսումը շարունակել Գերմանիայում։
-Այնքան սիրով և ուրախությամբ ես նկարագրում ընկերոջդ հաջողությունները…
-Դավիթի գրավորներն արտագրվում էին՝ ձեռքից ձեռք անցնելով։ Դավիթը բոլորին օգնում էր։ Նա ինքնամփոփ էր ծանոթների հետ շփվելիս, նույնիսկ տանը չէր բացվում, բայց մտերիմ ընկերների հետ դառնում էր ուրիշ մարդ։ Էնքան կատակասեր էր, էնքան նուրբ հումոր ուներ։ Մենք ոչ մի տեղ չէինք գնում առանց Դավիթի, որովհետև նա իր ներկայությամբ ծիծաղ և ուրախություն էր սփռում։
-Իսկ Դավիթի քաջությունն ու հայրենասիրությունը ինչ-որ կերպ դրսևորվե՞լ էին թեկուզ մտերիմ ընկերների շրջանում։
-Ապրիլյան պատերազմի ժամանակ մթնել էր, ասում էր՝ էնպես պիտի կռվենք, որ էս ամենի վերջը տանք, որ էս կռիվը վերջինը լինի։ Երևի հենց էդպես էլ կռվել է՝ վերջին ուժերով, ամբողջ հայրենասիրությամբ և ամբողջ ատելությամբ՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծող, մանկապարտեզների և եկեղեցիների վրա կրակող թշնամու ահաբեկչական բանակի դեմ։ Դավիթը գործով ապացուցեց իր սերը հայրենիքի հանդեպ, իր տղամարդկային արժանապատվությունը, իր ոգու ուժը։
-Սիրած աղջիկ ունի՞։
-Չէ՛։ Նա այնքան զուսպ ու ինքնամփոփ տղա է, որ, եթե անգամ հոգու խորքում ինչ-որ մեկին սիրել է, ոչ ոք չի իմացել։ Իսկ դպրոցում Դավիթին բոլորն էին սիրում՝ և՛ տղաները, և՛ աղջիկները, և՛ ուսուցիչները։ Նա իր հանդեպ հարգանք էր ներշնչում։ Եթե ուզենամ Դավիթին բնութագրել մեկ բառով, կասեմ, որ նա չափազանց օրինավոր էր։
-Ինչպե՞ս եղավ, որ դուք՝ երկու մանկության ընկեր, ծառայեցիք նույն զորամասում։
-Բարի պատահականություն էր։ Առաջինը ես զորակոչվեցի։ Երբ իմացա, որ Հադրութում եմ ծառայելու, մի ներքին ձայն ինձ հուշեց, որ վեց ամիս հետո Դավիթը գալու է մեր զորամաս։
-Դավիթին պատմեցի՞ք ձեր ներքին ձայնի ասածը։
-Պատմեցի, ծիծաղեց, երևի չհավատաց։ Իմ ծառայության ընթացքում մենք գրեթե ամեն շաբաթ խոսում էինք հեռախոսով։ Դավիթը շատ էր հետաքրքրվում ծառայությամբ, դիրքերից էր հարցնում, մարտական հերթապահությունից։ Նա իր ծառայության վեց ամիսներն անցկացրեց ուսումնական զորամասում, դարձավ ֆագոտիստ։ Մի օր էլ տեսնեմ՝ Դավիթը զինվորական համազգեստը հագին հայտնվեց իմ առաջ։ Համ զարմացա, համ էլ շատ ուրախացա։
Դավիթը շատ արագ հարմարվեց ծառայական կյանքին։ Սեր ու հարգանք վաստակեց՝ որպես օրինակելի զինվոր։ Հիշում եմ իմ զորացրվելու օրը՝ պայուսակս բռնած ինձ ճանապարհեց մինչև անցագրային կետ։ Անտրամադիր էր։
Զորացրվելուց հետո ես հաճախ էի այցելում Դավիթի մայրիկին։ Ասում էր՝ Դավիթիս կարոտը քեզնից եմ առնում։ Երբ իմացա, որ ընկերս «Արցախի հերոս» է դարձել, կրկին վազեցի նրանց տուն։ Դավիթի մայրը գրկեց ինձ այնքան ջերմորեն, ասես իր հերոս որդուն էր գրկում։
-Հերոսի կոչում ստանալուց հետո խոսե՞լ եք Դավիթի հետ։
-Այո՛, երեկ եմ խոսել։ Ասացի՝ անփորձանք վերադարձիր, որ վայելես փառքդ։ Այնպիսի տպավորություն էր, ասես՝ չէր գիտակցում իր սխրանքի մեծությունը։ Անհամբեր սպասում եմ հերոս ընկերոջս տունդարձին, որ միասին իրականացնենք մեր երազանքները։ Եվ արդեն վերջնականապես հաղթած հայրենիքում ավելի համարձակ, մեծ ու գեղեցիկ գործեր անենք։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #41 (1361) 14.10.2020 - 20.10.2020, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում