ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…
«Գնանք, միանանք տղերքին, հաղթանակի բերկրանքը պարգեւենք մեր ազգին»
Զինկոմիսարիատների հարակից տարածքներում ամեն օր, վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, չի դադարում մարդկանց հոսքը:
Պատերազմական գործողությունների սկսվելուն պես, հարյուրներով, հազարներով շտապում են զինվորագրվելու, որ մեկնեն ռազմաճակատ։ Ոտքի են կանգնել բոլորը՝ երկրապահ ու պահեստազորային, նույնիսկ մեկ-երկու ամիս առաջ զորացրվածները…
Ռոբերտ Բունիաթյանը երկու տարի առաջ է զորացրվել, ծառայել է առաջնագծի դժվարին հատվածներից մեկում։ Պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում երիտասարդը՝ որպես լավագույն զինվոր, խրախուսվել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։
-Ընկերներիցս շատերը հիմա սահմանին են,- ասում է Ռոբերտը,- գնանք, միանանք տղերքին, հաղթանակի բերկրանքը պարգեւենք մեր ազգին։
-Ես խորհրդային բանակում եմ ծառայել, օտար հողում, օտարի համար։ Այսօր մեր ազգի առջև գոյության, լինել-չլինելու խնդիր է դրված։ Հպարտորեն ճանապարհում ենք մեր որդիներին,- ասում է Ռոբերտի հայրը՝ Գուրգեն Բունիաթյանը, որն անթաքույց հպարտությամբ էր լսում որդուն։
Գեւորգ Պողոսյանը եւս առաջնագիծ մեկնողների շարքերում է: Նրա համար անծանոթ չէ սահմանային ծառայությունը. ծառայել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում։ Երիտասարդն աշխատում է կառավարությունում։
-Մինչ այս, վիրտուալ տիրույթում կայքերն էի պաշտպանում ադրբեջանական հարձակումներից, հիմա էլ գնում եմ իրական սահման՝ իրական թշնամու դեմ կռվելու… Վստահեցնում եմ՝ հաղթելու ենք…
-Հաղթելու ենք, քանզի Աստված արդարների կողմն է,- Գեւորգի խոսքը հաստատում է Աշխեն Հակոբյանը, որն իր երեք աղջիկների հետ եկել է ճանապարհելու միակ որդուն՝ Հայկ Հակոբյանին:- Մեր զավակներն իրենց հողն են պաշտպանում, իրենց նախնիների բնօրրանը, որի ամեն միլիմետրը թանկ է, կյանքի չափ թանկ: Թող Աստված պահապան լինի մեր զավակներին, նրանց բազկի ուժը հազարապատկի, որ արժանի հարված տան թշնամուն եւ իր որջում ընդմիշտ լռեցնեն նենգ գազանին։ Մեր կռիվն արդար է:
-Պիտի գնան, պիտի հաղթեն, պիտի հետ գան հաղթանակով,- բարեմաղթում են Հայկի քույրիկները՝ Թերեզան, Մոնիկան ու Մարիան:- Սահմանին կանգնած բոլոր զինվորներն էլ մեր եղբայրներն են:
Տղերքն առաջնագիծ են մեկնում ծիծաղով, հումորով ու կատակներով: Գնում են հաղթելու…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Խորագիր՝ #41 (1361) 14.10.2020 - 20.10.2020, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում