ԱՊՐՈՒՄ ԵՆՔ, ԿԱՆՔ, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Պատերազմ է: Երևանում պատերազմի շունչն այդքան չի զգացվում: Կյանքը շարունակվում է բնականոն հունով, թեև բոլորի ուշադրության կենտրոնում Արցախյան ռազմաճակատն է և դրա շուրջ զարգացող քաղաքական գործընթացները: Յուրաքանչյուրն իր գործով է զբաղված, զուգահեռ հետևում է լրահոսին, ապա գրեթե «փորձագիտական» մակարդակով քննարկում իրադարձությունները: Արցախ մեր ուղևորվելու մասին իմանալուն պես ծանոթ-անծանոթ իր զորակցությունն է հայտնում, ցանկանում աջակցություն տրամադրել Արցախի մեր հայրենակիցներին և զինծառայողներին կամ պարզապես խնդրում հանդիպելու դեպքում իմանալ հարազատի որպիսությունը:
Ճանապարհ ենք ընկնում, ու պատերազմն ավելի առարկայական է դառնում: Մերթընդմերթ հանդիպում են կամավորականներ, աշխարհազորայիններ տեղափոխող մեքենաներ: Կարճատև կանգառների ժամանակ շատերը մոտենում են, հարցնում՝ ինչով կարող են օգնել, նաև հարցուփորձ անում ռազմական իրադրությունից:
Արցախի Հանրապետության սահմանը հատելուց քիչ անց հստակ զգում և տեսնում ես պատերազմը: Ճանապարհին ռազմական տեխնիկայի տեղաշարժեր են, որոշ հատվածներում տեսանելի են հրթիռահրետանային և ավիացիոն հարվածների հետևանքները: Ինքնաբերաբար սկսում ենք դիտարկել օդային տարածքը. թշնամու ԱԹՍ-ներից պետք է զգուշանալ:
Հասնում ենք մայրաքաղաք Ստեփանակերտ: Փողոցներում հատուկենտ անցորդներ են, բնակիչները հիմնականում ապաստարաններում են, որովհետև քաղաքն ամեն պահ կարող է հրթիռակոծվել: Տարբեր հատվածներում տեսնում ենք հրթիռների պայթյունների հետևանքները: Տեղավորվում ենք շենքերից մեկի նկուղային հարկում և դուրս ենք գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Քաղաքն ապրում է, բոլոր ենթակառուցվածքներն աշխատում են, թեև որոշակի խափանումներով:
Գիշերը քաղաքն ընկղմվում է խավարի մեջ: Լույսերն անջատում են անվտանգության նկատառումներով: Մթության մեջ պարզկա գիշերվա աստղերը կարծես ավելի վառ են լուսավորում: Այնքան շատ են և պայծառ, ասես բռով շաղ տված լինեն: Գեղեցիկ է Ստեփանակերտի երկինքը, նայում ես ու մի պահ մոռանում, որ տասնյակ կիլոմետրեր այն կողմ կռիվ է: Մի տեսակ խաղաղված իջնում ենք ապաստարան, բայց քիչ անց վերադառնում դաժան իրականություն: Լսվում է օդային տագնապն ազդարարող շչակի սուլոցը: Ստեփանակերտը նորից հրթիռակոծվում է, հրթիռներից մեկը մեր ապաստարանից մոտ հինգ հարյուր մետր հեռու է ընկնում…
Բուժաշխատողները սխրանքներ են գործում
Ստեփանակերտի հոսպիտալում ենք: Այստեղ բուժանձնակազմն աշխատում է 24-ժամյա ռեժիմով: Ամեն ինչ հարմարեցված է պատերազմական իրավիճակին: Նախասրահում ընդունարանն է, գրանցում են վիրավորներին, անհրաժեշտ նախնական հետազոտություններ կատարում: Վիրահատարանի դռների մոտ անընդհատ շարժ է, գնում, գալիս, հետաքրքրվում են վիրավորի վիճակով: Բեկորային ծանր վիրավորում ստացած զինծառայողի վիրահատություն է ընթանում: Քիչ անց բուժքույրերից մեկի դեմքին ոգևորություն է նկատվում. բժիշկներին հաջողվում է տղայի ոտքը փրկել անդամահատումից: Պատերազմական այս ծանր օրերին բուժաշխատողների համար յուրաքանչյուր հաջողված վիրահատություն կյանքի հարատևության, մեր հաղթանակի խորհրդանիշ է:
Հոսպիտալը բուժաշխատողների առաջնագիծն է, և նրանք չեն լքում իրենց դիրքերը: Ստեփանակերտի բժիշկներին օգնության են եկել կամավորներ Երևանից, ամբողջ Հայաստանից: Հերթափոխով հանգստանում են, սակայն հիվանդ ընդունելու դեպքում հանգստացող անձնակազմն էլ է շտապում օգնության: Ծանրաբեռնված են աշխատում բոլորը` շտապ օգնության մեքենաների վարորդներից մինչև հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ամեն ինչ արվում է վիրավորներին րոպե առաջ արդյունավետ բուժօգնություն տրամադրելու համար: Առանձին պատումի թեմա է մարտադաշտում թշնամու կրակի տակ գործող բուժակների կատարած գործը:
Հետևում եմ բժիշկների աշխատանքին, տեսնում հրթիռակոծությունից տուժած քաղաքացիներին և ակամա հիշում հեռավոր 90-ականների սկիզբը: Դպրոցական էի, նայում էինք այն ժամանակ հրթիռակոծվող Ստեփանակերտը ցուցադրող ռեպորտաժները, տեսնում, թե ինչպես են հաճախ մոմի լույսի ներքո նկուղում վիրահատություն կատարում: Պատմությունը կրկնվում է, թեև հիմա էլեկտրականություն կա, ապահովված ենք նաև շարժական գեներատորներով: Իսկ թշնամին նույն նենգն է, թիրախավորում է խաղաղ բնակչությանը:
Արդեն վիրահատված և վերականգնողական բուժման կարիք ունեցող մի քանի վիրավոր զինծառայողներ տեղափոխվում են Երևանում և մարզերում նեղ մասնագիտական օգնություն տրամադրող բուժհաստատություններ: Մինչ նոր վիրավորներ բերելը որոշում ենք դուրս գալ, ու նորից հնչում է տագնապի ազդանշանը, բոլորը շտապում են ներս գնալ: Մարդկանց հետ միասին ապաստարանում է նաև մի շուն, ասում են, քանի օր է՝ տարածքում է ապրում, շատ մարդամոտ է: Հրթիռային հարվածից մեկ-երկու րոպե շուտ իջնում է նկուղ:
Հիվանդանոցին շատ մոտ են խփում: Տագնապի շչակը չի լռում: Պատերազմ է:
Գնում ենք առաջնագիծ: Մեքենան սլանում է արագ, աչքներս անընդհատ երկնքին է: Պաշտպանական շրջանի հրամանատարական կետում ենք: Բոլոր ուղղություններով զորքերի արդյունավետ ղեկավարում է իրականացվում այստեղից: Տվյալ պահին ակտիվ գործողություններ են ընթանում, պետք է սպասել: Զրուցում ենք զինվորների, կամավորականների հետ: Բոլորը դիրքավորվում են այնպես, որ տեսանելի չլինեն անօդաչուների համար, մեզ էլ անհրաժեշտ խորհուրդներ են տալիս: Տարբեր հեռավորության վրա պայթյուններ են լսվում: Հրետանային մենամարտ է: Նույնիսկ այդ իրավիճակում տղաները հումորի զգացումը չեն կորցնում: Պարզվեց` զինվորներից մեկի ծննդյան օրն է: Մեկը բարեմաղթանք է հղում, մյուսը գրկախառնվում, շնորհավորում, երրորդն էլ ծխախոտի տուփն է մեկնում, թե` սա էլ ինձանից քեզ նվեր: Բոլորս ծիծաղում ենք, ու զինվորը պատմում է` առավոտյան հրամանատարը մոտեցել է, շնորհավորել, ապա հարցրել` ի՞նչ ես ուզում քեզ նվիրեմ, ուզո՞ւմ ես` մեկ օրով ազատ արձակում տրամադրեմ: Կողքից մեկն էլ հուշում է` դու էլ գնահատեիր հրամանատարի հումորը ու կռվի ավարտից հետո երկու օր ուզեիր:
Վերջապես կարողանում ենք հրամանատարի հետ զրուցել և առաջ շարժվելու թույլտվություն ստանալ: Մեզ ուղեկցում է զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Լ. Բաղդասարյանը: Նախապես հրահանգավորում է բոլորիս, հատկապես վարորդին՝ անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ: Շարժվում ենք: Ճանապարհին տեղ-տեղ չպայթած արկեր են, ավիացիոն ռումբերի և հրթիռների բաղադրիչներ: Փոխգնդապետի ու իր վարորդի աչքը սովոր է դրանց, վարպետորեն շրջանցում ենք: Պատմում են անցած օրերի մասին, այնպես հանգիստ ու վստահ, որ մի պահ մոռանում ես, թե ռազմի դաշտում ես:
-Պատերազմի առաջին օրերին մեր դիրքերը ուժգին հրետակոծվեցին, ցավոք, ունեցանք նաև կորուստներ: Թշնամին փորձեց նպաստավոր բնագծեր զբաղեցնել, սակայն թույլ չտվեցինք: Մեր հրետանին, զրահատանկային ստորաբաժանումները արդյունավետ կրակով ոչնչացրին թշնամու հրամանատարական կետեր, ծավալվող ականանետային մարտկոց, ծանր զրահատեխնիկա: Խոցեցինք նաև հրետանային տարբեր միջոցներ` միանգամից կոտրելով հարձակման թափը:
Փոխգնդապետը սահմանափակվում է այսքանով, թեև գիտենք, որ զորամասի անձնակազմը շատ ավելին է արել, օրինակ, ուղղություններից մեկում թշնամու երկու դիրք է ոչնչացրել:
Հասնում ենք գումարտակի հրամանատարական կետ: Կապիտաններ Մ.Դանիելյանն ու Ա.Գեսյանը տեսադիտարկման համակարգով ուշադիր հետևում են հակառակորդի շարժին: Փոքր-ինչ տեղաշարժ նկատելիս կոորդինատները փոխանցում են հրետանավորներին, ուղղորդում նրանց կրակը: Կարևորն արագությունն է, որ թշնամին չհասցնի փոխել տեղակայումն ու դիրքավորվել: Սպաները վստահեցնում են` մեր զինծառայողներն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը:
Մինչ սպաները ծառայողական հարցեր են քննարկում, հետևում եմ զինվորների գործողություններին: Տեղաշարժվում են արագ, առանց լարվելու, յուրաքանչյուրը հստակ գիտի իր անելիքը: Զրույցի ընթացքում էլ դիմացից կրակում են, իսկ տղաները ժպտում են` սովորական բան է: Մեկն էլ տարածքում պայթած հրթիռների, արկերի բեկորներն է հավաքում, բերում, ասում է` քիչ այն կողմ հրետանային չպայթած արկ է ընկած:
Արդեն ուզում ենք դուրս գալ, հենակետ է հասնում Դ-20 մարտկոցի հրամանատար, կապիտան Դ.Ալեքսանյանը: Նրա ղեկավարությամբ հրետանավորները գերազանց արդյունավետություն են գրանցել, խոցել բազմաթիվ թիրախներ: Հիմա էլ իրենց ուժերին վստահ՝ նոր առաջադրանքների են սպասում:
Զորքերի անմիջական շփման գծում ենք: Թշնամուց մեզ բաժանում է մի քանի հարյուր մետր միջդիրքային տարածություն: Հենակետի ավագ, լեյտենանտ Տ.Սարգսյանը զեկուցում է փոխգնդապետին, որ հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են: Մտնում ենք խրամուղի, զրուցում խրամաբջիջների դիտորդների հետ: Արեն Սիմոնյանի, Վաչագան Բաղդասարյանի, Մամե Սնջոյանի հերթափոխն է: Համոզվում ենք, որ մեր զինծառայողներն ամուր կանգնած են իրենց դիրքերում, պատրաստ են ջախջախելու թշնամուն: Հակառակորդի կրակը չի դադարում: Մերոնք նպատակային պատասխանում են` ճնշելով կրակակետերը: Այդուհանդերձ, երկար մնալը վտանգավոր է, փոխգնդապետին զեկուցում են, որ թշնամին սկսում է թիրախավորել մեր մեքենաները, անհրաժեշտ է շտապ տեղափոխվել: Մի քանի հստակ հրաման, ըստ վերադասության՝ զինծառայողներն անհրաժեշտ ցուցումներ են ստանում հետագա ծառայության վերաբերյալ, և մենք վերադառնում ենք: Թեև գիտակցում ենք, որ հայտնաբերվել ենք, խուճապ, լարվածություն չկա, որովհետև տեսնում ենք մեր զինվորականների հստակ գործողությունները, նրանց կողքին մեզ ապահով ու հանգիստ ենք զգում: Քիչ հեռվում ծխի ամպեր են, մեր հրետանին է աշխատում:
Հադրութի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցումից հետո մեկնում ենք այդ ուղղությամբ: Հակաահաբեկչական գործողություն է իրականացվում, մարտեր են ընթանում: Կրակում են նաև մեր ուղղությամբ: Նույն պահին, երբ հարևան երկրի ղեկավարությունը հայտարարում է, թե գրավել են Հադրութը, մենք այնտեղ ենք: Վարչակազմի ղեկավարը, որ զենքը ձեռքին կռիվ էր տվել ու վիրավորվել նախօրդ օրը, իր աշխատասենյակում է: Դիպուկահարներ են տարբեր կետերում, բայց նա աշխատում է իր հարազատ բնակավայրի համար:
Հումանիտար հրադադար հաստատելու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Ստեփանակերտի հրթիռակոծությունն ավելի սաստկացավ: Խփում էին շատ մեծ հաճախականությամբ: Գիշերվա կեսին հերթական հարվածից հետո րոպեների տարբերությամբ հասնում ենք հրթիռներից մեկի ընկնելու վայր:
Հարվածից ավերվել էին տնտեսական նշանակության մեկ շինություն և մոտակա ենթակառուցվածքները: Հրդեհ էր բռնկվել: Կողքի տունն էլ էական վնասվել էր` դառնալով բնակության համար ոչ պիտանի: Իսկ տանտերը կատակում է` վայ, հեռուստացույցն էլ է վնասվել, բա ո՞նց եմ իմանալու՝ աշխարհում ի՞նչ է կատարվում: Այդ ծանր իրավիճակում էլ հումորի զգացումն անպակաս է Արցախում:
Արցախցիները, մեր հողի համար կռիվ տվող եղբայրները կարծես մոռացել են վախը: Նրանք պայքարում են թշնամական հզոր ուժի դեմ, ամուր, միասնական են և՛ թիկունքում, և՛ առաջնագծում: Պատերազմ է, բայց մենք կանք, ապրում ենք, հաղթելու ենք:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #41 (1361) 14.10.2020 - 20.10.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում