ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՏ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ ԶԻՋՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆՄԱՆԱԿՆԵՐԻՆ
Ռուսական սպառազինության և ռազմական տեխնիկայի որոշ տեսակներ իրենց մարտավարա-տեխնիկական բնութագրերով զիջում են արտասահմանյան առավել հաջող նմանակներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:
Մասնավորապես, նա համեմատել է Т-90-ը և Merkava-MK4-ը, «Смерч»-ը և HIMARS-ը: Իսրայելական Merkava-MK4 հիմնական մարտական տանկի կրակի հեռավորությունը 6 կմ է, ռուսական տանկինը` 2,5 կմ: «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ կայանքը զգալիորեն զիջում է ամերիկյան HIMARS-ին, որը կարող է թիրախներ խոցել մինչև 150 կմ հեռավորության վրա:
Ռուսական արտադրության օպտիկա-էլեկտրոնային հետախուզության տիեզերական ապարատները կարող են ուղեծրում մնալ 3-5 տարի, այնինչ ամերիկյան նմանակները` մինչև 15 տարի: Այս և մի քանի այլ օրինակների հիման վրա գեներալը փաստացի խոստովանել է, որ իրենք ստիպված են ավելի շատ ռազմական տեխնիկա արտադրել` ծախսելով հարկատուների գումարները:
Մակարովը նաև հավելել է, որ ռուսական ժամանակակից տեխնիկան մարտի դաշտում չի կարող ապահովել զինծառայողների պաշտպանության բարձր աստիճան: Դրա համար պետք է ստեղծել այնպիսի տեխնիկա, որն օգտագործելիս անձնակազմը ցանկացած պայմաններում ողջ մնա:
Այս տարվա մարտին ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի մասին նույն կարծիքն էր հայտնել նաև ՌԴ զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը: Նա ասել էր, որ սպառազինության շատ տեսակներ, այդ թվում` զրահատանկային, հրետանային, հրաձգային, չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի, անգամ Չինաստանի չափանիշներին: Բացի այդ, Т-90 տանկը նա համարել է Т-72 տանկի խորը արդիականացված տարբերակ, որի արժեքը կազմում է 118 միլիոն ռուբլի, իսկ այդ գումարով ավելի հեշտ կլինի գնել 3 Leopard նորագույն տանկ:
Պետք է նշել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում ավելի խիստ պահանջներ է ներկայացնում ռազմարդյունաբերության համալիրին: Սակայն իրավիճակն այժմ այնպիսին է, որ արտադրողները պարզապես չեն հասցնում կատարել զինվորականների աճող պահանջները: Այդ պատճառով էլ զինվորական ղեկավարությունը արդեն մի քանի պայմանագիր է ստորագրել արտասահմանյան ռազմական տեխնիկայի մատակարարների հետ: Ռուսները գնում են իսրայելական անօդաչու ապարատներ, իտալական զրահամեքենաներ, ֆրանսիական ուղղաթիռակիր նավեր, գերմանական զրահ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական