Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ



ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ

2020թ. հոկտեմբերի 15-ին, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հրավերով Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում տեղի ունեցավ միասնական աղոթք՝ վասն խաղաղության և զորակցության, հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների:

Էկումենիկ աղոթքին մասնակցում էին և ներկա էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումին Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Դանիել պատրիարքի ներկայացուցիչ, գերաշնորհ Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտիանուն, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս գերաշնորհ Աուրել Պերկայի և Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերաշնորհ Միխայ Ֆրացիլայի ներկայացուցիչները, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելան, Բուխարեստում Վատիկանի ներկայացուցիչ գերաշնորհ Միգուել Մաուրի եպիսկոպոս Բուենդիան, Ռումինիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչ Ալեքսանդեր Վասիլեւը, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հոգևորականներ, տաճարականներ, հայոց թեմի հոգևորականներն ու համայնքի անդամները:

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻԻր խոսքում Տաթև Սրբազանը դատապարտեց թուրք-ադրբեջանական ուժերի ագրեսիան Արցախի հայ ժողովրդի հանդեպ, անդրադարձավ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և քաղաքացիական օբյեկտների հրթիռակոծություններին, մասնավորապես նշելով. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության իրողությունը, որի ընթացքում հոկտեմբերի 8-ին ռմբակոծվել է նաև Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:

Որևէ հաջողության չհասնելով ռազմաճակատում՝ ադրբեջանական կողմը, ունենալով Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների աջակցությունը, հրթիռակոծում է խաղաղ բնակավայրերը, շենք շինությունները, դպրոցներն ու մանկապարտեզները, այժմ նաև եկեղեցիներն ու սրբավայրերը, որոնք որևէ ռազմավարական նշանակություն չունեն:

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻԱրդյունքում՝ զոհվում և վիրավորվում են մեծ թվով խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև հայաստանյան և օտարերկրյա լրագրողներ, որոնք շատ անգամ թիրախավորվում են հատուկ:

Մեզ համար վաղուց ճանաչելի է նման ցեղասպան ձեռագիրը և միջազգային ահաբեկիչների վանդալիզմը հանդեպ պատմամշակութային արժեքներն ու սրբավայրերը, որոնց ականատեսն ենք եղել նաև Մերձավոր Արևելքում ոչ վաղ անցյալում: Մենք կոչ ենք անում բոլոր Եկեղեցիներին, կրոնական ու եկեղեցական կառույցներին, միջազգային հանրությանը դատապարտելու այս վանդալիզմը, խոսելու և բարձրաձայնելու բարբարոսների կողմից մարդու իրավունքների բոլոր հնարավոր նորմերի խախտումների մասին, ստիպելու հարգել Արցախի հայության ազատ ապրելու իրավունքը:

Հոկտեմբերի 8-ին մեկ օրվա ընթացքում երկու անգամ ռմբակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի հայության անպարտ ոգու խորհրդանիշն է: Ինչպես 1990-ականներին, այսօր էլ այն պիտի վերականգնվի ու պիտի շարունակի ոգեշնչել և իր օրհնությունը տարածել համայն հայության վրա»:

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՍրբազան Հայրը շեշտեց հատկապես այն գաղափարը, որ սա կրոնական պատերազմ չէ, սա քրիստոնեության և իսլամի պատերազմ չէ, այլ Թուրքիայի նպատակն է ավարտին հասցնել իր ծրագիրը, որը չկարողացավ անել 1915 թ. հայոց ցեղասպանությամբ, այն է՝ բնաջնջել հայ ժողովրդին իր պատմական հայրենիքի տարածքում:

Խոսքով հանդես եկավ Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտիանուն և Դանիել Պատրիարքի անունից իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն՝ խոսեց հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամության, ռումին հողի վրա հայ ժողովրդի 1000-ամյա ներկայության և պատմության, եղբայրական հարաբերությունների մասին, աղոթք բարձրացրեց Հայաստանում և Արցախում հանուն խաղաղության հաստատման և բարեկամ հայ ժողովրդի անսասանության համար:

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻԽոսքով հանդես եկավ նաև Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը և ընթերցեց Ռումինիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ընդհանուր հայտարարությունը՝ ուղղված Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին, նշեց, որ քրիստոնյա հայ ժողովուրդն այս օրերին անցնում է ծանրագույն փորձությունների միջով և համաժողովի նախագահ գերաշնորհ Աուրել արքեպիսկոպոս Պերկայի և բոլոր եպիսկոպոսների անունից իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին:

Վերջում հանուն խաղաղության վերահաստատման իրենց աղոթքի ձայնը բարձրացրին առ Աստված ներկա բոլոր եկեղեցիների ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրն իր լեզվով:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ


16/10/2020