Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ



ԱՐՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԴիլբարը

Դիլբարը եզդիների ջոկատի հետ առաջնագիծ մեկնած ազգությամբ եզդի բուժքույրն է, որի ջանքերով անգին կյանքեր են փրկվել, նվազել են առողջությանն սպառնացող վտանգները:

-Երբ պատերազմն սկսվեց,- պատմում է Դիլբարը,- մտածեցի՝ ես այստեղ եմ, իսկ առաջնագծում իմ որդուց տարիքով փոքր տղաներ էլ են կռվում, վիրավորվում, զոհվում: Եթե թեկուզ մի վիրակապ դնելով էլ օգտակար լինեմ, պետք է մեկնեմ: Մի քիչ վարանում էի՝ կինը պատերազմի դաշտում… Բայց երբ լսեցի մեր պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ոգեշունչ ելույթը, թևեր առա: Գրեցի նրան, որ բուժքույր եմ, ուզում եմ միանալ ջոկատին, զինվորների կողքին լինել: Ողջունեց որոշումս, ոգևորեց: Մեկնեցի մեր եզդիների ջոկատի հետ: Իմ այնտեղ լինելն, իրոք, շատ կարևոր էր: Բացի բժշկական օգնությունից, մայրական սիրո, հոգատարության կարիքը շատ են զգում տղաները:  Երեխայի պես են. ծանր զենք-զինամթերք, տարբեր իրեր կրելուց հետո՝ թիկունքը քամուն տված նստում են: Սաստում էի. «Հենց հիմա մի տաք բա՛ն գցիր վրադ, մկաններդ կբռնվեն, կհիվանդանաս, կռվել չես կարողանա»: Երբ հաջողվում էր իրենց մայրերի հետ կապվել, ասում էին. «Չանհանգստանա՛ս, էստեղ քեզ պես հոգատար մի մայրիկ կա»: Մարտից եկած տղաներիս բերում էինք, փոխում պատառոտված շորերը, մաքրում: Իմ տաքուկ շալվարը զինվորիս տվեցի՝ հայ տղա էր: Էնքան էլ լա՜վ է երգում…

ԱՐՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԿնոջ զենքից խփվելուց ադրբեջանցիների շարքերում կռվող ծայրահեղական ահաբեկիչները շատ են վախենում: Եզդիներին շատ են կոտորել դրանց նախնիները… Ես էլ ազգությամբ եզդի, զինվորական շորերով կին: Ինձ երևի նկատել էին: Իմ նկարները շուտով ադրբեջանցիներն սկսեցին տարածել ինտերնետով՝ իբր ես Սիրիայից եկած վարձկան-ահաբեկիչ եմ: Տարածում էին, թե իբր ինձ ոչ թե պարզապես սպանել, այլ սատկացրել են: Պետք է հասկանանք. պատերազմ է, ու մեր դիմաց ոչ թե զինվորական է, այլ, կարելի է ասել, մարդասպան: Մերոնք իմ մասին հատուկ էին հոգ տանում: Մի օր, հերթական թեժ մարտից հետո, մեր հրամանատար Ռզգոն հավաքեց բոլորիս, ափիս մեջ երկու փամփուշտ դրեց, ասաց. «Սա քո փրկությունն է: Եթե Աստված չանի՝ հանկարծ շրջափակման մեջ ընկնենք, մեզ կսպանեն, քեզ՝ ոչ: Էդ դեպքում, քեզ այս փամփուշտները պետք կգան… »: Շրջվելով տղաներին՝ ասաց. «Տղե՛րք ջան, շատ խիստ եք տիրություն անելու Դիլբարին: Առաջինը նրա մասին եք մտածելու: Իսկ, Աստված չանի, թե մի բան եղավ, Դիլբարին կխփեք, որ նրանց ձեռքը չանցնի: Համաձա՞յն եք»: Իհարկե, արտասովոր իրավիճակ էր,  բայց շատ լավ հասկանում էի, որ ամեն ինչ ճիշտ է ասում: Ես էլ շուռ եկա ու ձայնիս բարկացկոտ հնչերանգ տալով՝ ասացի. «Անամոթնե՛ր, փաստորեն, ինձ ուզում եք սպանե՞լ»: Բոլորս ծիծաղեցինք: Դա մի ուրիշ ծիծաղ էր. այդ ծիծաղի մեջ այնքա՜ն քաջություն, քաղցրություն, ցավ ու հաստատակամություն կար…

Մի օր՝ սարսափելի հրետակոծությունից հետո, մերոնցից միաժամանակ քսանը վիրավորվեցին: Բուժակների հետ էինք աշխատում. մեկս վիրավորի շապիկն էր կտրում, մեկս վիրակապում էր, մյուսը առաջին օգնություն էր ցուցաբերում, արյունը կանգնեցնում: Այսպես մեկից մյուսին էինք անցնում…  Բուժակները ինձ հարցնում էին. «Սրսկե՞լ ես, դեղը տվե՞լ ես»: Ասում էի՝ «Արե՛լ եմ»: Բոլորս այդ ընթացքում «պրոֆեսորներ» էինք դարձել. տղերքիս կյանքը փրկելու խնդիր էր… Երբ բոլորին վիրակապել էինք ու պիտի տեղափոխեինք հոսպիտալ, բոլորս ապուշ կտրած նայում էինք իրար. էս ի՞նչ կատարվեց, ի՞նչ ուժ էր, որ մեզ տիրել էր. ո՞նց արեցինք էս ամենը… Երբ հասանք Գորիս, ինձ նորից սկսեց ձգել սահմանը. գուցե ինչ-որ մեկն այս ընթացքում կարիքս ուներ… Մտածում էի՝ հիմա կգնամ տուն, կլողանամ, կպառկեմ, գլուխս կդնեմ բարձին, իսկ այնտեղ՝ մարտադաշտում, գուցե վիրավոր երեխեք ունենք… մինչև տեղ հասնելս հեկեկում էի:

ԱՐՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ…Այսօր մի քիչ ուրախ եմ. երեկ մի մեծ քար ընկավ սրտիցս: Հարցրեք՝ ինչո՞ւ: Երբ տեղափոխում էինք վիրավորներին, նրանց մեջ մի ծանր վիրավորում ստացած տղա կար: Ես էի առաջին օգնություն ցուցաբերել, բայց անունը չէի հարցրել. միայն ասես մեկն ասեր՝ «Հարցրու՝ որտեղացի՞ ես»: Ասաց. «Արմավիրցի եմ, Ախպարաշենից»: Այսօր տաքսու վարորդին խոսքի մեջ հարցրի. «Դուք որտեղացի՞ եք», ասաց՝ «Ախպարաշենցի»: Անմիջապես հարցրի՝ «Էսպիսի մի զինվոր ենք բերել, կարո՞ղ եք ճշտել՝ ո՞ղջ է»: Ասաց. «Ճշտելու կարիք չկա. մեր հարևանի տղան է: Վիրահատել են ոտքը, վիճակը շատ լավ է»: Տղայի համարը ճշտեցի, զանգեցի. «Վա՜յ, մեռնեմ ջանիդ, դու գիտե՞ս՝ ես ով եմ»: Ասաց՝ «Շատ ծանոթ է ձեր ձայնը»: «Քո կյանքն եմ փրկել, վիրակապ եմ դրել, բալե՛ս»,- լացում էի: «Մորքո՛ւր ջան, մի՛ լացի: Ամեն ինչ լավ է»: Ասում եմ՝ «Չէ՛, բալե՛ս, էս ուրախության արցունքներ են… Մնացածը ո՞նց են»: «Բոլորս լավ ենք, բոլորս էստեղ ենք, իրար հետ»:

Հիմա սպասում եմ արձակման այս մի քանի օրն անցնի, որ կրկին ջոկատով գնանք: Մեր հայ ազգը մեզ համար ուրիշ է,- ասում է Դիլբարը, ում ամեն խոսքը ոչ թե լսում, այլ զգում եմ: Նույն հող ու ջրի մարդիկ ենք: Իմ ընկերները բոլորը հայ են, հայերի հետ դպրոց եմ գնացել, ուսանող ենք եղել: Այդ նկարում, որ ադրբեջանցիները տարածում են՝ մի կողքիս Էդոն է, մեր եզդի ընկերը, որ կյանքս փրկեց հրետակոծության ընթացքում,  մյուս կողմում՝ մեր հայ տղան է: Կարծում եմ՝ վաստակել եմ մեր տղաների հարգանքն ու ջերմությունը: Անընդհատ զանգում են, հարցնում են՝ ո՞նց եմ: Երեկ մեկը ծաղկեփնջով եկավ մեր տուն՝ իր աչքով համոզվելու, որ ողջ եմ: Նրան ասել էին, թե զոհվել եմ: Լացում էր ուրախությունից… Ես այսօր արդեն հազար տղա ունեմ, որոնց գտա մարտի դաշտում, հարազատ եղբայրներ, հայրեր: Կկռվենք մինչև վերջնական հաղթանակ:

Ջոկատի հրամանատարը

ԱՐՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-Արցախյան պատերազմի մասնակից եք,- մեր զրույցն սկսում եմ Քյարամ Սլոյանի անվան  ջոկատի հրամանատար Ռզգո Սարհանգյանի հետ:

-Ինչ-որ փոքրիկ լումա էլ ես եմ ներդրել, այո՛,- համեստորեն ասում է փորձառու հրամանատարը: Եթե մարտական որոշակի փորձառություն չունենայի, մեր ջոկատը ողջ ու առողջ չէր վերադառնա այսօր: Ամսի մեկին ենք դուրս եկել զենքով-զինամթերքով: Կարևոր ու դժվար խնդիր էինք կատարում սահմանի՝ մեզ վստահված հատվածում: Ջոկատի ստեղծման գաղափարը մեր սրբատեղին կառուցած երջանկահիշատակ բարերարի՝ Միրզա Սլոյանինն էր: Նրա գործը այժմ շարունակում է ավագ որդին՝ Ռոման Սլոյանը: Անմիջական կապի մեջ ենք մեր պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ: Մեր գործողություններին լավ տեղյակ է  զինվորական ղեկավարությունը. մեր դիտորդների ճշգրիտ տվյալներով՝ հրետանին դիպուկ կրակ էր վարում:  Որպես պարգև՝ հինգ օրով արձակում ենք ստացել: Որոշակի կազմակերպչական աշխատանքներ կատարելուց հետո էլի կմեկնենք առաջնագիծ:

Հայաստանը մեր հայրենիքն է: Մենք այստեղ է, որ ճանաչել ենք ինքներս մեզ, վերագտել մեր ինքնությունը: Հայաստանի հողն ու ջուրն է մեզ օգնել: Սա ասում եմ ի սրտե: Այս հողը իմ ծնողն է: Ցեղասպանություն տեսած մեր ժողովուրդը Հայաստանում է գտել  ինքն իրեն. լույս է սփռվել մեր ազգի ապագայի վրա: Իսկ հիմա մեր դեմ ելած ցեղասպան թուրքը փորձում է մեզ վրա «ահաբեկիչի» պիտակ կպցնել: Հայրենիքը մեր երկու ազգերի բարեկամությունը հավերժացնող հուշակոթողներն են, մեր եկեղեցիները: Մենք մեր կյանքով ենք պարտական այս հողին. ոնց ուզում եք ընդունեք: Անկեղծ եմ ասում ու խնդրում եմ, որ բոլոր բառերս հենց այսպես էլ փոխանցեք թղթին: 1915 թվին թուրքական յաթաղանը հիմա նորից ուզում են փայլեցնել մեր գլխին, բայց թույլ չե՛նք տալու:

ԱՐՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆՌուստամ Բաքոյան. ԱԺ պատգամավոր

Պարոն Բաքոյան, ի՞նչ կասեք այս պատերազմի յուրահատկության մասին: Ի՞նչ նոր մարտահրավեր է սա մեր ազգերին, մեր պետությանը:

-Մենք՝ որպես արարող ազգերի ներկայացուցիչներ, միշտ էլ խաղաղություն ենք ուզում, բայց այն ագրեսիան, որ Թուրքիան, Ադրբեջանն ու վարձկան ահաբեկիչները եռագլուխ վիշապի տեսքով սկսել են մեր դեմ, մեզ այլընտրանք չի թողնում. մեր միակ ճանապարհը մեզ պարտադրված այս պատերազմում հաղթելն է: Սա հայրենական պատերազմ է, գոյության պատերազմ, և մենք պիտի հաղթենք, հակառակը մեր տեսակի վերացումն է, որը մենք չենք էլ քննարկում՝ որպես տարբերակ:  Մենք՝ եզդիներս, որպես ՀՀ քաղաքացի, կատարում ենք պետության նկատմամբ մեր պարտքը: Պատերազմը ազգություն չի հարցնում, հետևաբար, բոլորս պետք է պայքարենք և մեր արյան գնով, բայց պետք է պահենք մեր հայրենիքը:

Ադրբեջանցիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ հանդիսացող եզդիներին փորձում են հայկական բանակում կռվող վարձկաններ որակել:

-Հարցն այն է, թե ո՞վ է այդպես խոսողը: Երբ պատերազմական այս օրերին աշխարհին հայտնի դարձավ, որ Լիբիայից, Սիրիայից ու արդեն նաև՝ Աֆղանստանից ու Պակիստանից ահաբեկչական խմբավորումներ կան Ադրբեջանում, Թուրքիան և Ադրբեջանը որպես հակակշիռ պետք է բացեին իրենց ստերի տոպրակը՝ հայկական կողմի՛ն փորձելով ներկայացնել որպես իրավախախտ: Եվ որոշեցին եզդի ժողովրդին ներկայացնել որպես ահաբեկիչների:

 –Այս օրերին նորից ու նորից տեսնում ենք «թուրքական ձեռագիրը»:

-Այս թափթփուկը, որ հիմա մեր դեմ կռվում է, իրականում ահաբեկիչներից է կազմված: Մի օր նրանք պատասխան են տալու միջազգային դատարանի առջև:

Ինչպե՞ս  է տղաների տրամադրվածությունը սահմանին: Անընդհատ այցելում եք, շփվում եք հետները:

– Ժպիտով, երգով են կռվում մեր տղաները: Մարտական բարձր ոգի ունեն ու պատրաստականություն: Փայլուն են մեր տղաների համատեղ սխրանքները. եղբայրական ու շատ ջերմ հարաբերություններ են ստեղծված:

Պարոն Բաքոյան, ի՞նչ գնահատական կտաք այսօր Արցախում կռվող մեր եզդի եղբայրների առաքելությանը:

-Գերազանց: Բոլորն անխտիր առաջնագիծ մեկնելու իրենց պատրաստակամությունն են հայտնում, մեկնում են և պատերազմի առաջին իսկ օրվանից պաշտպանում մեր հայրենիքի սահմանները: Ես ուզում եմ կոչով դիմել ոչ միայն իմ ազգակիցներին, այլև բոլոր իմ ընկերներին: Սա գոյության պայքար է, հայրենական պատերազմ է: Ի վերջո՝ պետք է հաղթանակով վերջակետ դնենք այս պատերազմին և սրանով մեկընդմիշտ լուծենք Արցախյան հիմնախնդիրը: Մեր միակ ճանապարհն այս պահին անդամագրվելն է մեր բանակին, սահմանին կանգնելը, կռվելը: Հաղթելո՛ւ ենք միասին:

 

Հերոս Քյարամի ընտանիքը՝  կրկին  կյանքի համար պայքարի առաջնագծում

Պատերազմի առաջին իսկ օրը եզդիների ջոկատին անդամագրվելու պատրաստակամություն հայտնեցին նաև Ապրիլյան պատերազմի հերոս զինվոր Քյարամ Սլոյանի եղբայրները՝ Համիկն ու վերջերս զորացրված Հրաչյան: Տիկին Նվարդը որդիների որոշմանը լիակատար ըմբռնումով մոտեցավ, ավելին՝ իր օրհնությունը տվեց ու ինքն էլ գնաց նրանց ճանապարհելու

-Գուցե ուրիշ մեկը իմ փոխարեն փորձեր չուղարկել որդուն,- ասում է Նվարդը,-բայց տղաներին փեշերի տակ պահելու ժամանակը չէ: Սա պատերազմն է մեր հող ու ջրի համար: Երկու տղաներս՝ երկու եղբայր, ելան, որ գնան: Զինկոմիսարիատում Համիկը եղբորը սկսեց համոզել, որ ինքը մենակ գնա: Հրաչոն չէր համաձայնում. «Իրար հետ պիտի գնանք»: Առավոտյան Հրաչս քնած էր դեռ, Համիկս շուտ վեր կացավ, գնացինք, աղոթք արեցինք մեր եկեղեցում, նրան ճանապարհեցի ջոկատի տղաների  մոտ: «Համի՛կ ջան, բայց եղբորդ հետ չխոսեցիր, կնեղանա»: Զանգել ու ասել էր. «Ախպե՛ր ջան, դու հիմա մամային պետք ես. իրեն քեզ եմ թողնում: Կարիք լինի՝ կգաս»:

Սա մեր հողն ու ջուրն է. ես չգնամ, դու չգնաս, մյուսը չգնա, ո՞նց կլինի: Մեր էրեխեքի արյունն է թափվել էդ հողի վրա, հո չե՞նք ուրանալու,- իր խոսքն այսպես է ավարտում հերոս Քյարամ Սլոյանի հերոսուհի մայրիկը:- Վաղը Համիկս կռվից գալիս է: Քիչ հանգստանան, էլի են գնալու ջոկատով:

ԱՐՅԱՄԲ ԿՆՔՎԱԾ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆՀաջորդ օրը խոսեցինք նաև ռազմադաշտից վերադարձած, հերթափոխը հանձնած Համիկի հետ:

Բարի գալուստ, Համի՜կ ջան, ո՞նց ես: Ի՞նչ մտածմունքներով գնացիր, ինչո՞վ ես եկել:

-Շատ լավ եմ: Մեր ջոկատում հայ տղերք էլ կային. իրար կողքի պինդ կանգնած էինք:  Շատ լավ հրամանատար ունենք: Ուժեղ, գիտակ մարդ է Ռզգո Սարհանգյանը: Եղբոր հետ Արցախյան պատերազմին էլ է մասնակցել: Նա այս օրերին հստակ ու ճշգրիտ կազմակերպեց մեր ջոկատի գործողությունները: Ամենավտանգավոր դիրքում մեր ջոկատի տղաներով հերթապահություն են անցկացրել:

Մայրդ ոչ միայն չփորձեց կանգնեցնել, այլև ըմբռնումով մոտեցավ քո ռազմադաշտ գնալու որոշմանը:

– Մայրս է ինձ ճանապարհել, իր օրհնությունը տվել: Աստված չանի, բայց  եթե բանը դրան հասավ, իհարկե,  եղբայրս էլ պիտի գա, հորեղբորս տղաները՝ նույնպես: Չկա նման բան՝ տնից մի տղա գնաց, մյուսը չպիտի գնա: Պետք լինի՝ բոլորս ենք գնալու: Հիմա մեր մյուս ջոկատն է գնացել, եթե կարիք եղավ, ժամկետից շուտ էլ ենք պատրաստ գնալ՝ նրանց փոխարինելու կամ կողքներին կանգնելու:

Ի՞նչ եք հասցրել անել ռազմի դաշտում այս օրերին:

– Սա դեմ առ դեմ կռիվ չէ. հրետանու կռիվ է: Հայկական կողմից արձակված երեք կրակոցը նրանց ավելի մեծ վնաս է հասցնում, քան նրանց մեր կողմն ուղարկած հազարը: Այն, ինչ մեզ էր վստահված, արել ենք, ինչպես կարգն է. ռմբահարությունների տակ զգոն  մեր գիծը պահել ենք…

Երբ մերոնցից մեկը զոհվում է, դա ոչ թե վախ է առաջացնում մեր մեջ, այլ՝ վրեժի կրակ: Վտանգի մասին ընդհանրապես չես մտածում: Հասկանում ես, որ մահը միշտ էլ կա, ու որ ամենապատվաբերը հենց հողդ պահելիս մեռնելն է: Այս հողը հնարավոր չի նրանց տալ. մեր տղերքի արյունն է ամեն բուռ հողում:

Երբ տուն եկա, մորուքս բավականին երկարել էր: Քյարամս մի տասը վայրկյան նայում էր, հետո իր սովորական՝ «պապայի» փոխարեն «Համո՜» ասեց ու գիրկս ընկավ: Հենց հանուն նրա, հանուն մեր բոլոր երեխաների անվտանգության պիտի գնանք, կռվենք ու հաղթե՛նք:

 

Քնար Թադևոսյան

Խորագիր՝ #43 (1363) 28.10.2020 – 03.11.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/10/2020