Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓՈԽԵՑ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՈՒՂԻՆ»



«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓՈԽԵՑ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՈՒՂԻՆ»Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ ԳԵՂԱՄ ԷԴԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

 

Գեղամ Գաբրիելյանը ծառայության է անցել 1994 թվականին, 17 տարեկանում՝ դեռ դպրոցը չավարտած: Սկզբում եռամսյա զինվորական դասընթացներ է անցել նոր կազմավորված վաշտի կազմում, այնուհետև, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ցուցումով, ևս 3 ամիս շարունակել է  կատարելագործել գիտելիքները զինվորական դասընթացներում:

-Մայիսի վերջին մեզ 7 օր արձակուրդ տվեցին, որպեսզի 10-րդ դասարանի ավարտական քննությունները հանձնենք: Պատերազմը փոխեց մեր երազանքների ուղին: Այն ժամանակ չէինք էլ մտածում, որ զինվորականից բացի ուրիշ մասնագիտություն էլ կա: 1994 թ. սեպտեմբերի 2-ին ինձ շնորհվեց լեյտենանտի զինվորական կոչում,- իր հարցազրույցներից մեկում ասել է հրամանատարը:

Գնդապետ Գաբրիելյանը եղել է վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ: Ավարտել է ՌԴ համազորային ակադեմիան: Եղել է լեգենդար Մոնթե Մելքոնյանի կազմավորած զորամասի հրամանատարը:

Մեկ անգամ չէ, որ նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները կանխել են թշնամու դիվերսիոն հետախուզական փորձերը՝ կորուստներ պատճառելով հարկադրել նրանց լեղապատառ փախչել:

«Զինուժ» մեդիայի» լրագրող Ալիս Ալավերդյանի հետ իր վերջին հարցազրույցում հերոս հրամանատարն ասել է. «Որքան էլ զինված լինենք գերժամանակակից զինատեսակներով, այնուհանդերձ, վճռորոշ դեր է խաղում մարդկային գործոնը՝ զինվորի պատրաստվածությունը, հավատը սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ: Ես ուզում եմ, որ գնահատենք մեր զինվորին: Ինչպես իրենց հայրերն ու եղբայրներն էին կռվում մեր հողի համար, այդ նույն ոգով էլ նրանք են ծառայում՝ պատրաստ կատարելու ամենաբարդ առաջադրանքը: Մեր զինվորներն իրենց պատրաստվածությամբ, մարտունակությամբ չեն զիջում նույնիսկ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվորներին, ինչն ապացուցում են ամենօրյա ծառայության ընթացքում: Մեր զինվորը կատարյալ է տիրապետում ցանկացած ռազմական տեխնիկայի՝ լինի տանկ, հրետանի, թե հակաօդային պաշտպանության միջոցներ… Զինադադարը, ցավոք, խաղաղություն չէ, պարզապես պատերազմող կողմերի միջև ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու փոխադարձ համաձայնություն է: Թշնամին էլի նույն թշնամին է՝ նենգ ու դավադիր, որը պարբերաբար խախտում է հրադադարի պայմանավորվածությունը շփման գծի այս կամ այն հատվածում»:

Գնդապետ Գաբրիելյանին միշտ էլ հաջողվել է համախմբել և ճիշտ ուղղությամբ առաջնորդել իրեն վստահված անձնակազմը: Նրա ղեկավարման մեթոդները, խնդիրները բացահայտելու, դրանց լուծումը գտնելու արդյունավետ ձևերը հանգեցրել են գերազանց արդյունքների: Եվ պատահական չէ, որ երեք տարի անընդմեջ (2013-2015 թթ.) ճանաչվել է լավագույնը միավորման կազմում: Հատկապես մարտական հերթապահություն կատարող զորամասում բացառվում է նման փայլուն հաջողությունների հասնել առանց  բարձր կարգապահության ու մասնագիտական գերազանց պատրաստվածության եւ իհարկե՝ մարտական առաջադրանքի կատարման լուրջ գիտակցման:

Լավ հիշում եմ 2017 թվականի իմ հանդիպումը զորամասի հրամանատարի հետ: Նրա աշխատասենյակում էինք:

Հեռախոսազանգերը չէին լռում. ծառայությունների պետերը, մարտական հերթափոխի պատրաստվող ստորաբաժանումների հրամանատարները նախնական կարգադրություններ էին ստանում: Զորամասի ամեն շարժին քաջատեղյակ հրամանատարը  հերթով լսում  էր   ներսուդուրս անող փոխհրամանատարների զեկույցները, հանձնարարականներ էր տալիս… Իսկ շարահրապարակում աշխույժ եռուզեռ էր: Մարտական հերթափոխի պատրաստվող ստորաբաժանումները շարային ստուգատես էին անցնում եւ վերջին ցուցումները ստանում իրենց անմիջական հրամանատարներից:

-Վաղը տղաները կբարձրանան դիրքեր՝ փոխարինելու իրենց մարտական ընկերներին: Մարտական հերթափոխի ենք պատրաստվում, քիթ սրբելու ժամանակ չունենք: Մարտական առաջադրանք կատարող զորամասում ծանրաբեռնվածության պակաս չի զգացվում: Ուրիշ կերպ նկատելի արդյունքի չես հասնի: Զորամասը վերջին տարիներին իսկապես լուրջ հաջողություններ ունեցավ բացառապես մեր զինվորի ու սպայի տքնաջան և նվիրված ծառայության շնորհիվ՝ մարտական ծառայությանը, իրենց պարտականություններին  գիտակցաբար մոտենալու, հրամանները ստեղծագործաբար կատարելու շնորհիվ: Լավագույնների մեջ լավագույնն ենք  ճանաչվել,  որովհետև մեր զինծառայողները առաջադրանքները կատարում են չխնայելով իրենց ուժերը: Մեր զինվորն ու սերժանտը, ենթասպան ու սպան գիտեն հաջողության հասնելու եւ հաղթելու բանաձևը՝ հաղթում է նա, ով իրեն չի խնայում,- ասաց հրամանատարը, որի խոսքը շաղախված էր անթաքույց սիրով ու հարգանքով ծառայության դժվարություններն իրենց ուսերին կրող զինվորի ու սպայի նկատմամբ:

-Ամենակարևորը՝ ԶՈՐՔԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ԲԱՐՁՐ Է: Անձնակազմը մարտունակ է, համալրված ժամանակակից զինատեսակներով: Հակառակորդի ցանկացած ոտնձգության կհետևի խորտակիչ հակահարված: Նման անպատասխանատու փորձը թշնամու գլխին կատարյալ փորձանք կդառնա: Կարող եմ հպարտորեն ասել, որ ունենք համարձակ, քաջ, հերոսանալու պատրաստ զինվորներ ու սպաներ: Հաղթում է նա, ով չի վախենում ծառայության ծանրաբեռնվածությունից, ով չի խնայում իրեն,- վստահեցրեց հրամանատարը:

Աներկբա էր իր զորքի ուժն ու ոգին ճանաչող, իր զինվորին անվերապահ վստահող փորձառու գնդապետի խոսքը: Միայն իր զորքի զորությունն իմացող զինվորականից կարող ես լսել այսքան հուսադրող ու հաղթական վստահություն ներշնչող խոսքեր…

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #44 (1364) 4.11.2020 - 10.11.2020, Ազգային բանակ, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


23/10/2020