Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՎՈՒՇՑԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ



ՏԱՎՈՒՇՑԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՀայրենիքի սահմաններն ամուր պահելու պատրաստակամությամբ ու մարտական տրամադրությամբ տավուշցիներից կազմված համայնքային կամավորական ջոկատները պատրաստվում են մեկնել արցախյան ռազմաճակատ: Իսկ մինչ ռազմաճակատ մեկնելը զորավարժարաններից մեկում կամավորականները զինվորական գիտելիքներն են վերհիշում, հմտությունները հղկում, թե որ իրավիճակում մարտավարական ինչ հնարքներով և ինչպես պետք է գործել:

Միասնական ուժերով պետք է հաղթել թշնամուն: Այս գաղափարի շուրջ են համախմբվել բոլորը՝ քաջ գիտակցելով, որ օրհասական այս պահին մեկ բռունցք դարձած պետք է պայքարել հանուն ներկա ու գալիք սերունդների խաղաղ ապագայի, հանուն պատմական արդարության հաղթանակի:

Կամավորականների շարքերում քիչ չեն արտերկրից վերադարձած տավուշցիները: Հայրենիքի կանչով ու վարչապետի մարտակոչով Ժորան ու Արգամը առանց երկմտելու, վայրկյան անգամ չմտածելով, Ռուսաստանից Հայրենիք են վերադարձել:

ՏԱՎՈՒՇՑԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ-Տեսնելով, թե ինչ է կատարվում Արցախում, անմիջապես տոմս գնեցի ու վերադարձա, որ իմ բաժին կռիվը տամ,- ասում է Ժորան:

-Վարչապետի կոչը լսելով՝ վերադարձա Հայրենիք, որ գնամ ռազմաճակատ: Ամեն գնով պաշտպանելու ենք մեր հողը՝ ոչ մի քայլ ետ սկզբունքով: Հարյուր տոկոսով հաղթելու ենք,- ընկերոջ խոսքն է շարունակում Արգամը:

Գրեթե բոլորը սահմանամերձ համայնքներից են, շատերն էլ մեկ անգամ արդեն անցել են պատերազմի բովով. քաջածանոթ են թշնամու տեսակին ու վարքագծին, փորձառուների խոսքով՝ թշնամու ուղնուծուծը լավ գիտեն:

Կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը Վահրամ Շարոյանն է՝ Հաղթանակ գյուղի վարչական ղեկավարը: 90-ականների Արցախյան պատերազմում հորն է կորցրել, տարիներ առաջ էլ մարտական խնդիր կատարելիս առաջնագծում եղբայրն է զոհվել:

ՏԱՎՈՒՇՑԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ-Այն, ինչ գծված է արյամբ, ջնջել հնարավոր չէ: Գնում ենք մեր զոհված ընկերների, եղբայրների ու հարազատների կիսատ թողած գործը  հաղթական ավարտին հասցնելու: Բոլորս էլ տրամադրված են վճռական: Հաղթելու ենք, այլ տարբերակ չկա,- վստահեցնում է հրամանատարը:

-Հաղթելո՛ւ ենք, հաղթանակը մե՛րն է լինելու,-այս ու այն կողմից գոչում են կամավորականները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուս.՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Խորագիր՝ #44 (1364) 4.11.2020 - 10.11.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


02/11/2020