ՄԵՆՔ ԷԼ ԹԻԿՈՒՆՔՆ ԵՆՔ ԱՄՈՒՐ ՊԱՀՈՒՄ…
Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի դպրոցը վերածվել է մի յուրօրինակ արտադրամասի: Զբոսաշրջության ոլորտում աշխատող, մասնագիտությամբ հաշվապահ Ռուզաննա Խաչատրյանն ասում է.
-Անընդհատ մտմտում էինք՝ ինչպես զորավիգ լինենք բանակին: Հեռուստացույցով տեսնելով, թե ինչպես են կամավորները քողարկիչ ցանցեր գործում, որոշեցինք մենք էլ այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ՝ ներքնակներ կարել, ցանցեր հյուսել:
-Մեզ միացան ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ աշակերտները, ե՛ւ ծնողները, գյուղում մեծից փոքր ամեն մեկը փորձում է իր ուժերի ներածին չափով օգնել, սատարել բանակին,- հավելում է դպրոցի տնօրեն Մարինե Ղազարյանը:- Նույնիսկ նեղանում են, երբ մեկին մոռանում ենք ներգրավել:
Ու թեպետ դպրոցական արձակուրդներ են, կրթօջախում աշխատանքը եռում է. մեկը կտրում է, մեկը կարում, մյուսն էլ՝ եղածը տեսակավորում ու դասավորում:
Վեցերորդ դասարանցի Մանեն ոտքի տակ աթոռ է տեղադրում, որ ցանցի վերեւի հատվածը հյուսի, այնպես արագ ու ամուր է հյուսում, այնպես վարպետորեն: Մանեի եղբայրը՝ Մասիսը, ճակատում է:
-Հովհաննես եղբայրս էլ Ապրիլյան պատերազմի մասնակից է: Այն ժամանակ քաղցրավենիք, ծխախոտ ուղարկեցինք մեր զինվորներին: Սահմանին կանգնած բոլոր զինվորներն էլ մեր եղբայրներն են՝ հարազատ ու թանկ:
Տիկին Սուսաննայի էլ եղբորորդին է առաջնագծում՝ Սարգիս Հարթենյանը, պայմանագրային զինծառայող է:
-Ամեն գործ անելիս մտքիս անվերջ մեր պաշտպաններն են, աղոթքը շուրթիս է՝ Տե՛ր, պահապան եղիր…
-Իմ հորեղբայրը՝ Ազատը, իր կյանքը նվիրաբերեց հայրենիքին, 29 տարեկան էր, կամավոր էր գնացել, մեր գյուղից երկու զոհ ունենք,- հուզմունքը թաքցնելով՝ ասում է Գոհարը:- Երազում եմ՝ պատերազմը շուտ վերջանա:
-Թող շուտ վերջանա ու մեր հաղթանակով,- Գոհարի խոսքն ավարտում է Արուսյակը, որի եղբայրը՝ Մելսիկը, եւս առաջնագծում է:
Գյուղում Արցախից տեղահանված ընտանիքներ են ժամանակավորապես հանգրվանել:
Ստեփանակերտցի Մելանյա Աբրահամյանը պատմում է, որ իրենց այստեղ առանձնակի ջերմությամբ են ընդունել, հարազատի սրտացավությամբ, ինքն էլ, ի նշան երախտագիտության, որոշել է՝ երբ ծննդավայրը խաղաղվի, բոլորին կհյուրընկալի չքնաղ Արցախում: Մելանյայի ամուսինը, տղան, աղջկա ամուսինը ռազմաճակատում են:
-Երբ տեղեկացանք, որ դպրոցում քողարկիչ ցանցեր են հյուսում, որոշեցինք մենք էլ մասնակից դառնալ, բանակին աջակցելու ամեն մի քայլը մոտեցնում է խաղաղությունը:
-Խաղաղությունից թանկ ոչինչ չկա,- աղջկա խոսքը լրացնում է Օֆելյա տատիկն ու դառնացած խոստովանում,- սա իմ կյանքի երրորդ պատերազմն է, առաջինի ժամանակ կորցրել եմ միակ որդուս՝ Արթուրիս… Թող ոչ մի ծնող չտեսնի այդ ցավը… Լույսը բացվելուն պես աղոթում եմ՝ հողը խաղաղ լինի, խաղաղ լինի մոր սիրտը, ու մեր այս գործած-կարածն էլ զինվորը օգտագործի խաղաղության մեջ: Հոգով-սրտով իրենց հետ ենք…
♦♦♦
Աշխատանքը եռում է, ամեն մեկը փորձում է արագ, որակով իր գործն անել՝ զինվորի համար է, և զինվորի նվիրումով ու պատասխանատվությամբ էլ առաջադրանքը կատարվում է:
Ալինա Մինասյանը գլուխը չի էլ բարձրացնում կարի մեքենայից. ամեն վայրկյանն էլ կարեւոր է. իրենց կատարած աշխատանքի արդյունքը ավելի շուտ կհասնի հայրենիքի պաշտպաններին, որոնց շարքերում նաեւ իր զավակն է՝ Հովհաննեսը: Ալինայի որդին վերջերս կռիվներից մեկի ժամանակ վիրավորվել էր, ապաքինվելուց հետո շտապել ճակատ:
-Մենք էլ այսպես ենք փորձում մեր բանակին օգտակար լինել: Իսկ հարկ եղած դեպքում՝ պատրաստ եմ միանալու հայրենիքի մեր քաջ պաշտպաններին,- Մարինե Ղազարյանն է, որի որդին՝ Մուշեղը, առաջին իսկ օրից կամավորագրվել է:- Հպարտանում եմ մեր որդիներով, նրանց անսահման քաջությամբ, հերոսականությամբ: Հայրենի հողի հանդեպ նրանց ինքնաբուխ նվիրումն անչափելի է, իսկական առյուծներ են: Որդիս թե կռիվների արանքում մեկ-մեկ հասցնում է զանգել, միշտ նույն հարցն է տալիս՝ մա՛մ, մարտական ոգին ինչպե՞ս է:
-Բարձր, տղա՛ս, ինչպես միշտ,- պատասխանում եմ զինվորի նման, զինվորավայել:- Մենք էլ թիկունքն ենք ամուր պահում:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
Խորագիր՝ #44 (1364) 4.11.2020 - 10.11.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում