ՉԾԵՐԱՑՈՂ ՍՊԱՍՈՒՄ…
…Սպասող մոր աչքերը դեռ նայում են նույն պատուհանից, նույն ճանապարհին, նույն դարպասին, որտեղից որդուն կռվի դաշտ ճանապարհեց։ Կնճիռների տակ է թաքցնում իր ցավերը Լիդա մայրիկը՝ սրտում դեռ չմարելով իր հույսը, որ որդին անպայման գալու է մի օր։ Արցախյան ազատամարտից մինչև մեր օրեր. միայն տարեթվերն են փոխվում, ցավը նույնն է մնում։
Լիդա մայրիկն այս պատերազմի ժամանակ էլ է որդուն սպասում, որ տուն գա խաղաղության հետ…
Հույսը որքա՜ն ցավ պատճառեց, սակայն վերապրումի լույս ներարկեց ծնողների հոգիներում…
Պատերազմը լռել չի սիրում, Աստված մի արասցե, գուցե կրկնվի։ Եվ կրկնվեց 2016-ին ու նորից նույն ճամփին նայելով սպասում էր՝ ցավը հոգում, խոնջացած ձեռքերը ծնկներին դրած, ուսը փոքր-ինչ թեքած ու դարպասի մոտ քարին նստած։
Արցախյան շարժումը Հակոբի համար ճանապարհ բացեց, հայրենիքի հանդեպ անսահման նվիրումը երիտասարդին մղեց մարտի դաշտ, չվախեցավ, բայց չվերադարձավ էլ… Ինքը պայքարում է մինչև օրս, ինքը դեռ ապրում է։ Իսկ ապրելու շունչը մայրն է զգում՝ ամեն Աստծո օր որդու նկարին նայելով։ Տեսնես՝ ինչ է մտքում շշնջում։ Որդու նկարի հետ մտերմիկ զրույցի է բռնվում ու պատմում է իր ցավերի մասին։
Մորը մնացին միայն սև ու սպիտակ նկարները, որոնք լուռ ու խոնարհ պահարանից հսկում են ամեն մի օրը։ Գուցե այսօր նա այստեղ լիներ ու ընտանիք ունենար, երեխաներ, ու… ծնողների սրտում սպի չլիներ: Բայց սա մնում է զուտ մեծ երազանք։ Երազանքները ապրող հատկություն ունեն։ Նրանք պայքարող են, եթե մարդու ոգին նույնպես պայքարում է…
Հակոբն այսօր մեզ հետ լինելու փոխարեն դեռ առաջնագծում է՝ թե ո՞ր առաջնագծում, մենք էլ չգիտենք… Երևի կյանքի և մահվան առաջնագծում…
Ամեն օր լվացքի պարանին մոտենալիս մայրը երանի է տալիս այն օրերին, երբ Հակոբի շորերն էր փռում-չորացնում, այնուհետև խնամքով հավաքում ու ծալում, սպասում որդու տունդարձին, որպեսզի նոր հագուստով նորից ռազմաճակատ ճանապարհի։
Բայց, վերջին անգամ… այդպես էլ մնաց… Չեկավ…
Որդու դեմքը դրոշմված է մոր աչքերում, ամեն քայլափոխի երանի է տալիս, որ որդին մի օր գա։ Սրտում ամբարած շատ բան ունի. կպատմի ամեն ինչ իր որդուն…
Պատերազմը լռել չի սիրում, սակայն Լիդա մայրիկի դեմքի կնճիռների տակ լռել ու… ձայն չի հանում. տարիների սպասումը չի թողնում, որ հաճախ դեմքին ժպիտ հայտնվի։ Նա իր որդուն տեսնել է ուզում…
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Խորագիր՝ #45 (1365) 11.11.2020 – 17.11.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում