ՇՈՒՇԻ, ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԲԵՐԴԱՔԱՂԱՔ
Հիմա քեզ նորից եմ նայում, Շուշի՛, մոխիրներից վեր հառնող փյունիկ։ Մի պահ թևերս բացում եմ ու ցանկանում եմ գրկել քեզ անպատմելի հպարտությամբ։ Շուշի՛, ուզում էին քեզ թևատե՞լ։ Չեն կարող, քանզի հողումդ ապրած ու հողիդ համար կյանք տվող հերոսներ ունես։ Քեզ պես անպարտելի են նրանք, անչափելի ուժով ու կեցվածքով։
Դու հզոր ես, իմ պաշտելի՛ Բերդաքաղաք, և քո առյուծածին պաշտպանները երբեք թույլ չեն տա, որ քոչվոր թշնամին տիրի քեզ: Քո երբեմնի փառքը վերականգնել ենք ժամանակին, որ ծաղկես, ավելի զորանաս ու ոսոխի դեմ ճերմակ կերպարովդ ելնես։
Պարիսպներից մինչև առաջնագիծ ընկած տարածությունը մոտ է, և քո հերոս, աննկուն պաշտպանները նայելով անառիկ պարսպիդ փողփողացող դրոշին՝ անթաքույց հպարտությամբ խոստանում են, որ հաղթելու են, և դու կանգուն ես լինելու հավերժ, Հայո՛ց բերդաքաղաք:
Գալիք հաղթանակի ակնկալիքով մենք խնկաբույր աղոթքներով ժամերն ենք հաշվում. պատերազմի ավարտի ժամերը, գալիք մոտալուտ հաղթանակի ժամերը։ Երկնի լազուր անհունը իր խորքում սեր ունի պահած, որ կտա քո պաշտպան զինվորին. հերոսապաշտ Արցախի երկինքն էլ է զինվորին սիրում…
Շուշիի ճերմակազգեստ եկեղեցիների զանգերը ղողանջում են, և կամարների ներքո աղավնիներ են թևածում` ավետելով վաղվա հաղթական ու խաղաղ օրը։ Քո շուրթերին ոգեշնչող աղոթք է, աչքերիդ մեջ` ապրելու կամք ու վճռականություն։
Շուշի՛, դու մերն ես, մենք՝ քոնը…
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ