Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՆոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «անհասկանալի համազգեստ» և «ձկնորսի համազգեստ» է որակել ՀՀ պաշտպանության նախարարի կրած համազգեստը, որով վերջինը ներկայացել էր խորհրդարան։

Պետական բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր այս պահվածքը, բացարձակ անընդունելի լինելուց բացի, նաև հետևանք է Անդրանիկ Քոչարյանի՝ պաշտպանական ոլորտին վերաբերող գիտելիքների ճչացող պակասի։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 16-ին խորհրդարան է ներկայացել համազգեստով, որի ձևն ու կրման կանոնները սահմանված են ՀՀ ՊՆ 24.12.2019 թ. 1694 հրամանով։ Այսինքն՝ դա ոչ միայն «անհասկանալի» համազգեստ չէ, այլև բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով հաստատված է պաշտպանական գերատեսչության կողմից, և սահմանված են դրա կրման կանոնները՝ բոլոր մանրուքներով։ Ու եթե ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, գոնե ի պաշտոնե, փորձեր հետաքրքրվել խնդրով, ապա կտեղեկացվեր, որ այդ համազգեստը շուրջ մեկ տարի է, ինչ կրում են ՊՆ քաղաքացիական ծառայողները։ Այսինքն՝ պարոն Քոչարյանը «ձկնորսի համազգեստ» արտահայտությամբ, փաստացի, վիրավորել է պաշտպանության նախարարության համակարգի մի քանի հարյուր քաղաքացիական ծառայողների, որոնք ամեն օր պատվով կրում են այդ համազգեստը։

Ակնկալում ենք, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան բավարար խոհեմություն ու քաջություն կունենա և ներողություն կխնդրի երկրի պաշտպանական գերատեսչության բոլոր այն աշխատակիցներից, որոնք, իր բնորոշմամբ՝ «ձկնորսի համազգեստ» են կրում։

Խորագիր՝ Նորություններ


17/11/2020