ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց-մահու կռիվ տվեց։
Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի´ համապատասխանում։
Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես՝ նշել եմ, որ.
- Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար, այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:
- Տրված առաջարկը անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը:
- Այդ ժամանակ բարձրացվեց նաև հարյուր հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:
Ինչևէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել, և սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ և զինտեխնիկա: Ցավոք, նաև մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:
Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում, այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում, մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամներ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում:
Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են, և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստելու բանակցային սեղանի շուրջ:
Բոլորիս համար շատ ծանր պայմաններով համաձայնագիրն ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը:
Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…
Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը և պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. Պե´տք է համախմբվել, արագ վերականգնվել և պատրաստվել պայքարը շարունակելուն:
Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար:
Խոնարհում եմ գլուխս բոլոր նահատակների հիշատակի և նրանց հարազատների առջև: Մեզ պարտադրվեց շատ դաժան պատերազմ, և անհավասար պայքարում Հայ զինվորն ու սպան ցույց տվեցին մինչև վերջ կռվելու վճռականություն ու բարոյակամային ամենաբարձր որակներ:
Սա իսկական Հերոսամարտ և Գոյամարտ էր… Հայոց ազգը կարող է հպարտանալ իր զինվորով, սպայով ու գեներալով:
Զինակի´ց ընկերներ
Չպետք է հուսահատվենք ու պետք է շարունակենք մեր հայրենյաց սահմանների պաշտպանությունը, լրջորեն վերլուծենք և անենք հետևություններ, վերակառուցելով հայոց բանակը` բարձրացնենք նրա մարտունակությունը:
Շնորհակալ եմ անձնվեր ծառայության համար: Բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ անշեղորեն իրականացնենք մեր առջև դրված մարտական խնդիրների կատարումը, մեր միասնականությամբ ու անկոտրում կամքով արժանի լինենք մեր զինակից ընկերների ու սրբացած նահատակների նվիրումին:
Խորագիր՝ #46 (1366) 18.11.2020 – 24.11.2020, Նորություններ, Ուշադրության կենտրոնում