ՓԱՐԻԶԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՐԿՆԵԼ ԼԻԲԻԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ
Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի հաստատմանն են ներկայացրել մի օրինագիծ, որն արգելում է թռիչքների իրականացումը Սիրիայի օդային տարածքում: Այն կարող է քվերակության ներկայացվել արդեն եկող շաբաթ և ոչ միայն ԱՄՆ-ն ու Ճապոնիան, այլև մի շարք արաբական պետություններ ցանկանում են հանդես գալ որպես օրինագծի համահեղինակներ:
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ արդեն շատ ուշ է Սիրիայում բարեփոխումներ իրականացնելը և հարկ է երկրի ընդիմության հետ մշակել երկրի ապագայի ծրագրերը, եւ միջազգային հանրության հետ ձեռնարկել անհրաժեշտ քայլերի, որպիսիք են Սիիրիայի օդային տարածքում թռիչքների արգելումն ու սիրիաթուրքական սահմանին բուֆերային գոտու ստեղծումը, բայց և հստակեցրել է, որ արտաքին միջամտությունը հնարավոր է միայն ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշման դեպքում:
Միաժամանակ Արաբական պետությունների լիգան մերժել է Սիրիայում դիտորդների տեղաբաշխման վերաբերյալ Դամասկոսի առաջարկած ուղղումները, պնդելով, թե դրանք էապես ձևափոխում են դիտորդական առաքելության նպատակներն ու բովանդակությունը, և լիգայի կողմից սկզբնապես առաջարկված տարբերակը ենթակա չէ որևէ քննարկման:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ իր հերթին վերստին հայտարարել է, որ Սիրիայի նկատմամբ հարձակումը հղի է սարսափելի հետևանքներով, և եթե արևմտյան պետությունների առաջնորդներն ունեն բանականություն ու տրամաբանություն, ապա չպիտի դիմեն նման քայլի, քանի որ այն կապակայունացնի ողջ տարածաշրջանի իրավիճակը: Արաբական պետությունների լիգայի ներկայացրած վերջնագրի ժամկետի լրանալուց մի քանի ժամ առաջ, հարցազրույց տալով բրիտանական թերթին, Ասադը հավաստիացրել է, որ օտարերկրյա ներխուժման դեպքում կպայքարի մինչև վերջ, իսկ Սիրիայի իրավապահ մարմինները կշարունակեն հետապնդել ու զինաթափել անօրինական զինված խմբավորումներին և բոլորին պարտադրել պահպանել օրենքն ու կարգուկանոնը:
Իր հերթին, սիրիական ընդիմությունն օրեցօր դիմում է ավելի վճռական քայլերի, որոնցից վերջինը ղեկավարող ԲԱԱՍ կուսակցության` Դամասկոսում գտնվող շենքին ընդիմության զինված թևի նռնականետներից հասցրած հարվածներն են:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական