ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԱՐՀԵՍՏԻ ԱՐՔԱՆԵՐԸ
Զրույց իրանահայ երգիչ ՀԱՆՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հանրի, Նախքան խաղաղ օրերի ռիթմին, խաղաղ օրերի զրույցին վերադառնալը, նախ՝ ասեք, թե ինչպե՞ս անցաք այս պատերազմը և ի՞նչ մտորումներ ունեք դրա շուրջ:
-Ես Հայաստանում էի պատերազմի ժամանակ: Ով ինչպես յուրաքանչյուր հայ, մեծ ակնկալիքներ ունեի այս կռվից, մտածում էի, որ մեր հաղթանակը վերջնականապես կլուծի Արցախի կարգավիճակի հարցը, կհաստատի կայուն խաղաղություն: Այն, ինչ եղավ, անսպասելի էր բոլորիս համար ու մեծ ցավ էր: Բայց մենք կատարվածը շտկելու հնարավարություն ունենք: Աշխարհի պատմությունը վկայում է, որ կապիտուլյացիայի ենթարկված, պարտված շատ երկրներ կարողացել են ոտքի կանգնել, հզորանալ, գիտության, տնտեսության, մշակույթի ոլորտի հաղթանակներով ամրագրել քաղաքական հաղթանակներ: Մենք պետք է թոթափենք հուսահատությունը, հասկանանք մեր սխալները, դրանք այլևս չկրկնելու վճռականությամբ առաջ շարժվենք:
-Ես Ձեր կատարումները լսեցի համացանցում։ Դրանք հայկական ժողովրդական երգերի և ռոմանսների բոլորովին նոր մեկնաբանություն էին՝ օպերային երգեցողության երանգներով, դասական հնչողությամբ, և ինձ շատ դուր եկան։ Հետո պարզեցի, որ Դուք և Ձեր կինը 17 տարի երգել եք Թեհրանի հայկական «Արարատ» և «Սևան» երգչախմբերում, այնուհետև հանդես եք եկել մենահամերգով կամ դուետով։ Նախքան Ձեր գործունեությանն անդրադառնալը, ես ուզում եմ զրույցն սկսել ավանդական հարցով, որը միշտ տալիս եմ արտերկրում բնակվող հայերին՝ ինչո՞ւ և ինչպե՞ս Ձեր ընտանիքը հայտնվեց օտարության մեջ։
-Երևի պատասխանը միշտ նույնն է «ինչու» հարցին՝ ցեղասպանության պատճառով։
-Պատասխանը գրեթե միշտ նույնն է, բայց հանգամանքներն են տարբեր, ու հետաքրքիր է լսել Ձեր ընտանիքի պատմությունը։
-Մեր ընտանիքի մեծերը խնայել են կրտսերներին և մանրամասն չեն պատմել ցեղասպանության մասին։ Ես միայն գիտեմ, որ նախնիներս Վանում իրենց տունն են ունեցել, իրենց գործը, բայց ստիպված են եղել ամեն ինչ թողնել և փախչել Պարսկաստան։ Ես Թեհրանում եմ ծնվել։ Ընտանիքիս ավագ որդին եմ, մեկ քույր և մեկ եղբայր ունեմ։ Եղբայրս այժմ բնակվում է ԱՄՆ-ում, քույրս հայրենիք է վերադարձել։ …Դուք գործածեցիք օտարություն բառը, բայց ես մեծ երախտագիտությամբ պիտի ասեմ, որ Պարսկաստանում ինձ երբևէ օտարության մեջ չեմ զգացել։ Վստահ եմ՝ ոչ մի հայ իրեն օտար չի զգացել այդ երկրում։ Պարսիկները յուրահատուկ սեր ու հարգանք ունեն հայերի հանդեպ։ Նրանք հայերին կոչում են արվեստի ու արհեստի արքաներ։ Ու եթե պիտի ընտրություն անեն պարսիկի ու հայի միջև (որ բնագավառում էլ լինի), առանց տատանվելու նախապատվությունը տալիս են հային, ասելով, որ հայերն ավելի տաղանդավոր են, ավելի աշխատասեր։ Հայերը երբեք գործից չեն փախչում, և ինչ առաջադրանք էլ տաս, կատարում են առավելագույն հաջողությամբ։
Հայերը ահռելի դերակատարում են ունեցել Պարսկաստանի զարգացման և առաջընթացի գործում։ Իսկ պարսիկները հայերին փոխադարձել են շռայլորեն։ Իմ մանկության, պատանեկության տարիներին Թեհրանում բազմաթիվ հայկական դպրոցներ կային, մշակութային օջախներ, եկեղեցիներ։ Ամենը, ինչը պետք էր համայնքի բնականոն կյանքի ու ծաղկման համար։ Մենք՝ հայերս, Պարսկաստանում ազգային կրթություն էինք ստանում, մեր երեխաներին սովորեցնում էինք, որ իրենք աշխարհի ամենախելացի ու մշակութային ազգի զավակներն են։ Եվ պաշտում էինք մեր հայրենիքը։
-Այդ դեպքում, ինչո՞ւ պարսկահայ համայնքը ցրվեց աշխարհով մեկ, հայկական դպրոցների մեծ մասը փակվեց։
-Պատճառը հիմնականում Իրանա-իրաքյան պատերազմն էր։ Բացի այդ, հեղափոխությունը բերեց բազում դժվարություններ, տնտեսությունն սկսեց անկում ապրել, գործազրկության ծավալները մեծացան, և մարդիկ սկսեցին ապրուստ որոնել ավելի բարեկեցիկ երկրներում։ Երբ սկսվեց Իրանա-իրաքյան պատերազմը, ես մենեջմենթ էի ուսանում Ֆրանսիայում։ Ուսումս կիսատ թողած՝ վերադարձա Պարսկաստան՝ ընտանիքիս մոտ, և մասնագիտական կրթությունս շարունակեցի պարսկական համալսարանում: Ավարտելուց հետո աշխատանքի անցա «ABB» անվամբ հզոր էներգետիկ ձեռնարկությունում։
-Իսկ ինչպե՞ս պատահեց, որ սկսեցիք երգել «Արարատ» և «Սևան» երգչախմբերում։
-Ես բացարձակ լսողություն ունեի և մանկուց էի երգում։ Մորաքրոջ ամուսինը՝ Արթուր Սարգսյան անունով մի պատվական մարդ, առաջարկեց երգել «Արարատ» երգչախմբում։ Ես համաձայնեցի։ Կարճ ժամանակ անց դարձա երգչախմբի մենակատարը։
-Վարձատրվո՞ւմ էիք։
Ո՛չ, երգում էինք անվճար։ Համերգներից ստացված հասույթը տնօրինում էր «Արարատ» միությունը:
-17 տարի առանց վարձատրության երգե՞լ եք։
-Այո՛։ Եվ ոչ միայն ես, այլեւ բոլոր երգիչները և նվագողները։ «Սևան» երգչախումբը ղեկավարում էր Պարսկաստանի պետական երգչախմբի ղեկավար Գուրգեն Մովսիսյանը։ Նա մեծ երաժիշտ էր։ Երգչախումբն ուներ հրաշալի ձայներ և հարուստ ռեպերտուար։ Երգում էինք հայկական, եվրոպական և պարսկական երգեր հայ հանդիսատեսի առջև։ Մենք հիմնադրել ենք նաև «Նարեկ» համույթը, որը ղեկավարում էր ազգային գործիչ, հրաշալի երաժիշտ Տիգրան Սուքիասյանը: Ես համույթում երգեցի 7 տարի: «Նարեկը» իր համերգների ամբողջ հասույթը նվիրում էր բարեգործական ծրագրերի:
-Դուք երաժշտական կրթություն ունե՞ք։
-Ես երգեցողության մասնավոր դասեր եմ առել պարսիկ և ավստրիացի մասնագետներից։ Իսկ կնոջս՝ Շաքեի ուսուցչուհին եղել է Հասմիկ Հացագործյանը։ Ես Շաքեի հետ ծանոթացա երգչախմբում։ Հետագայում մենք սկսեցինք ելույթ ունենալ մենակ կամ երկուսով՝ դաշնամուրի նվագակցությամբ։ Մեր երգացանկում ընդգրկված են հայկական ռոմանսներ, եվրոպական երգեր և պարսկական ֆոլք։ Ի դեպ, պարսկական էթնո երգերը մշակել է մեծ երաժիշտ Ալֆրեդ Մարտոյանը։ Բազմաթիվ հայկական ազգանուններ կան, որոնք շատ թանկ են պարսիկների համար, որովհետև ահռելի գործ են արել պարսկական երաժշտությունը մաքրելու և պահպանելու համար, օրինակ՝ Ռուբեն Գրիգորյանը, Համբարձում Գրիգորյանը: Եվ մարդիկ չեն չափազանցնում, երբ ասում են, որ նրանք պարսիկների համար նույն գործն են արել, ինչ Կոմիտասը հայերի համար:
-Փաստորեն, Դուք և Ձեր կինը այսօր էլ շարունակում եք երաժշտական գործունեությունը։ Ապրիլին պիտի ելույթ ունենայիք Հայաստանում, սակայն կորոնավիրուսի պատճառով համերգը հետաձգվեց։
-Այո՛, մենք շարունակում ենք մեր գործունեությունը, բայց ոչ նախկին հաճախականությամբ։ Կյանքը Պարսկաստանում շատ է դժվարացել։ Նախկինում մեր համերգները հաճախակի էին ու մարդաշատ։ Կարողանում էինք դրամ վաստակել և մասնակցել բազմաթիվ բարեգործական միջոցառումների։
-Երբևէ Հայաստանում երգե՞լ եք։
-Իհարկե։ Առաջին անգամ ես ու Շաքեն երգեցինք «Նարեկացի» մշակութային կենտրոնում։ Երկրորդ անգամ՝ «Մոսկվայի տանը»։ Համերգին մասնակցում էր նաև Հասմիկ Հացագործյանը և կնոջս հետ դուետ երգեց։ Հայրենիքում մեզ միշտ շատ լավ են ընդունում։
-Ի՞նչ զգացիք հայրենիքում։ Հնարավո՞ր է, որ մի օր ընտանիքով վերադառնաք Հայաստան։
-Հայաստանում ես զգացի մի ուժեղ կապվածություն, ներքին հարմարավետություն, որ բառերով չեմ կարող նկարագրել։ Ես չեմ ուզում համեմատել Հայաստանը որևէ այլ երկրի, նույնիսկ՝ իմ ծննդավայր Պարսկաստանի հետ: Երբ դու հյուր ես գնում որևէ մեկի բարեկեցիկ, շքեղ դղյակը, արժանանում ես մեծ սիրո և հարգալի ընդունելության, այդուհանդերձ, որոշ ժամանակ անց ուզում ես վերադառնալ քո փոքրիկ հյուղակը, որտեղ գուցե ամեն ինչ շքեղ ու հարմարավետ չէ, բայց քոնն է։ Կինս շատ է սիրում Հայաստանը, իսկ տղաս՝ Թադեն, ուղղակի պաշտում է իր հայրենիքը։ Նա սովորում է Կոնսերվատորիայում ու ասում է, որ այլևս հայրենիքից ոչ մի տեղ չի գնա։ Երբ տղաս խոսի, դուք չեք հասկանա, որ նա պարսկահայ է։ Նա ինձ նման չի խոսում, թոթափել է պարսկահայի առոգանությունը և խոսում է երևանցի հասակակից տղաների պես։ Ի դեպ, ես Հայաստանի քաղաքացիություն ունեմ։ Ասելս այն է, որ անպայման կյանքիս մնացած մասը հայրենիքում եմ ապրելու։ Ես շատ ուրախ եմ, որ իմ տոհմածառը կշարունակվի Հայաստանում։ Ցեղասպանության ժամանակ իր ծննդավայրից արտաքսված, Պարսկաստանում մի քանի սերունդ ապրած իմ տոհմածառի շիվերից մեկն արմատ կձգի Հայաստանում։
-Հուսամ, որ շուտով կունկնդրեմ Ձեր և Ձեր կնոջ հրաշալի երգեցողությունը Հայաստանի համերգասրահներում։
-Ես բնակարան եմ գնել Հայաստանում ընտանիքիս համար, վստահաբար մեր ապագան Հայրենիքում պիտի կառուցենք…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #47 (1367) 25.11.2020 - 1.12.2020, Հոգևոր-մշակութային