ԿՅԱՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ
Վնասվածքաբան-օրթոպեդ Գրիգոր Եսիկի Թարվերդյանը Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը գերազանց առաջադիմությամբ ավարտելուց հետո ծառայության անցավ Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում:
Գրիգորենց ընտանիքում հինգ բժիշկ կա՝ մայրը, կինը, քույրն ու եղբայրը: Վերջինս եւս որպես բժիշկ ծառայում է ՊԲ զորամասերից մեկում:
Սեպտեմբերի 6-ին Թարվերդյանների գերդաստանում մեծ ուրախություն էր՝ Գրիգորի առաջնեկն էր ծնվել՝ Աբրահամը:
Սեպտեմբերի 26-ին վերադարձավ ծառայավայր` նպատակ ունենալով մոտակա ժամանակներում ընտանիքին էլ տեղափոխել Արցախ: Արցախ աշխարհն իր անկրկնելի հմայքով, իր շքեղ բնությամբ գրավել էր բժշկին, սակայն վերահաս պատերազմը խաթարեց, կիսատ թողեց շատերի երազանքներն ու նպատակները:
Սեպտեմբերի 27-ին թշնամին լայնածավալ հարձակման էր անցել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով՝ գործի դնելով ամբողջ զինանոցը, ինչ տրամաչափի զինատեսակից ասես չէին կրակում, կրակի հեղեղ էր, կրակի տարափ….
Վիրավորներին թիվ ու հաշիվ չկար, հաճախ չէին բավականացնում մահճակալները, բայց բժիշկներն անում էին կարելին ու անկարելին:
Պայթյունների վայրի կաղկանձի տակ վիրահատություններ էին կատարում, դրսում պատերազմ էր, ներսում էլ էր պատերազմ՝ վիրավորների կյանքը փրկելու:
-Գերակշռելի էին ականապայթյունային, խոշոր տրամաչափի հրետանային զենքերից վիրավորները, ինչը հստակորեն վկայում է, որ թշնամին գերազանցապես օգտագործում էր հրթիռային ականներ, թռչող հարվածային անօդաչու սարքեր: Սարսափելի այրվածքներով հիվանդներ էլ էին բերում՝ այրվածքների բավականին մեծ մակերեսով….,-պատմում է բժիշկը:- Տարբեր աստիճանի, տարբեր ծանրության վիրավորումներով մարտիկներ էին հոսպիտալում բուժվում, վիրահատվում, եւ անգամ այդ ցավի ու տառապանքի մեջ ապշեցնող էր նրանց սերն ու նվիրումը հայրենիքին, ինչն ինքնին խոսում է մեր ազգի կենսունակության, ոգու անպարտելիության մասին: Յոթանասունն անց մի վիրավոր պապիկ կար, որ զինկոմիսարիատում թաքցրել էր թե՛ տարիքը, թե՛ առողջական բավականին լուրջ խնդիրը՝ սիգմոստոմիայի առկայությունը, միայն թե գնար առաջնագիծ: Նման լուրջ առողջական խնդրով քաղաքացիական կյանքում է դժվար, ուր մնաց թե պատերազմի դաշտում, բայց նա այդ վիճակով բարձրացել էր դիրքեր, կանգնել հայրենիքի պաշտպանների կողքին: Դուք պետք է տեսնեիք, թե մեր վիրավոր զինվորները ինչպես էին խնդրում, որ իրենց շտապ ուղարկենք մարտական ընկերների մոտ….
♦♦♦
Պատերազմը՝ պատերազմ, բժիշկը՝ բժիշկ, բժշկի համար չկա յուրային, թշնամի: Պատահում էր՝ գերիներ էլ էին վիրահատում: Վիրահատում էին նույն պատասխանատվությամբ, նույն սրտացավությամբ: Մեկ-մեկ կողքից ըմբոստանում էին՝ իրենց ինչո՞ւ եք բուժում… Պատասխանը մեկն էր՝ հոսպիտալի ներսում պատերազմը մնում է դրսում: Փրկել հակառակորդի զինվորին նշանակում էր նաեւ փրկել մեր գերի ընկած զինվորներից մեկի կյանքը, որի հետ հետագայում կփոխանակեինք….
♦♦♦
Լինում էին դեպքեր եւ ոչ քիչ, որ միաժամանակ մի քանի վիրահատություն էին անում: Մի վիրավոր կարող էր վիրավոր լինել և՛ գլխից, և՛ որովայնից, և՛ վերջույթներից…Նեյրովիրաբույժը գլուխն էր վիրահատում, անոթային վիրաբույժը՝ ոտքի վրա շունտ էր տեղադրում, վնասվածքաբանը՝ ոսկրային կոտրվածքներն էր վերականգնում…
Վիրավորների աչքերում հարցականներ էին՝ կապրե՞մ, բժի՛շկ…
Զինվորներից մեկին պետք է վիրահատեին: Ձեռքին ինքնաշեն թզբեհ էր՝ դատարկ պարկուճներով սարքած: Ասաց ՝ թե չապրեմ, եղբորս կտաք…
Գրիգորը հուսադրեց, ոգևորեց. «Դու ինքդ էլ քո ձեռքով կտաս եղբորդ, ապրելու ես»:
Վիրահատությունը հաջող անցավ: Հաջորդ օրը, երբ հիվանդներին Մարտակերտից տեղափոխում էին Ստեփանակերտի հոսպիտալ, այդ տղան էլ նրանց մեջ էր: Տեսնելով բժշկին՝ ժպտաց ու թզբեհը նվիրեց. «Դուք հիմա ինձ համար եղբոր պես հարազատ եք»…
♦♦♦
… Քանի կյանք փրկվեց, քանի օջախի լույսը չմարեց բժիշկների շնորհիվ՝ թիվ ու հաշիվ չկա… «Սպիտակ բանակի» զինվորները անքուն գիշերներ էին անցկացնում իրենց «առաջնագծում»… Յուրաքանչյուր փրկված կյանքն էր իրենց հաղթանակը:
-Բուժանձնակազմի բոլոր օղակներն էլ միակուռ թիմ դարձած գերազանց աշխատեցին ու աշխատում են՝ պատվով կատարելով իրենց առաքելությունը,- շեշտում է Գրիգոր Թարվերդյանը,- զինվորական բժիշկներին միացան նաեւ քաղաքացիական ոլորտում աշխատողները, եկել էին խղճի, սրտի թելադրանքով, կյանքին սպառնացող վտանգն արհամարհելով, եկել էին օգնելու, փրկելու, կյանք պարգևելու… Ռուսաստանից, արտասահմանից էլ հրաշալի վիրաբույժներ էին ժամանել…Անսահման է բոլորի նվիրումը: Ցավոք, մասնագիտական պարտքը կատարելիս բուժանձնակազմից էլ զոհեր եղան…
Դաժան բան է պատերազմը, ավերվում են շենք-շինություններ, երբեմնի շեն-ծաղկուն բնակավայրերը րոպեների ընթացքում վերածվում են ավերակույտերի, սակայն ամեն ինչ վերականգնելի է, անդառնալին միայն մարդկային կորուստներն են,- ասում է Գրիգորը:- Պատերազմի դաժանության մասին շատ եմ լսել, Արցախյան ազատամարտին մասնակից հորեղբայրս է պատմել, պատմել են Ապրիլյանին մասնակից ընկերներս: Սակայն մի բան է, երբ դու այդ ամենի մասին սոսկ լսողի դերում ես, մի այլ բան՝ երբ այդ ամենի անմիջական ականատեսն ես…
Այս ամենից հետո ավելի եմ արժևորում ընտրածս մասնագիտությունը: Բուհում ուսումնառության տարիներին բուժման տարբեր մեթոդներ էինք սովորում, մի միջոցը մեկ այլով փոխարինելու այլընտրանքային տարբերակներ, երբ շատ լինեն հիվանդները տարբերակել առաջնայինն ու երկրորդականը…
Խաղաղ պայմաններում վնասվածքաբանի մասնագիտությունը այլ է, պատերազմի ժամանակ՝ բոլորովին այլ. այստեղ ամեն րոպեն մահ ու կյանք է, վճռորոշ…Յուրաքանչյուր ճիշտ օգտագործված րոպեն կարող է փրկել մարդուն ամպուտացիայից:
♦♦♦
Իր առաջնեկի 2-ամսյակը բժիշկն ընկերներով Մարտակերտի հոսպիտալում նշեց, տնից, ընտանիքից հեռու: Տղերքը պարկուճներով երկուս էին գրել, կողքն էլ Ա տառը՝ որդու անվան սկզբնատառը:
-Երբեք չէի մտածի, որ տոնական գունեղ, վառվռուն զարդարանքին կփոխարինեն պարկուճները….
Պատերազմը խանգարեց, որ բժիշկն իր ընտանիքը տեղափոխի Արցախ, բայց Գրիգորը ավելի քան վստահ է, որ այս ամենը ժամանակավոր է.
-Ստեփանակերտի եկեղեցու բակում քահանայի թույլտվությամբ տղայիս անունով ծառ եմ տնկել: Երբ մի քիչ խաղաղվի, իմ ամենաթանկին բերելու եմ Արցախ, որ ինքն իր ձեռքով իր ծառը ջրի…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #47 (1367) 25.11.2020 - 1.12.2020, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում