Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ



ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը։

Նշված օրը հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրբեջանին, ինչի արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև նշված հատվածում լիարժեք ու ճշգրիտ սահմանազատում իրականացնելը, ժամանակավորապես տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցնելու նպատակով։

Այսօր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։

Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։ Հավելենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հենց սահմանազատման արդյունքում ճշգրտված սահմաններով են տեղակայելու իրենց մարտական հենակետերն ու իրականացնելու մարտական հերթապահություն։

Խորագիր՝ Նորություններ


27/11/2020