Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐԻԹԱՂՑԻ ՀԵՐՈՍԸ՝ ՀԱՅԿՈՆ



ՍԱՐԻԹԱՂՑԻ ՀԵՐՈՍԸ՝ ՀԱՅԿՈՆՍարի թաղում ենք՝ Երևանի ամենակոլորիտային թաղամասերից մեկում։ Քաղաքի սովորական եռուզեռը մի պահ մոռացնել է տալիս, որ դեռ երեկ պատերազմ էր։ Փողոցներում կախված սև ժապավենները, հազարավոր տների շքամուտքերի՝ ցերեկը չհանգած լույսերն են հիշեցնում 44 օրվա արհավիրքի մասին։ Փնտրում ենք պատերազմում զոհված սարիթաղցի Հայկոյի տունը։ Թաղամասից երկու դպրոցական են ընդառաջ գալիս, հարցնում՝ ինչո՞վ կարող են օգնել։ Տղաների հյուրընկալ ժպիտը սառը քաղաքին մի քիչ գույն է հաղորդում։ Հարցնում ենք զինվորի տան տեղը։ «Դերիկլյան Հայկենց տունը հաջորդ փողոցում է, Հայկոյին էստեղ բոլորը գիտեն»,- բարդ ազգանունը արտաբերելով՝ վստահ պատասխանում է տղաներից մեկն ու առաջարկում մինչև Հայկենց տուն ուղեկցել։ Զինվորի տան մի անկյունում եռագույնի, մոմերի ու վարդերի մեջտեղում Հայկի լուսանկարն է՝ հաղթանդամ ինչպես Հայկ Նահապետը։

Անչափ բարի և պարզ տղայի լուսանկարին նայելիս միայն մայրն է նկատում աննկատը։ Տիկին Հասմիկը, որ որդուն բանակ ճանապարհելուց հետո այդպես էլ երբեք նրան չտեսավ, «կարդում է» անմահացած որդու աչքերի թախիծն ու դառնությունը։ Զինվորի տան լռությունը կոտրում են Հայկի մանկության ընկերները, լույսի կորած ակնթարթների մեջ փնտրում նրանից մնացած ամենալավը, ամենաջերմն ու ամենամաքուրը… Աղջիկներից մեկը հիշում է Հայկի հետ իր վերջին տանգոն, տղաները պատմում են դպրոցական տարիքում Հայկի հետ վաստակած առաջին գումարի մասին, մեկ ուրիշը հիշում է, թե ինչպես էր նա հաշտեցնում բոլորին, ամենուր և ամենքին խաղաղություն բերում։ Հայկն ամենից հաճախ վիճում էր ավագ եղբոր՝ Հարութի հետ, առանց որի, սակայն, կյանք չուներ…

Սկզբում ծառայության մեկնեց Հարութը, ապա մեկուկես տարի անց՝ Հայկը։ Երկուսն էլ ծառայեցին Արցախի հողում…

«Էնպես չի, որ սրանով կռիվը վերջացավ, դեռ նոր պատերազմ է լինելու Նախիջևանի համար, Ղարաբաղի համար, պիտի հետ վերցնենք մեր Արցախը, իզուր չի իմ եղբոր արյունն էդտեղ թափվել»,- ասում է Հարութն ու խոստանում՝ առաջնեկ որդուն Հայկ է կոչելու։

Պատերազմի հենց սկզբից Դերիկլյան եղբայրները եղել են ռազմաճակատի ամենածանր՝ հարավային հատվածում։ Հարութը մինչև նոյեմբեր կռվել է Հադրութում՝ ականանետային մարտկոցի անձնակազմում։ Իսկ 18-ամյա Հայկը Ջրականում (Ջաբրայիլ) էր, ընդամենը երկու ամսվա ծառայող, երբ իր մաշկի վրա զգաց պատերազմի սարսափը։  Ընտանիքը վերջին անգամ Հայկից լուր էր ստացել հոկտեմբերի 8-ին։ Մայրը պատմում է, որ մի վայրկյան անգամ չի մտածել, որ Հայկը հետ չի գա, հակառակը՝ ինքն է գոտեպնդել ընտանիքին, տրամադրել միայն լավ լուրի, բայց… 23 օրվա լռությունը խախտվեց նոյեմբերի 1-ին։ Հայկական կողմին փոխանցված 30 զոհված զինծառայողների շարքում հայրը ճանաչեց որդուն։ Հայկ Դերիկլյանի աճյունն ամփոփվեց «Եռաբլուրի» բարձունքում՝ 30 տարի առաջ անմահացած արցախյան ազատամարտիկների կողքին…

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

NEWS.am

Խորագիր՝ #49 (1369) 9.12.2020 - 15.12.2020, Ճակատագրեր


10/12/2020