ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ-123
Մենք՝ հայերս, հերոսական ժողովուրդ ենք։ Կարող ենք մեր երկիրը ոսոխից պաշտպանել, հարկ եղած դեպքում՝ հերոսաբար կռվել։ Ուստի, ամեն մի հայ երիտասարդ պետք է անցնի զինվորական բովով, սովորի զինվորական արվեստը, պատրաստ լինի իր ժողովրդի պատիվը պաշտպանելու։
Հովհաննես Բաղրամյան
Ապագա մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը ծնվել է 1897 թ. դեկտեմբերի 2-ին, Անդրկովկասյան երկաթուղու Ելիզավետպոլ քաղաքի երկաթուղային կայարանի բանավանում։ Ծնողները Ելիզավետպոլի գավառի Չարդախլու գյուղից էին, գյուղ, որ հայտնի էր իր ռազմական հարուստ ավանդույթներով։ Տարրական կրթությունն ստացել է տեղի երկդասյա դպրոցում, իսկ այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի երկաթուղային տեխնիկական ուսումնարանում։ Երկու կրթարաններն էլ Հովհաննեսն ավարտել է գերազանց առաջադիմությամբ և որպես տեխնիկ աշխատանքի անցել Ելիզավետպոլի երկաթուղում։ 1915 թ. հաղթահարելով ծնողների դիմադրությունը` կամավոր զինվորագրվել է ռուսական բանակին։ Նախքան ռազմաճակատ մեկնելը Բաղրամյանը Ախալցխայում տեղակայված 116-րդ պահեստային գումարտակում ստացել է արագացված զինվորական պատրաստություն, որից հետո որպես շարքային զինվոր ծառայության անցել գեներալ Բարաթովի հրամանատարությամբ գործող ռուսական էքսպեդիցիոն կորպուսի 2-րդ Կովկասյան սահմանապահ գնդում։ Մասնակցել է բազում մարտերի իր հայրենիքի՝ Հայաստանի հավերժական թշնամիների` օսմանյան թուրքերի դեմ։ Նա իր մարտական մկրտությունն ստացել է 1916 թ. հունվարին՝ Համադանի մարտում, որից հետո մասնակցել է Քերմանշահի, ապա նաև Կասրի-Շիրինի մարտերին՝ աչքի ընկնելով բացառիկ խիզախությամբ ու տոկունությամբ։
1917 թ. սկզբին, մարտերում աչքի ընկնելու համար, զինվորական հրամանատարությունը Բաղրամյանին ուղարկեց սովորելու Թիֆլիսի ենթասպաների դպրոցում։ Ավարտելուց հետո, որպես կրտսեր սպա, նշանակվեց հայկական 3-րդ հրաձգային գնդի դասակի հրամանատար։ «Ես շատ էի ցանկանում ճակատ մեկնել և ռուսական բանակի կազմում կռվել մեր ժողովրդի թշնամիների դեմ», ավելի ուշ այս տարիների մասին իր հուշերն է պատմել Հովհ. Բաղրամյանը։ Հենց սա է պատճառը, որ անցնելով հայկական բանակի շարքերը՝ 1918 թ. մասնակցել է Կարսում և Սարիղամիշում թուրքական զորքերի դեմ մղված մարտերին՝ որպես հեծյալ գնդի հրամանատար իր լուման ներդնելով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման գործում։
1924-25 թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի Հեծելազորային հրամկազմի կատարելագործման բարձրագույն դասընթացները և նշանակվել Հայկական հրաձգային դիվիզիայի հեծելազորային գնդի հրամանատար։ Գունդը, որը ղեկավարել է Բաղրամյանը, մշտապես համարվել է լավագույններից մեկը Անդրկովկասյան զորքերի մեջ։ Նկատելով հեծելագնդի հրամանատարի արտակարգ ընդունակությունները՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի ղեկավարությունը որոշում է նրան հնարավորություն տալ շարունակելու ուսումը նախ Կարմիր բանակի բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացներում, ապա Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի օպերատիվ ֆակուլտետում։ Ավարտելով այն` Բաղրամյանը նշանակվում է Կիևի ռազմական օկրուգի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ։
1936-38 թթ. Հովհ. Բաղրամյանը սովորել է գլխավոր շտաբի նորաստեղծ ակադեմիայում։ Ավարտելուց հետո, հաշվի առնելով գերազանց պատրաստվածությունը, նրան առաջարկում են դասավանդել ակադեմիայում՝ որպես օպերատիվ-մարտավարական պատրաստության ամբիոնի ավագ դասախոս, որտեղ էլ նա մնում է շուրջ երկու տարի։
1940 թ. Բաղրամյանը խնդրանքով դիմում է Կիևի հատուկ զինվորական օկրուգի զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Գ. Կ. Ժուկովին. «Ողջ բանակային ծառայությունս անցել է զորքերում, մեծ ցանկություն ունեմ շարք վերադառնալու… Համաձայն եմ ցանկացած պաշտոնի»։ 1940 թ. կեսերին Ժուկովի միջնորդությամբ Բաղրամյանը նշանակվեց Կիևի ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ, իսկ 1941 թ. սկզբին գնդապետի կոչումով զբաղեցրեց օպերատիվ բաժնի պետի պաշտոնը։ Դա Մեծ պատերազմից ընդամենը մի քանի ամիս առաջ էր։ Այդ պաշտոնում էլ սկսվեց նրա մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին։
Ֆաշիստական Գերմանիայի զավթողական պլաններում կարևոր տեղ էր հատկացված Ուկրաինայի գրավմանը, ինչը հակառակորդի ենթադրությամբ շուտով կհանգեցներ Մոսկվայի անկմանը, հետևապես և պատերազմի ավարտին։ Պատերազմի առաջին օրերին գերմանական զորքերի հզոր ճնշման տակ խորհրդային սահմանամերձ ուժերը ստիպված էին տեղի տալու և անկազմակերպ նահանջելու։ Աշխարհի ամենահայտնի պետական, քաղաքական, ռազմական գործիչները Խորհրդային Միության պարտությունը համարում էին անխուսափելի։ Սակայն առջևում սպասվում էր պայքարի նոր փուլ։ Դա մանավանդ իրեն զգացնել տվեց Կիևի ուղղությամբ ծավալված պաշտպանական մարտերի ժամանակ, որտեղ իր ռազմական ճշգրիտ մտահղացումներով աչքի ընկավ Հարավարևմտյան ռազմաճակատի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Հովհաննես Բաղրամյանը։ Հենց նրա փայլուն օպերատիվ մտածողության արդյունքում հնարավոր դարձավ Դուբնոյի շրջանում կազմակերպել այդ օրերի համար թերևս ամենախոշոր տանկային ճակատամարտը և հակառակորդին հասցնել ոչ միայն մեծաթիվ կորուստներ, այլև առաջին անգամ ժամանակավոր կասեցնել նրա առաջխաղացումը։ Այդ մարտերի ընթացքում ցուցաբերած մարտավարական բարձր որակների համար Բաղրամյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում։ Նա արժանացավ Կարմիր աստղի շքանշանի։ Իսկ ընդամենը մի քանի ամիս հետո, երբ նրա ղեկավարությամբ մշակվեց Ելեցի ռազմագործողությունը և դրանով իսկ նպաստեց Մոսկվայի տակ հակահարձակմանը մասնակցող խորհրդային զորքերի հաջողությանը, զորավարը վաստակեց հերթական՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը։ Այնուհետև, մարշալ Տիմեշենկոն գեներալ-լեյտենանտ Բաղրամյանին հանձնարարեց ղեկավարել Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի օպերատիվ բաժինը, շրջապատումից ազատված զինվորներից ստեղծել կանոնավոր զորամասեր։
1942 թ. հունվարի 18-ի լուսաբացին հրետանային հզոր նախապատրաստությունից հետո Հարավարևմտյան ռազմաճակատի զորքերը հանկարծակի անցան հարձակման և անակնկալ հարվածներով հակառակորդին ստիպեցին զիջել մարտավարական կարևոր նշանակության իրենց բնագծերը։ Շնորհիվ ռազմաճակատի շտաբի և, մասնավորապես, օպերատիվ խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բաղրամյանի ճշգրիտ պլանավորման՝ խորհրդային զորքերը Բարվենկովո-Լոզովայա շրջանում հասան նշանակալի հաջողության և բարենպաստ պայմաններ ստեղծեցին ռազմագործողությունների ձմեռային շրջանի բավականին արդյունավետ ավարտի համար։ Օպերացիան շոշափելիորեն նպաստեց Մոսկվայի ռազմաճակատի հաղթանակին։ Չնայած հետագայում գերմանական զորքերը հարավարևմտյան ուղղությամբ ունեցան որոշակի հաջողություններ, բայցևայնպես, չկարողացան իրականացնել ռազմավարական նշանակության իրենց պլանները։
1942 թ. հուլիսի 15-ին Բաղրամյանը դեռ նոր էր վերադարձել ռազմաճակատի առաջին գծից, երբ նրան նշանակեցին 16-րդ բանակի հրամանատար։ Նույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղի ունեցած արյունահեղ մարտերում 16-րդ բանակը Բաղրամյանի հրամանատարությամբ ծանր հարվածներ հասցրեց գերմանական զորքերի խոշոր խմբավորմանը, հաջողությամբ հետ մղեց նրանց հարձակումները։ Ավելի ուշ՝ 1943 թ. փետրվար-մարտ ամիսներին, 16-րդ բանակը կրկին աչքի ընկավ Ժիզդրա քաղաքի շրջանում. ճեղքեց հակառակորդի էշելոնացված ռազմաինժեներական ամրությունները, զգալի կորուստներ պատճառեց։ Այդ հաջող գործողությունների, անձնակազմի ցուցաբերած հերոսության համար 16-րդ բանակը վերակազմավորվում է 11-րդ գվարդիական բանակի, իսկ հրամանատար Հովհաննես Բաղրամյանը մարտական գործողությունները հմտորեն ու արիաբար ղեկավարելու և այդ գործողություններով գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղված կռիվներում զգալի հաջողությունների հասնելու համար պարգևատրվում է Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով։
Բաղրամյանի՝ որպես բանակի հրամանատարի, ռազմավարական ու մարտավարական հնարավորություններն ավելի հստակ դրսևորվեցին Օրյոլի ռազմական օպերացիայի մշակման ժամանակ։ 1943 թ. ամռանը խորհրդա-գերմանական ճակատում հիտլերականները ձեռնարկեցին «Միջնաբերդ» անվանումն ստացած լայնածավալ հարձակողական գործողությունը։ Թշնամին հիմնական ռազմադաշտ ընտրելով Օրյոլի շրջանը` ամեն կերպ փորձում էր ճեղքել կենտրոնական ռազմաճակատի զորքերի պաշտպանությունը և զարգացնել հետագա առաջխաղացումը։ Սակայն՝ ապարդյուն։ Կասեցնելով հակառակորդի հարձակումը՝ հուլիսի 12-ին Բրյանսկի ռազմաճակատի զորքերը, որոնց թվում էր նաև Բաղրամյանի գլխավորած բանակը, անցան հակահարձակման և առաջին երկու օրերի ընթացքում կոտրելով թշնամու դիմադրությունը` 25 կմ խորությամբ սեպվեցին նրա դիրքերի մեջ։ Արդյունքում` աճեց Բրյանսկի ուղղությամբ գործող զորքերի հարձակման թափը, և արդեն օգոստոսի 5-ին խորհրդային ուժերը ազատագրեցին Օրյոլը։ Օրյոլյան հարձակողական գործողության ընթացքում 11-րդ գվարդիական բանակի մարտավարությունը Բաղրամյանի զինվորական տաղանդի փայլուն դրսևորումներից էր։ Զորապետի ընդունակությունների և ծառայությունների գնահատականը եղավ նրան Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելն ու գեներալ-գնդապետի կոչում շնորհելը։ Իսկ արդեն 1943 թ. նոյեմբերին նրան նշանակեցին ռազմաճակատի զորահրամանատար։ Առաջին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատարությունն ընդունելուց հետո գեներալ-գնդապետ Բաղրամյանն իսկույն ևեթ ձեռնամուխ եղավ Գորոդոկ-Վիտեբսկի օպերացիայի մշակմանը, որը հաջողությամբ իրականացվեց 1943 թ. դեկտեմբերի 13-ից 31-ը։ Դրան հաջորդեցին Վիտեբսկի, իսկ այնուհետև Ռիգայի ազատագրման ռազմագործողությունները։
1944 թ. հոկեմբերի 5-ից 22-ը բելառուսական ռազմաճակատի զորքերի հետ համագործակցած Առաջին մերձբալթյան ռազմաճակատի ուժերը փայլուն ավարտեցին Մեմելի օպերացիան։ Հաղթարշավների այդօրինակ հաջորդականությունն ու դրանք հաջող իրականացնելու հնարավորությունը մեծամասամբ պայմանավորված էր ռազմաճակատի հրամանատարի ռազմագիտական ու մարդկային բարձր արժանիքներով։ Բելառուսական մարտական գործողություններն օրինակելիորեն կատարելու, արիություն և հերոսություն դրսևորելու համար Հովհ. Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում։
1945 թ. ապրիլին Բաղրամյանն իրականացրել է Քյոնիգսբերգ քաղաքի գրավումը։ Գրոհն այնքան լավ էր պլանավորվել և այնքան մանրակրկիտ էր նախապատրաստվել, որ անհրաժեշտ եղավ ընդամենը չորս օր։ Դա, հիրավի, ժամանակակից պատերազմների պատմության ամենանշանավոր օրինակներից է, երբ այդպիսի կարճ ժամանակամիջոցում ջախջախվեց զորքերի խոշորագույն խմբավորումը, որը ոչ միայն քողարկված էր ամրոցների ու կրակակետերի հզոր պատերի հետևում, այլև իր թվով չէր զիջում գրոհող զորքերին։ Այս նշանակալի հաջողության համար, որը Հովհաննես Բաղրամյանի զորավարական տաղանդի ևս մեկ փայլուն դրսևորումն էր, հայ զորավարը երկրորդ անգամ պարգևատրվեց Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով։
Քյոնիգսբերգի գրավումից հետո 3-րդ Բելառուսական ռազմաճակատի զորքերին Արևելապրուսական ռազմավարական հարձակողական գործողության շրջանակում հարկ եղավ իրականացնել ևս մեկ գործողություն՝ ոչնչացնել Արևելյան Պրուսիայում գերմանաֆաշիստական զորքերի վերջին հենակետը։
Ավարտվեց Արևելապրուսական ռազմավարական գործողությունը, դրա հետ նաև՝ Մեծ հայրենականում Հովհաննես Բաղրամյանի պատերազմական մաքառումների քառամյա շրջանը։ 1945 թ. հունիսի 24-ին Բաղրամյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցեց հաղթանակի զորահանդեսին՝ գլխավորելով 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի համահավաք գունդը։
Բաղրամյանի մշակած ու իրականացրած օպերացիաների ընթացքում խորապես և համակողմանիորեն գնահատվում էին ռազմաճակատում տիրող իրադարձությունները և կանխատեսվում դրանց զարգացման ուղղությունները: Նա մշակում էր գործողությունների նպատակահարմար տարբերակները։ Եվ, որ շատ կարևոր է, զորավարը ենթականերից միշտ պահանջել է օբյեկտիվորեն գնահատել կողմերի ուժերն ու միջոցները՝ դրսևորելով ստեղծագործական և նախաձեռնողական մոտեցում։
Պատերազմից հետո Բաղրամյանը վարեց պատասխանատու պաշտոններ՝ Մերձբալթյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գլխավոր շտաբի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալ, զինված ուժերի թիկունքի պետ, ՊՆ գլխավոր տեսուչ։
1955 թ. մարտի 11-ին զորավարն արժանացավ Խորհրդային Միության մարշալի կոչման։ Նա իր հարուստ ռազմական փորձն ու գիտելիքներն ի սպաս դրեց երկրի պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Դրա հետ մեկտեղ նա շատ ժամանակ էր հատկացնում գիտական, գրական-հետազոտական աշխատանքներին, հրատարակում արժեքավոր գրքեր, հոդվածներ։ ԽՍՀՄ զինված ուժերին մատուցած ծառայությունների, Հայրենական մեծ պատերազմում գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղված պայքարում ցուցաբերած արիության ու հերոսության համար 1977 թ. դեկտեմբերի 1-ին նրան շնորհվում է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։ Հովհ. Բաղրամյանը պարգևատրվել է ԽՍՀՄ և արտասահմանյան երկրների մոտ 50 բարձրագույն շքանշաններով և տասնյակ մեդալներով։
Մարշալ Բաղրամյանը հաճախակի է այցելել հայրենիք, հանդիպել տարբեր շրջանների բնակիչների հետ։ Նա բարեկամական սերտ կապեր ուներ Մարտիոս Սարյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Անաստաս և Արտեմ Միկոյանների, իր համագյուղացի՝ զրահատեխնիկայի զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի, գիտության ու մշակույթի, պետական բազմաթիվ այլ գործիչների հետ։
Ականավոր զորավարը վախճանվեց 1982 թ. սեպտեմբերի 21-ին՝ Մոսկվայում։ Նրա աճյունասափորը ամփոփված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մեջ։
Փա՛ռք ու պատիվ լեգենդար զորահրամանատարին, իր անմա՛հ գործին…
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմապատմական
թանգարանի ավագ գիտաշխատող-ֆոնդապահ
Խորագիր՝ #49 (1369) 9.12.2020 - 15.12.2020, Ճակատագրեր, Պատմության էջերից