Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՑ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱԾ ՀԵՐՈՍ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ



ԼՈՒՍԱՆԿԱՐԻՑ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱԾ ՀԵՐՈՍ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸՊատերազմից հայտնի դարձած լուսանկարի տղան՝  հրետանավոր Արմանը, տուն է վերադարձել ողջ ու առողջ։ Թե ինչպես լուսանկարիչը անմահացրեց պահը, ինքը չի հիշում. ..

…Պատերազմի օրերին,  ամենաթեժ բնագծերից մեկում՝ Ջրականում, երբ  հրետանավոր Արման Եդիգարյանը վերջին ճիգով հրետանուց կրակ էր արձակում, հենց այդ պահին իմ գործընկեր Սիփան Գյուլումյանը  հավերժացրեց աշխարհով մեկ կայծակի արագությամբ տարածված երկու հերոսների՝ Արմանի ու Ալբերտի կռվի պահը։ Ասում է.

-Այդ լուսանկարները լավագույն ապացույցն են, թե ինչպես էին մեր զինվորները կյանքի գնով հայրենիք պաշտպանում,- ասում է բոլորիս սրտերը նվաճած համեստ հրետանավորը:

Կռվի դաշտում եղող որդուց օրեր շարունակ լուր չունեցող մայրը համացանցում պատահաբար է տեսել լուսանկարը:

…Հրետանուց կրակ արձակող ձեռքերից եմ ճանաչել զավակիս,- ասում է հերոսի մայրը:.

44 օր ու գիշեր հայտնի հրետանավորն իր հաշվարկով 600-ից ավելի արկ է արձակել, իսկ իրենց դիվիզիոնը՝ 5000-ից ավելի։

…Մենք թշնամուն ծանր կորուստներ ենք պատճառել, ինչը նաև մեր քաջ ու  հմուտ հրամանատարների շնորհիվ եղավ,- անկեղծանում է Արմանը:

Պատերազմն սկսվելուն պես որդուն ու առաջնագծի տղաներին օգնության է շտապել Արմանի հայրը իր անձնական մեքենայով. նրանց համար սնունդ, ջուր ու անհրաժեշտ զինտեխնիկա է հասցրել:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՑ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱԾ ՀԵՐՈՍ ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ-Հայրիկիս մեքենան նույնպես պատերազմում կռված է, թշնամու գնդակից վնասված,- անթաքույց հպարտությամբ նշում է Արմանը:

-Իմ աչքերով եմ առաջնագծում տեսել մեր զինվորների սխրանքը,- ասում է Արցախյան առաջին պատերազմի թոհուբոհով անցած հերոս հրետանավորի հայրը:

Արմանը բազմիցս մահվան աչքերին է նայել. բայց այդ մասին չի ուզում հիշել:

-Ռազմաճակատից ու դժվարին օրերից ինձ հետ միայն մարտական ընկերությունն ու տղաների անկոտրում ոգու ուժն եմ տուն բերել, իսկ օրինակներն այքան շատ են, որ չգիտեմ, որից սկսեմ և որով ավարտեմ: Անգամ թվարկելը շատ ժամանակ կխլի,- ասում է Արմանը:- Պատերազմում ամենածանրը ընկերոջ մահն է, ինձ համար հատկապես՝ Ալբերտի։ Կողք կողքի ենք կռվել, վերջին զրույցն էլ նրա հետ եմ ունեցել։ Ալբերտի ու մյուս մարտական ընկերների կիսատ թողած գործը մենք մի օր անպայման ավարտին կհասցնենք,- ասում ակնարկիս հերոսն ու շտապում «Եռաբլուր»…

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #49 (1369) 9.12.2020 - 15.12.2020, Ազգային բանակ


10/12/2020