…ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑԵՆ ՏՈՒՆԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՆՏԵՂ ԻՐ ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՆ Է ԾՆՎԵԼ
Ծնունդով Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է Արցախյան նորօրյա գոյապայքարի հերոսներից Իլյա Հակոբյանը։
Բարի, կամեցող, լավատես, համառ, հաստատակամ, խելացի ու նպատակասլաց. ճանաչողներն այսպես են բնութագրում մերօրյա հերոսին։
-Նա բարության անկրկնելի կերպար էր, չնայած ինձնից փոքր էր 15 տարով, բայց իմ թև ու թիկունքն էր։ Մինչև հիմա սպասում եմ նրա զանգին, հավերժական կարոտով սպասում եմ…,- ասում է հերոսի քույրը` Հասմիկը։
2017-2018 թթ. Իլյան սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մեկ ամսվա մեջ ճանաչվել է լավագույն զինվոր-մարզիկ։ Սպորտ շատ էր սիրում։ Դպրոցում և վարժարանում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել է մարզական տարբեր մրցույթների՝ զբաղեցնելով առաջնակարգ տեղեր և արժանանալով ոսկե և արծաթե մեդալների ու պատվոգրերի։
Հիշողությունները շատ են, կարոտը` անչափելի։ Եվ հենց այդ կարոտի անսահմանության մեջ է Հասմիկը խոսում եղբոր մասին։
-Վեց ամսականից Իլյային գիրկս եմ առել ու քնեցրել, երբեմն ծնողական ժողովներին եմ մասնակցել, բոլոր մրցույթներին ներկայացել և նրա հետ կիսել բոլոր հաղթանակներն ու հաջողությունները։ Մենք մի անբաժանելի սիրով էինք կապված, ու այդ կապը միշտ լինելու է, որովհետև ես մինչև կյանքիս վերջը զգալու եմ եղբորս ֆիզիկական ուժը, թիկունքը, ներկայությունն ու ձայնը,- ասում է Հասմիկը։- Անշահախնդիր ու բոլորին օգնող տղա էր Իլյան։ Առանձնահատուկ վերաբերմունք ուներ տնային ծաղիկների նկատմամբ։ Նաև բակի վարդերն էր խնամում։ Հասկանում էր ապրելու և սիրելու իմաստը։
…Իլյան ամենաթեժ մարտերին է մասնակցել։ Չնայած Հադրութում է ծառայել, բայց մասնակցել է Մարտունու և Շուշիի մարտերին։ Պատերազմի առաջին օրերին վաշտի կեսը զոհվել է, վիրավորներին ու զոհվածներին ինքն ու իր ընկերներն են հանել մարտադաշտից։
Պատերազմի վերջին օրն է անմահացել նա։ Վերջին անգամ Շուշիում էր։ Քույրը պատմում է, որ նոյեմբերի 6-ի երեկոյան զանգել և խոսել է, նաև պատերազմի ընթացքում առաջին անգամ հոր հետ է խոսել։
-Կարծես բոլորիս հրաժեշտ տվեց,- արցունքները զսպելով ասում է քույրը։
-Նոյեմբերի 7-ից չկարողացանք կապվել նրա հետ։ Ընկերների խոսքով՝ Իլյան վիրավորվել էր… մի շաբաթ բոլոր հիվանդանոցներում փնտրել ենք, այնինչ, իմ հերոս եղբայրը վիրավոր կռվել է իր 30 մարտական և ծառայակից ընկերների հետ, կռվել է մինչև վերջ և անմահացել՝ նռնակը գրպանում բացած…
18 գարուն ապրեց Իլյան, ու բոլորիս սրտում ամենամեծ ցավն այն է, որ Շուշին էլ մերը չէ, որտեղ արյուն են թափել հերոսները, այդ թվում նաև Իլյան։
Եվ ես Շուշիում՝ իմ հերոսի արյամբ սրբագործված քաղաքում, մոմ վառելու հնարավորություն չեմ ունենա…
Հասմիկը ցավով է նշում, որ իրենց տունն էլ է դարձել թշնամու հրետակոծության թիրախ և ավերվել է, բայց վստահ ասում է, որ պիտի վերակառուցեն տունը՝ Իլյայի տունը, որովհետև այնտեղ հերոս եղբայրն է ծնվել ու մեծացել։
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Խորագիր՝ #50 (1370) 16.12.2020 - 22.12.2020, Ճակատագրեր