ԳԵՆԵՐԱԼ ԻՎԱՆՅԱՆԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՍԽՐԱՆՔԸ
Գեներալ Քրիստափոր Իվանյանը Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից մինչև մեծ Հաղթանակի օրը անընդհատ մարտի մեջ է եղել: Նա տասնմեկ անգամ վիրավորվել է, սակայն միշտ մնացել է շարքում՝ սրբորեն կատարելով իր զինվորական պարտքը:
Լեյտենանտ Իվանյանը, որի 21 տարին նոր էր լրացել, Կրասնոդարի հետևակային ուսումնարանն ավարտելուց հետո նշանակվում է Մոլդովիայում տեղաբաշխված 9-րդ բանակի 30-րդ հրաձգային դիվիզիայում որպես 39-րդ թեթև հրետանային գնդի 4-րդ մարտկոցի հրամանատար: 1941 թվականի հունիսի 22-ին նրա զորամասը առաջիններից մեկն իր վրա ընդունեց գերմանաֆաշիստական զավթիչների սրընթաց ու ծանր հարվածները: Երիտասարդ սպան առաջին իսկ մարտերից իրեն դրսևորեց որպես խիզախ ու բանիմաց զինվորական՝ պատվով կատարելով բոլոր մարտական առաջադրանքները:
Հարավային ռազմաճակատի հրամանատարությունը, հաշվի առնելով դիվիզիայի հրամանատարի և զինվորական կոմիսարի միջնորդությունը, լեյտենանտ Իվանյանին 1941 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 05 հրամանով պարգևատրում է Լենինի շքանշանով, որը նրա առաջին մարտական պարգևն էր:
ՌԴ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվում պահվող փաստաթղթերը աներկբա վկայում են Կովկասի համար մղված ճակատամարտում խիզախ հայորդու մարտական քաջագործությունների մասին: Մինչ այդ, նա Մոլդովիայից ծանր մարտերով նահանջել էր Ուկրաինա, վերջապահ մարտերում կործանիչ հարվածներ հասցրել հարձակվող թշնամուն՝ ապահովելով իր զորամասի գրեթե անկորուստ հետ քաշվելը: Այդ ընթացքում մեր խիզախ հայրենակցին նախ շնորհվում է ավագ լեյտենանտի, ապա՝ կապիտանի զինվորական կոչում:
1942 թվականին Իվանյանը նշանակվում է 56-րդ բանակի 76-րդ ծովային հետևակի բրիգադի առանձին հակատանկային կործանիչ դիվիզիոնի հրամանատար: Մարտական գործողությունները հմտորեն ղեկավարելու, Նովոռոսիյսկի մատույցներում գերմանական տանկերի ու մոտոհրաձգային հետևակի գրոհները հետ մղելու, հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ պատճառելու, ինչպես նաև ցուցաբերած անձնական քաջության համար 56-րդ բանակի հրամանատարի 1942 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 032 հրամանով կապիտան Իվանյանը պարգևատրվում է «Կարմիր աստղի» շքանշանով: Մասնագիտական ու կամային բարձր հատկանիշների համար կարճ ժամանակում նրան շնորհվում է մայորի, ապա՝ փոխգնդապետի զինվորական կոչում, և նա նշանակվում է 18-րդ բանակի 195-րդ կարմրադրոշ լեռնաականանետային գնդի հրամանատար:
Արխիվային երրորդ վկայությունը 1943 թվականի սեպտեմբերի 17-ին 18-րդ բանակի հրետանու հրամանատար, հրետանու գեներալ-լեյտենանտ Կարիլոֆիլինի ստորագրած փաստաթուղթն է, որտեղ գրված է. «…Փոխգնդապետն իրեն որպես խիզախ և հմուտ հրամանատար դրսևորեց հատկապես Նովոռոսիյսկ քաղաքի համար 1943 թվականի սեպտեմբերի 10-ից 16-ը տեղի ունեցած մարտերում: Իբրև գնդի հրամանատար նա այդ մարտերում ցուցաբերեց բացառիկ խիզախություն և հնարամտություն: … Նովոռոսիյսկ քաղաքի գրավման ժամանակ ցուցաբերած քաջության ու համարձակության համար փոխգնդապետ Իվանյանն արժանի է պարգևատրվելու «Կարմիր դրոշի» շքանշանով»: Եվ 18-րդ բանակի հրամանատարի 1943 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 079 հրամանով փոխգնդապետ Քրիստափոր Իվանի Իվանյանը պարգևատրվում է «Կարմիր դրոշի» շքանշանով: Ի դեպ, Խորհրդային Միության պաշտպանության նախկին նախարար, մարշալ Ա.Ա. Գրեչկոն իր «Ճակատամարտ Կովկասի համար» գրքում նույնպես մեր խիզախ հայրենակցին ու նրա ղեկավարած գունդը հիշատակել է այդ մարտերի ընթացքում աչքի ընկած զորամասերի շարքում:
Գերագույն գլխավոր հրամանատարի 1943 թվականի սեպտեմբերի 16-ի հրամանագրով Նովոռոսիյսկի ազատագրման ժամանակ առավել աչքի ընկած 19 զորամասերի շնորհվեց «Նովոռոսիյսկյան» պատվավոր անվանումը, որոնց թվում էին փոխգնդապետներ Իվանյանի և Խորեն Մակարյանի հրամանատարությամբ գործող 195-րդ լեռնաականանետային և 8-րդ գվարդիական ականանետային գնդերը:
Նովոռոսիյսկի ազատագրումից մի քանի օր անց փոխգնդապետ Իվանյանի գունդը ակտիվորեն մասնակցեց Կերչ-Էլտիգենյան դեսանտային գործողությանը:
318-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր Վ. Ֆ. Գլադկովը իր «Դեսանտ Էլտիգենում» աշխատության մեջ բարձր է գնահատել փոխգնդապետ Իվանյանին՝ մարտավարական բարձր ունակությունների և անձնական խիզախության համար: Հերոս գեներալը հայ քաջորդուն համարում է «Հրո երկրի»՝ Էլտիգենի, հակատանկային պաշտպանության հրամանատարը, գովեստի բազմաթիվ խոսքեր ասում նրա հասցեին: Այս գրքից բերենք մի փոքր մեջբերում, որտեղ գեներալը բնութագրում է Իվանյանի համարձակությունն ու մարտավարական արվեստը. «Գնդի հրամանատարական կետի ուղղությամբ շարժվում էին թշնամու 3 տանկ,- գրում է Վ. Ֆ. Գլադկովը,- գնդի հրամանատարը հուզված դիմեց Իվանյանին.
-Կրակի՛ր, շո՛ւտ:
Փոխգնդապետը հանգիստ պատասխանում է.
-Երեք արկ ունենք և երեք տանկ: Կխփենք անվրեպ: Նա մոտեցավ հրանոթին և հանգիստ նշան բռնեց առջևից ընթացող մեքենային: Մնացել էր 60 մետր: Հրանոթը որոտաց: Առաջին տանկը ծխով պատվեց: Թնդաց երկրորդ կրակոցը, շարքից դուրս եկան երկրորդ մեքենայի պողպատյա թրթուրները: Երրորդ տանկը կտրուկ հետ շրջվեց:
-Վախեցաք,- բացականչեց Իվանյանը:- Գնդի հրամանատարը վազեց նրա մոտ, ամուր գրկեց ու համբուրեց»:
Խորագիր՝ #50 (1370) 16.12.2020 - 22.12.2020, Պատմության էջերից