…ՄԵՆՔԻ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆ Է
Եղբայրներ Արթուր և Հայկ Ալեքսանյանները գերազանցությամբ ավարտել են դպրոցը, ապա Արթուրը ընդունվել է բժշկական, իսկ Հայկը՝ ճարտարապետական համալսարան: Արթուրն ավարտել է նաև ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան և ընդունվել կլինիկական օրդինատուրա՝ պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ, իսկ Հայկը ավարտել է մագիստրատուրան: Երկուսն էլ վերջին պատերազմի ժամանակ եղել են ժամկետային զինծառայող, Հայկը՝ Հադրութում, Արթուրը՝ Սիսիանում, Արթուրը՝ որպես զորամասի բուժծառայության պետի պաշտոնակատար, Հայկը՝ որպես դիվիզիոնի կառավարման դասակի հետախուզական ջոկի հրամանատար: Եղբայրները կռվել են ամենաթեժ կետերում, հերոսաբար մարտնչել են թշնամու դեմ: Երկուսն էլ վիրավորվել են ծառայողական պարտականությունը կատարելիս: Անհատի դաստիարակության, քաղաքացիական կերպարի ձևավորման, զինվորական պարտքի ու պատերազմի մասին զրուցում ենք Ալեքսանյան եղբայրներից կրտսերի՝ Հայկ Ալեքսանյանի հետ:
-Հայկ, Ձեր անձնական գործում գրված է, որ դպրոցն ավարտել եք գերազանցությամբ, ճարտարագիտական համալսարանում բարձր առաջադիմության շնորհիվ սովորել եք անվճար…
-Եղբայրս՝ Արթուրը, նույնպես դպրոցը գերազանցությամբ է ավարտել, բժշկական համալսարանում սովորել է անվճար:
-Երկուսդ էլ օրինակելի զինվոր եք եղել, արիաբար պաշտպանել եք հայրենիքը, վիրավորվել եք: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ձևավորվում բարեխիղճ քաղաքացու, պարտաճանաչ երիտասարդի, առաքինի մարդու, հայրենիքի պաշտպանի կերպարը: Մարդու արժանիքները բնատո՞ւր են, թե՞ դրանք ձևավորվում են որոշակի ազդեցությունների շնորհիվ, և կան գերակա դերակատարներ:
-Բնատուր, ժառանգական հակումները ոչ ոք չի կարող հերքել: Սակայն, անհատի մտածելակերպի ու վարքի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունենում նրան շրջապատող իրականությունը՝ ընտանիքը, միջավայրը, կրթօջախները, մարդիկ, որոնց հետ նա շփվում է: Կատարյալ տարբերակ կլիներ, եթե անհատի ընտանիքը, հասարակությունը, կրթօջախները դավանեին նույն արժեհամակարգն ու գաղափարները: Իմ մանկության տարիներին ընտանիքիս բարոյախոսությունը էական հակասություններ ուներ դրսի արժեհամակարգի հետ:
-Դուք՝ բանակի զինվորն ու սպան, պատրա՞ստ էիք վերահաս պատերազմին՝ հոգեբանորեն ու ֆիզիկապես:
-Հոգեբանորեն պատրաստ էինք լիովին: Ֆիզիկապես ավելի քան պատրաստ էինք մեզ հասանելիք կռվին:
-Այո՞: Հիմա՞ էլ եք այդ կարծիքին, որ ֆիզիկապես պատրաստ էիք այս պատերազմին:
-Հիմա ավելի համոզված եմ: Սեպտեմբերի 25-ին տագնապով բարձրացանք դիրքեր, քանի որ թշնամին ուժեր էր կուտակել սահմանին: Սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքը վարձկանների հետ հարձակվեց բոլոր ճակատներով: Ուժերի հարաբերակցությունն այնպիսին էր, որ բոլոր ռազմագիտական կանխատեսումներով՝ պատերազմը պիտի ավարտվեր մի քանի օրվա ընթացքում: Մենք դիմադրեցինք 44 օր ու անհամեմատ մեծ կորուստներ պատճառեցինք թշնամուն:
-Հայկ, դա՞ էր մեր բանակի խնդիրը՝ պաշտպանվել հնարավորինս երկար, հազարավոր զոհերի ու զինտեխնիկայի կորստի հետ թշնամուն դիմավորել Ստեփանակերտի մատույցներում…
-Ես կարող եմ խոսել մեր ստորաբաժանման մասին: Մենք արել ենք անհնարինը, մենք կռվել ենք անձնվիրաբար, մեծ արհեստավարժությամբ: Մեր խոցումները եղել են առավելագույնս ճշգրիտ, մենք պաշտպանվել ենք առավելագույն արդյունավետությամբ, թշնամուն վնասել ենք առավելագույն չափով: Մեր զինվորները հերոսության, հնարամտության, հայրենասիրության ու ինքնազոհության հազարավոր օրինակներ են ցույց տվել: Վազգեն Սարգսյանը իզուր չէր ասում՝ հայ զինվորից լավ զինվոր աշխարհում չկա…
-Ի՞նչ ունենք արդյունքում…
-Հայ զինվորն ու սպան չեն պարտվել, ես, իմ դասակն ու իմ զորամասը չեն պարտվել:
Հայ զինվորն ու սպան արել են առավելագույնը, քան կարելի էր սպասել, քան կարելի էր կարծել: Այս կռիվը մեր զինվորների հերոսապատումն էր: Այո, մեր զինվորը չկարողացավ ոչնչացնել թշնամու բազում անօդաչու թռչող սարքերը, կռվել «Բայրաքթարների» դեմ: Աշխարհում որևէ գերմարդ կարո՞ղ էր դա անել: Այո, հարվածային անօդաչուն հաղթեց այս կռվում։ Բայց անօդաչուի դեմ զինվորը չէ, որ պիտի պայքարեր:
-Դուք ինչպե՞ս վիրավորվեցիք:
-Ես Հադրութում էի կռվում: Թշնամին անօդաչուներով «մաքրում» էր տարածքը, հետո տանկերով ու զրահամեքենաներով շարժվում էր առաջ: Ես թշնամու կենդանի ուժ չեմ տեսել, կռվել եմ անօդաչուների ու զրահատեխնիկայի դեմ: Վիրավորվեցի, երբ «Կամիկաձեն» պայթեց կողքիս: Զինվորը զոհվեց, ես ողջ մնացի:
-Քանի՞ օր էիք կռվել, երբ վիրավորվեցիք:
-Քսանվեց: Ինձ տեղափոխեցին հոսպիտալ: Մինչև ապաքինվեցի ու կարող էի ռազմաճակատ վերադառնալ, կռիվն ավարտվեց: Հիմա Արմավիրի ուսումնական զորամասում եմ, սպասում եմ հրամանի, որ գնամ ծառայավայր:
-Իսկ եղբայրդ ինչպե՞ս վիրավորվեց:
-Արթուրը խոցվեց, երբ գնդակների տարափի տակ վիրավոր զինվորներին բուժօգնություն էր ցուցաբերում մարտադաշտում ու հանում էր կրակի գծից: Արթուրի ոտքն է վնասվել: Մի քանի անգամ վիրահատել են, մետաղական սարքեր են տեղադրել: Հույս ունենք, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի:
-Հայկ, ինչպե՞ս եք տրամադրված ապագայի հանդեպ:
-Շատ ավելի լավ, քան նախքան պատերազմն էր: Տասնապատիկ լավ, երբ անցած դարի 90-ականների իներցիայով ասում էինք, թե տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ենք:
-Հետաքրքիր է, ի՞նչ ակունք ունի Ձեր լավատեսությունը այս համընդհանուր անկման ֆոնին:
-Աշխարհում ոչ մի բանակ ուժերի այսպիսի հարաբերակցությամբ չէր կարող 44 օր դիմանալ պայքարին: Աշխարհում ոչ մի բանակ ուժերի այսպիսի հարաբերակցությամբ չէր կարող այսքան մեծ կորուստներ պատճառել թշնամու գերժամանակակից բանակին: Մենք կռվել ենք իր զորությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի դեմ: Մեզ ընդամենը պետք էր օդային սահմանի ավելի ամուր պաշտպանվածություն, որ հետ մղեինք ՆԱՏՕ-ի ամենուժեղ բանակներից մեկի ու ահաբեկիչների համատեղ հարձակումը: Հիմա ես գիտեմ, որ մեր մարդկային ռեսուրսը հավասարը չունի աշխարհում: Ժամանակն է, որ սկսենք նախապատրաստվել գալիք հաղթանակին, բոլորս, յուրաքանչյուրս մեր տեղում նախապատրաստվենք այն պատերազմին, որը պիտի հաղթենք: Դառնանք հայրենիք կորցրած ու այդ կորուստը հետ բերելու վճռականությամբ ապրող երկիր ու ժողովուրդ:
…Շատ ծանր գնով, բայց արդեն հասկացանք, որ մենքի սահմանը ոչ թե մեր տան, մեր ընտանիքի, այլ մեր հայրենիքի սահմանն է: Հիմա պիտի ոչ թե մեր տունը, մեր ընտանիքը պաշտպանենք, այլ մեր երկիրն ու ժողովրդին: Պիտի մտածենք, ոչ թե մեր ընտանիքի բարեկեցության, այլ մեր հայրենիքի բարեկեցության մասին: Պիտի այնպես անենք, որ ոչ միայն մեր երեխաները կրթվեն, զարգանան, այլև ամբողջ ազգի գիտությունն ու կրթությունը պիտի բարձրացնենք, որովհետև քո հայրենակցի երեխան վաղը կարող է իր գիտական մտքով պաշտպանել այն սահմանը, որը նաև քո երեխայի անվտանգությունն է երաշխավորում։
…Մենք պիտի հաղթենք, որովհետև արդեն հասկացել ենք, որ հայրենիքից գողանալ նշանակում է գողանալ ինքդ քեզնից: Հայրենակցին զրկել նշանակում է զրկել ինքդ քեզ: Հասկացանք, որ մեր հայրենակցի ուժը մեր ուժն է:
-Եկեք այս լավատեսությամբ էլ զրույցն ավարտենք:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #50 (1370) 16.12.2020 - 22.12.2020, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում