Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՄԱՍԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՆՔ



Ադրբեջանում հիվանդագին են արձագանքել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի` «Երրորդ ուժ» թերթին տված հարցազրույցին: Զարմանալի չէ. գեներալն ասել էր, որ «հայի ազգային մտածելակերպում կան որակներ, որոնք խիստ բնութագրական են հետախույզի համար», եւ մեջբերել էր գենետիկայով զբաղվող ռուս պրոֆեսորներից մեկի հետեւյալ միտքը. «Հայկական պետությունը հիմնված է ամենամեծ ու կարեւոր՝ գենետիկական ռեսուրսի վրա, որից զուրկ են բազմաթիվ ազգեր: Եւ նյութական ոչ մի ռեսուրս չի կարող փոխարինել այն»:

Ո՞ր ադրբեջանցին «կմարսեր» այս միտքը: Դա դեռ քիչ էր, գեներալ Կարապետյանը շարունակել է. «Կարելի է միանշանակորեն հայտարարել, որ ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակը պայմանավորված էր մեր հետախուզության հաղթանակով՝ ադրբեջանականի նկատմամբ, քանի որ առանց հետախուզության, առանց համապատասխան տեղեկությունների հնարավոր չէ խոսել մարտավարության, մշակված օպերացիաների եւ ճիշտ որոշումների մասին»: Որպես ապացույց՝ գեներալը նշել է, որ ղարաբաղյան պատերազմում հայկական հետախուզությունը ոչ մի խոշոր ձախողում չի ունեցել, իսկ ադրբեջանական կողմին չի հաջողվել հայտնաբերել ու որսալ ոչ մի հայ հետախույզի:

Ավելին, հայկական բանակի հզորության ու մարտունակության մասին վկայում են արտասահմանյան մասնագետները, այն դեպքում, որ ադրբեջանական բանակի «հզորության» մասին չեն խոսում նույնիսկ թուրքերը: Լրագրողի այն հարցին, թե ո՞վ առավելություն ունի հետախուզությունների պատերազմում, գեներալ-մայոր Կարապետյանը պատասխանել է. «Ուղղակի պատասխան չեմ տա, կասեմ միայն, որ մենք մեր հակառակորդի մասին գիտենք ամեն ինչ, ընդհուպ մինչեւ` ով որ ռեստորանում ինչ կոկտեյլ է նախընտրում խմել: Տեղեկացված լինելը մեծ առավելություններ է տալիս: Օրինակ՝ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումներից մեկի ընթացքում ես նրան շնորհավորեցի իր որդու ծննդյան օրվա առթիվ: Ես կարող էի ինձ նման սիրալիրություն թույլ տալ»:

Հետախուզության վարչության պետը նշել է նաեւ մեր առավելության այլ վկայություններ՝ ձախողումներ չկան, բացահայտվել են մեր տարածքում գործող բազմաթիվ ադրբեջանական հետախույզներ, իսկ ադրբեջանցիներին նույնը չի հաջողվել: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա գեներալն ասել է. «Ի տարբերություն ադրբեջանական կողմի՝ մենք միշտ քանակի հետ կապված խնդիրներ ունենք, բայց որակի՝ երբեք: Կյանքն ապացուցում է, որ որակական առավելության դեմ քանակը հաճախ անզոր է: Դրա վառ վկայությունը ղարաբաղյան պատերազմն է»:

Գեներալ Կարապետյանի հարցազրույցին արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, որի աշխատակից Թ.Աբդուլաեւը, առարկելու ոչինչ չունենալով, չգիտես ինչու հիշել է… «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը»: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը հայ հետախույզների մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակել, որը կարող էր վկայել նրանց «համարժեք» աշխատանքը: Միով բանիվ, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության արձագանքը անուղղակիորեն հաստատեց գեներալ Կարապետյանի ասածը՝ մեր հետախուզությունը հակառակորդի մասին «ամեն ինչ գիտի»:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ռազմաքաղաքական


23/11/2011