ՉԵՉԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ մեր զրույցի թեման տեղեկութահոգեբանական պատերազմն է
-Պարո՛ն Մարգարյան, հոգեբանի հետ զրուցելիս երեւի անհնար է շրջանցել հոգեբանական պատերազմի թեման: Ընդհանրապես, ինչո՞ւ են այսօր դրան այդքան մեծ ուշադրություն դարձնում:
-Որովհետեւ հոգեբանական պատերազմը մեծ ֆինանսական ծախսեր չի պահանջում, հարաբերականորեն մարդասիրական է եւ միեւնույն ժամանակ` արդյունավետ:
-Մարդասիրակա՞ն: Մի՞թե ավելի մարդասիրական է մարդու հոգին թիրախ դարձնելը, քան՝ մարմինը:
-Ես շեշտեցի՝ հարաբերականորեն: Քանի որ տեղեկութահոգեբանական գործողությունները հիմնված են ոչ թե մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու, այլ՝ զանգվածների գիտակցության կառավարման, այդ թվում` նպատակաուղղված ապատեղեկատվության միջոցով այդ գիտակցության մեջ սխալ պատկերացումների ձեւավորման եղանակների կիրառման վրա:
-Այսինքն՝ «տեղեկութահոգեբանական գործողությունները» մարդու մեջ ձեւավորում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող պատկերացումներ աշխարհի մասի՞ն: Պարզ ասած՝ խաբո՞ւմ են:
-Այո՛: Հեռու չգնանք՝ այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվող տեղեկատվական միջոցները, այդ թվում նաեւ Ինտերնետ համացանցը, որն իր արագագործության շնորհիվ շատ արդյունարար միջոց է, մեծ ծավալների տեղեկույթ են հաղորդում, որոնք իրականությունն այնպես են աղավաղում ու հոգեբանական ներգործության տեսանկյունից այնպես ներկայացնում, որ ռեալ իրողությանը անծանոթ մարդիկ կարող են կեղծիքն ընկալել որպես ճշմարտություն: Ընդ որում, նման քաղաքականությունը արտացոլվում է ադրբեջանական ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական կայքերում, ինչը միասնական պետական-հասարակական տեղեկատվական քաղաքականության արդյունք է:
-Մենք էլ երեւի ձեռքներս ծալած չենք նստում:
-Անշուշտ. Հայաստանն ուղղակի հարկադրված է ձեռնարկել համապատասխան քայլեր` ուղղված հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործության չեզոքացմանը, հասարակության, այդ թվում նաեւ զինծառայողների պաշտպանությանը:
-Եկեք խոսենք կոնկրետ օրինակներով: Ի՞նչ քայլեր:
-Խնդրեմ. ձեր հարցին պատասխանելու համար նպատակահարմար է վերլուծել չեչենական առաջին պատերազմի պայմաններում ՌԴ ԶՈՒ-ի առանձին հրամանատարների, շտաբների եւ դաստիարակչական մարմինների առջեւ ծառացած խնդիրները` կապված հակառակորդի տեղեկութահոգեբանական ներգործության նվազեցման եւ յուրային անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի պատշաճ մակարդակի պահպանման հետ:
-Ինչո՞ւ եք քննության առնում հենց առաջին չեչենական պատերազմի օրինակը:
-Որովհետեւ այդ պատերազմում առավել ցայտունորեն են երեւում տեղեկութային պատերազմի ոլորտում թույլ տրված սխալներն ու այն գործոնները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել` հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործությունը չեզոքացնելու եւ նրա դեմ հարձակողական բնույթի հոգեբանական օպերացիաներ պլանավորելու դեպքում:
-Լավ: Ո՞րն է չեչենական պատերազմի «առաջին դասը»:
-Չեչնիայում ռազմական օպերացիաների սկզբնական փուլում բավական երկար ժամանակ չկար դաշնային զորքերի կողմից ծավալվող գործողությունների հստակ ու համոզիչ հիմնավորում, ինչը չէր կարող բացասաբար չազդել զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա…
-Ինչպես եւ Ադրբեջանի զորքերը բավարար հիմնավորում չունեին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի տարիներին:
-Այո՛: Ի դեպ՝ այսօր էլ չունեն, թեպետ իրենց պարտությունից դասեր քաղելով՝ լայնածավալ պետական քարոզչություն են իրականացնում՝ այդ բացը լրացնելու նպատակով: Ասեմ, որ դա կարող է որոշակի արդյունք տալ: Այդ է վկայում հենց նույն՝ չեչենական պատերազմում չեչենների հրամանատար Դուդաեւի ռազմավարությունը: Նրա զինված կազմավորումներում գործում էին հոգեբանական օպերացիաների ոլորտի 60-ից ավելի մասնագետներ, որոնք տեղեկութային ներգործության միջոցներից կարեւորում էին տպագիր քարոզչությունը: Դեռ մինչեւ դաշնային զորքերի մարտական գործողություններ սկսելը նրանք արդեն թռուցիկներ էին տարածել` նենգադուլի, Չեչնիայի տարածքում մարտական խնդիրների կատարումից հրաժարվելու կոչերով…
-Մամուլն էլ չմոռանանք:
-Իհարկե. Դուդաեւյան քարոզչության համար հզոր «զենք» էին նաեւ Ռուսաստանի որոշ կենտրոնական հրատարակություններ: Դաշնային զորքերի համար միայն առաջին` ամենադժվար ամսվա ընթացքում երեք թերթերում («Արգումենտի ի ֆակտի», «Իզվեստիա», «Մոսկովսկի կոմսոմոլեց») տպագրվեցին բազմաթիվ հակաբանակային նյութեր: Այդ նույն ժամանակահատվածում Չեչնիայում զարգացող իրադարձությունների մասին ՌԴ համապատասխան կառույցների պաշտոնական տեղեկույթի ծավալը կազմում էր ամբողջ հաղորդումների միայն 5 %-ը:
-Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ Հայաստանում՝ 1990-ականների սկզբներին:
-Ցավոք, այո՛: Բավական է հիշել Վազգեն Սարգսյանի 1992 թ. օգոստոսի 15-ի հեռուստաելույթը: Ի՞նչ էր ասում Սպարապետը. «Ավելի ամբարտավան, ավելի դավաճանական մամուլ, քան Հայաստանի կուսակցական մամուլն է, ես չեմ պատկերացնում… Մեր մամուլը բավական է, որ թշնամին մեր մասին հրաշալի պատկերացում ունենա: Արծվաշենի դեպքերից ընդամենը մեկ ամիս առաջ (արդեն մեկ ամիս առաջ) կուսակցական մամուլը գրում էր՝ «Հաջորդը Արծվաշենն է. որքա՞ն կդիմանա Արծվաշենը»: Ես Արծվաշենի ժողովրդին չեմ մեղադրում: Եթե թերթերը մեծատառերով, խոշոր տպագիր տառերով գրում են, թե հաջորդը Արծվաշենն է, եւ՝ որքան է Արծվաշենը դիմանալու, եւ էդ մասին կարդում է թշնամին՝ «Էստի համեցեք»-ի պատմությունն է»:
-Այո՜, մոռացել էի այդ մասին:
-Սպարապետի խոսքի շարունակությունն է՛լ ավելի բնորոշ է եւ ուսանելի՝ հոգեբանական պատերազմի տեսանկյունից. «Հասարակ մի ինֆորմացիան, թե այսինչ տեղում այսքան զոհեր ենք տվել, եւ այսինչ տեղում թշնամին ունեցել է հաջողություններ, կոտրել է մեզ: Այդ ինֆորմացիան, որ շահարկվում է, ընդամենը ինֆորմացիա չէ. դա կուտակվում է կաթիլ-կաթիլ, եւ էդ ինֆորմացիան արմատներ է տալիս, եւ էդ ինֆորմացիան տարածվում է մթնոլորտում, ու էդ մթնոլորտը փչացնում է ժողովրդի ոգին: Կատարվեց այն սխալը, ինչ մինչ այդ կատարվում էր Ադրբեջանում: Մեր հաջողությունների ամբողջ ընթացքում ադրբեջանական մամուլը, ադրբեջանական հեռուստատեսությունն անընդհատ աղաղակում էր, թե հայերը զինված են ինչ-որ արտառոց զենքով, որ հայերը պլանավորում-կազմակերպում են Ադրբեջանի մեծամեծ տարածքների գրավում, ադրբեջանական ժողովրդի կոտորած եւ այլն, եւ այլն: Իբր թե քաղաքական ինչ-որ դիվիդենտներ ձեռք բերելու միտումով՝ նրանք կոտրեցին ժողովրդի ոգին:
Մենք արագ գնացինք նույն ճանապարհով: Նորից եմ ասում, իրականում ոչինչ չէր կատարվում: Իրականում նույն կռվող ուժերն էին, իրականում նույն Ադրբեջանն էր, իրականում նույն հայ զինվորներն էին, որոնք ընդամենը տասն օր առաջ տանում էին գեղեցիկ հաղթանակներ, եւ ընդամենը տասն օր հետո, առաջին անհաջողությունից հետո, սկսեցին կազմալուծվել: Ոգեւորությունը կորավ, մարտունակությունը կորավ, որովհետեւ մեր մամուլը, մեր հեռուստատեսությունը, մեր պրոպագանդան, մեր կուսակցությունները մեր պաշտպանության, մեր ոգու հե՛րն անիծեցին»:
-Փաստորեն, մենք կարող ենք դասեր քաղել նախեւառաջ մեր փորձից:
-Այո՛: Թեպետ, ճիշտն ասած, ես կգերադասեի, որ մենք սովորեինք ուրիշների սխալներից:
-Ուրեմն անդրադառնանք չեչենական պատերազմին: Դուդաեւի քարոզչությունից էիք խոսում:
-Նրա ռադիոքարոզչությունը նույնպես արդյունավետ էր, եւ դաշնային զորքերի առանձին զինծառայողներ ընկնում էին դրա ազդեցության տակ, ինչի հետեւանքով էլ նրանց մեջ երկմտություն էր առաջանում: Օրինակ` 80-հազարանոց դաշնային զորամիավորման անձնակազմի 42 %-ը բարոյապես անկայուն էր եւ կասկած ու անվստահություն էր տածում մարտական գործողությունների վարման օրինականության նկատմամբ (շարքայինների եւ սերժանտների 76 %-ը, կրտսեր սպայական կազմի 62 %-ը): Ըստ ՌԴ ԶՈՒ-ի դաստիարակչական աշխատանքի գլխավոր վարչության տվյալների` յուրաքանչյուր երկրորդ զինվոր ու սպա մինչեւ մարտական օպերացիաները խորը մտորումների մեջ էր ընկնում, թե հանուն ինչի են իրենք իրենց կյանքը վտանգի ենթարկում:
-Ինձ թվում է, որ այս հարցում մենք, ի տարբերություն Ադրբեջանի, խնդիրներ չունենք:
-Այո՛, չունենք, բայց կունենանք, եթե այդպես մտածելով՝ ոչինչ չանենք: Դուդաեւյան մասնագետները մեծ աշխատանք էին կատարում ինչպես հակառակորդի զորքի բարոյալքման, այնպես էլ յուրային զինված կազմավորումների մարտական ոգու բարձրացման, նրանց թվում եղած տարբեր ազգերի ներկայացուցիչների բարոյահոգեբանական միասնության ապահովման ուղղությամբ:
Շարունակելի
Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմական