Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՄԵՂՔ ՉՀԱՄԱՐՎԵՑ



Մի ազնվական այնքան իրավասեր եւ արդարամիտ էր, որ նույնիսկ դատի ժամանակ մարդու երեսին աչք չէր գցում։ Սա մի անգամ երբ հիվանդացավ եւ մահճի մեջ պառկած էր մերձակա սենյակում, կնոջ աղաղակ ու ողբ լսեց եւ հարցրեց պատճառը, բայց ոչ ոք չհամարձակվեց ստույգ պատմել։ Ապա սպասավորներից մեկին ուղարկեց եւ նրան խստորեն պատվիրեց, որ իրողության ստույգությունն իրեն ասի։ Նա էլ, ահով իմանալով, պատասխանեց.

-Տե՛ր, քո քեռորդին կամենում էր մի կնոջ լլկել, եւ դա էր աղաղակի պատճառը։

Իշխանը սաստիկ զայրանալով՝ զորականներին հրամայեց քեռորդուն կախել։

Իսկ նրանք, կեղծ հնազանդություն հայտնելով, միմյանց ասում էին. «Եթե սպանենք այս մեծազգի երիտասարդին, մեր տերն էլ, ինչպես հավատալի է, մեռնի, կա՛մ մեզ կսպանեն, կա՛մ կաքսորեն»։

Ապա երիտասարդին ամեն բան տեղեկացրին եւ խրատ տվեցին, որ քեռու երեսից որեւէ տեղ թաքնվի։

Եվ մի ժամից հետո զորականները տիրոջ մոտ մտան եւ ասացին, թե՝ «Հրամանդ կատարեցինք»։

Իսկ հինգերորդ օրը երիտասարդը կարծելով, թե քեռին իր պատիժն անտեսել է, դուռը բացեց, ներս նայեց։ Երբ հիվանդը տեսավ, մեղմաբար նրան իր մոտ կանչեց, մի ձեռքով նրա պարանոցից բռնեց, իսկ մյուսով սուսերը ծածկաբար հանելով` կոկորդը կոխեց։ Եվ այսպես մեծ ողբով եւ սրտի հառաչանքով մեռածին դուրս հանեցին։

Այս գործը ողջ գավառին հույժ գարշելի թվաց՝ իշխանի ցավն էլ ցավի վրա ավելացնելով։ Երբ հիվանդությունը սաստկացավ, եպիսկոպոսի մոտ մարդ ուղարկեց՝ հայցելով սուրբ խորհուրդը։ Երբ եպիսկոպոսը եկավ, իր բոլոր մեղքերը մեծ զղջումով խոստովանեց, բայց երիտասարդին սպանելու համար լռեց, ինչի համար էլ եպիսկոպոսը բարկանալով՝ ասաց.

-Ինչո՞ւ ես մարդասպանությունդ թաքցնում, չէ՞ որ սպանել ես քեռորդուդ։

-Մի՞թե դա մեղք է,- հարցրեց նա։

-Շատ մեծ,- ասաց եպիսկոպոսը։

Իշխանն էլ պատասխանեց.

-Ես այն մեղք չեմ համարում եւ Տիրոջից դրա համար թողություն չեմ խնդրում։

Ապա եպիսկոպոսն ասաց.

-Ես էլ քեզ հաղորդություն չեմ տա, մինչեւ չխոստովանես այդ մեղքդ։

Այնժամ իշխանն ավելացրեց.

-Իմացի՛ր, հա՛յր սուրբ, որ ես ոխակալության համար չէ, որ սպանել եմ նրան, կամ էլ սրտիս զայրույթից, այլ միայն Աստծո երկյուղից եւ արդարության ցանկությունից։ Ոչ ոք երբեք այնքան չի սիրում իր քեռորդուն, ինչքան ես էի նրան սիրում։ Եթե ինձ տերունական մարմինը չտաս, ես իմ հոգին ու մարմինը Նրան կհանձնեմ։

Այս ասաց ու արեց օրինակի համար, միգուցե ընդդեմ արդարության եւ դատաստանի երեւա ինչ-որ պակասություն, որ գործվել է։

Դեռ եպիսկոպոսը սենյակի շեմը չէր անցել, երբ հիվանդը ձայնեց նրան՝ ասելով.

-Դարձի՛ր, հա՛յր սուրբ, դարձի՛ր, տե՛ս, տերունական մարմինը մասնատուփի մե՞ջ է։

Երբ բացեց եւ ոչինչ չգտավ, իշխանը նրան ասաց.

-Ահավասիկ այն, որ դու հրաժարվեցիր ինձ տալուց, նա ինքն ինձնից չհրաժարվեց։

Եվ սուրբ խորհուրդը երեւաց նրա բերանում։ Եվ նրա հետ կատարվեց այն, որ Աստվածային Գիրքն է ասում. «Սիրե՛ք արդարությունը, ովքեր դատում եք երկիրը։ Ծառայե՛ք Տիրոջը բարությամբ եւ խնդրե՛ք Նրան ուղղությամբ, քանզի բնակվում է նրանց մոտ, ովքեր չեն փորձում Նրան, եւ հայտնվում է նրանց, ովքեր ապավինում են Նրան»։

Իսկ եպիսկոպոսը սարսափահար այս սքանչելիքների մասին էր պատմում ամենուրեք։

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Հոգևոր-մշակութային


23/11/2011