ԾԻՐԱՆԱՓՈՂԻ ՄԵՂԵԴՈՒ ՏԱԿ…
Պատմում է Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) եղբայրը՝ Բագրատը
Հայրս վերցնում էր դուդուկը, եւ ծիրանափողի աստվածային մեղեդին հորդում էր դուռ ու պատուհանից, լցվում շուրջբոլորը, հետո անտես բարձրանում-բարձրանում էր վեր ու խառնվում երկնքի ջինջ կապույտին։ Այսպես, մեղեդու լեզվով իրենց խոսքուզրույցն էին սկսում ծնողներս։ Ու կոմիտասյան մեղեդիները սրբում-տանում էին տխրությունը, տեղը թողնելով հույսի ու լուսավոր թախիծի։ Մայրս՝ Նոռան, Հովհաննես ամուսնուց գաղտնի սրբում էր արտասուքն ու զուլալ, պարզ ու հուսադրող հայացքով նայում ամուսնուն։ Իսկ Արցախում պատերազմ էր։ Չորս եղբայրներով՝ Նվերը, Գագոն, Արայիկը ու ես, ամեն մեկս իր կարողության չափով, փորձում էինք սատար կանգնել վտանգված հայրենիքին, որովհետեւ ծիրանափողի հնչյունների ավարտից հետո հաճախ էր լսվում հորս խոսքը.
-Ես չորս տղա ունենամ, ու թուրքը ինձնից հո՞ղ ուզի։ Չէ, էս անգամ չի էղնի,- մշեցու բարբառով ասում էր հայրս։
-Չի էղնի, հայրիկ, էս անգամ չի՛ էղնի, մայրիկ,- ու իր հաղթ բազուկները տարածում էր դեպի ծնողները եղբայրս՝ Գագիկը, որին Հեթանոս Գագո էին ասում՝ Գառնիի տաճարում իր տված երդումի համար։
Գարուն էր, մարտ ամիսը։ Դուռը ծեծեցին։ Հայրս մի կողմ դրեց դուդուկն ու դուռը բացեց։ Շեմին Գագիկի մարտական ընկերներն էին՝ Հովիկը, Զավենը, Արշակը… Նոռա մայրս տղաներին ներս հրավիրեց։ Մայրս վախեցավ որեւէ բան հարցնել, որովհետեւ զգում էր՝ լռության հետ ներս էր մտել գույժը։ Հետո երեք օր ձգվեց լռությունը, սպասում… Հեթանոս Գագոն՝ եղբայրս, Քարվաճառում Օմարի բարձունքը պահելիս կռվել էր մինչեւ վերջին փամփուշտը ու ընկել հերոսի մահով (դա 1994-ի մարտի 16-ն էր)։ Երեք օրվա բանակցություններից հետո թշնամին վերադարձրեց Գագիկի աճյունը։ Փոխանակելիս ընկերները զարմացած նայել էին թշնամու զինվորներին՝ էս ո՞նց չեն պղծել դիակը, ո՞նց չեն դարձրել անճանաչելի։
-Իգիթ տղա էր, քաջ, հայրենասեր, ես չեմ թողել, որ դիակը պղծեն։ Հերոսները, ինչ ազգի էլ լինեն՝ արժանի են հարգանքի,- ասել էր թշնամի հրամանատարը։
Գագիկ Ստեփանյանին՝ Հեթանոս Գագոյին Եռաբլուրում հուղարկավորեցին 1994-ի մարտի 23-ին։ Սահմաններում մարտեր էին, ու հրամանատարը՝ Համլետ Մկրտչյանը, չկարողացավ մասնակցել թաղմանը։ Մյուս առավոտ, երբ լույսը դեռ լրիվ չէր բացվել, նորից դուռը ծեծեցին։ Մայրս՝ Նոռան, դուռը բացեց։ Շեմքին հրամանատար Համլետ Մկրտչյանն էր.
-Նոռա մայրիկ, երեկ չկարողացա գալ Գագիկին հրաժեշտ տալ, գիշերը տեղ հասա, հիմա գալիս եմ Եռաբլուրից,- ասաց ու համբուրեց մայրիկիս ձեռքը։
Մայրս իր հերթին համբուրեց Համլետի ճակատը.
-Ես չորս տղա եմ ծնել հայրենիքի համար։ Էս անգամ թուրքը պարտվելու է,- ասաց ու հայացքը հառեց կողքին կանգնած ամուսնուն՝ հայրիկիս։ Նրանց հայացքները հանդիպեցին։ Ես երբեք նրանց այդպես վեհանձն ու հպարտ չէի տեսել։ Թվաց` որդեկորույս ծնողներիս հայացքները միախառնվեցին ու ծիրանափողի մեղեդու հնչյունների հետ բարձրացան-բարձրացան կապույտ երկինք, որտեղ երեւի սավառնում էր եղբորս հոգին, ում զոհվելն ու հուղարկավորությունը համընկավ Հայոց Վիշապաքաղ Վահագն Աստծո ծննդյան օրվան։
-Վահագնապաշտ որդուս մահը որդուս ծնունդը դարձավ,- ասաց մայրս եղբորս հրամանատարին։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր