ՀԱՆՈՒՆ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ»
Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության վերլուծաբանների կարծիքով, Հյուսիսային Կովկասի և Ուզբեկստանի մահմեդական շարժման (ՈՒՄՇ) զինյալները, ոգևորվելով Մերձավոր Արևելքում մահմեդական ուժերի իշխանության գալուց, կարող են միավորվել՝ հանուն մահմեդական խալիֆայություն ստեղծելու գաղափարի: Ուզբեկստանի ԱԱԾ վերլուծական բաժնի աշխատակից Ա.Տաշիրովի խոսքով, ապացուցված է, որ ՈՒՄՇ զինյալները համագործակցում են չեչեն անջատողական Դոկու Ումարովի ավազակախմբերի հետ՝ միասին մարտնչելով Աֆղանստանում: Մասնավորապես, 2010թ. ամռանը Վազիրիստանում սպանվեց ՈՒՄՇ երկու զինյալ, մեկը` Դաղստանի քաղաքացի, մյուսը՝ Ադրբեջանի: Արևելագետ Ե. Ֆադեևայի խոսքով, կովկասցիներից բաղկացած ավազակախմբերը փոքր խմբերով տեղաբաշխված են ամբողջ Միջին Ասիայի տարածքում, թեպետ նրանց հիմնական մասը Աֆղանստանում է:
Կովկասցիների և ՈՒՄՇ զինյալների կապը բացատրվում է այն հանգամանքով, որ ինգուշների, չեչենների և Կովկասի այլ ժողովուրդների որոշ ներկայացուցիչներ ծնվել և ապրել են Միջին Ասիայում և անձնական ծանոթություններ ունեն Ղազախստանում, Ղրղըզստանում, Ուզբեկստանում: Բանն այն է, որ 1944թ. խորհրդային իշխանությունները Հյուսիսային Կովկասի մոտ 500 հազար ներկայացուցիչների, այդ թվում` չեչենների, ինգուշների, կարաչաևցիների, բալկարցիների, ադրբեջանցիների, աքսորել են Միջին Ասիա, որտեղ նրանք ապրել են մինչև 1989թ., երբ սկսվեց նրանց զանգվածային վերադարձը Հյուսիսային Կովկաս:
Դ.Ումարովը պայքարում է «ռուսական տիրապետությունից ազատ» Կովկասյան ամիրայություն, իսկ ՈՒՄՇ-ը՝ Միջինասիական խալիֆայություն ստեղծելու համար: Պակիստանի «Խորսանա» խմբավորման ահաբեկիչներն էլ այս տարվա հոկտեմբերին հեռուստակոչով դիմել են «Կովկասի մահմեդական եղբայրներին»՝ առաջարկելով հիմնել «գլոբալ խալիֆայություն» և հանուն դրա ջիհադ սկսել: Ուշագրավ է, որ այս գաղափարները տարածվում են նաև Ռուսաստանի և Չինաստանի տարածքներում. Ռուսաստանում «խոպան» գնացածների մեջ ստեղծվում են ջամոաթներ՝ մահմեդական ինքնակառավարման մարմիններ, իսկ Չինաստանում խալիֆայության գաղափարի հետևորդներին են միանում ույգուրները՝ այդ երկրի Ույգուրական ինքնավարության տարածքը հռչակելով խալիֆայության մաս:
Իրավիճակը, ամենայն հավանականությամբ, ավելի կբարդանա 2014թ. հետո, երբ ԱՄՆ-ը իր զորքերը դուրս կբերի Աֆղանստանից: «Շշից բաց թողնված ջինը»՝ մահմեդական խալիֆայության գաղափարը, կհամակի վիթխարի տարածք՝ Միջերկրական ծովից մինչև Չինաստան, և կսպառնա վերածվելու «երկրորդ ժանտախտի»՝ գերմանական ֆաշիզմից հետո: Ի՞նչ պակաս նախադրյալ է համաշխարհային պատերազմի համար:
Պատրաստեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ռազմաքաղաքական