Ո՞ՒՄ ԴԵՄ Է ՈՒՂՂՎԵԼՈՒ ԱՄՆ-Ի ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄԸ
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինն անցյալ շաբաթ հայտարարեց, որ ԱՄՆ-ը ծրագրում է Հյուսիսային, Բալթիկ և, միգուցե, Բարենցի ծովերում տեղակայել «Իջիս» համակարգի կառավարելի հրթիռային զենք կրող նավատորմ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարի՝ սպառազինության և միջազգային անվտանգության վերահսկման հարցերով տեղակալ Էլեն Թոշերը՝ Ռոգոզինի գրավոր հարցմանը պատասխան նամակում: Ամերիկացիների խոսքով, նավատորմը տեղակայվելու է միայն «ժամանակավորապես», և նախատեսված է լինելու «Եվրոպայի հարավից բալիստիկ հրթիռների վտանգը չեզոքացնելու համար»:
Սակայն Դ.Ռոգոզինը նշել է, որ «Եվրոպայի հարավի ոչ մի երկիր չունի ոչ մի բալիստիկ հրթիռ, որն ունակ լինի հասնելու հյուսիսային ծովեր»: Ուստի, հայտարարել է Ռոգոզինը, «մեր ելակետն այն է, որ հյուսիսային ծովերում ամերիկյան նավատորմի տեղակայումը փորձ է՝ վերանայելու ԱՄՆ և Ռուսաստանի միջև ռազմավարական հավասարակշռությունը և չեզոքացնելու ռուսական միջուկային ներուժը»: Ինչ վերաբերում է նավատորմի տեղակայման ժամանակավոր լինելուն, ապա Ռոգոզինն ասել է՝ «ոչինչ այնքան մնայուն չէ, ինչքան ժամանակավորը»:
Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի (ՌԴ) նախագահ, պահեստի գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովի խոսքով, «ռուսական ռազմական փորձագետները չեն հավատում, որ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համալիրները ուղղվելու են Իրանի, Հյուսիսային Կորեայի կամ որևէ այլ երկրի դեմ»: Նա նշել է, որ ԱՄՆ-ը արդեն իսկ ստեղծել է 21 հակահրթիռային նավ և շարունակում է ավելացնել դրանց քանակը, այդ ծրագիրն ակտիվորեն ֆինանսավորվում է: ԱՄՆ-ը փորձարկում է նաև լազերային զենք կրող «Բոինգ-747» ինքնաթիռը, «և այդ ամենն արվում է Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ»:
Պատրաստեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ռազմաքաղաքական