Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ՀԱՅԿԸ



ՀԵՐՈՍ ՀԱՅԿԸԱրցախյան վերջին պատերազմը քաշաթաղցիներին ոտքի հանեց, և շրջանի բոլոր բնակավայրերից կամավորականներ ու պահեստազորայիններ մեկնեցին առաջնագիծ։ Վերջին տվյալներով՝ շրջանից այս պատերազմում զոհվել է 39-ը, անհայտ կորել՝ 36-ը։ Զոհվածների թվում է նաեւ Աղավնոյի հովտի Ծիծեռնավանք համայնքի կազմի մեջ մտնող Տանձուտ գյուղի 40-ամյա բնակիչ Հայկ Բորիկի Մուսայելյանը, որը եղբոր՝ Շամշադի ու Աղավնոյի հովտի այլ կամավորների հետ առաջնագիծ հասավ պատերազմի առաջին օրը՝ որպես հրետանավոր և մինչև կյանքի վերջին օրը՝ 2020 թ. հոկտեմբերի 4-ը, հերոսաբար մարտնչեց ու երկու մարտական ընկերների հետ նահատակվեց թշնամու ԱԹՍ-ի հարվածից։ Հայկը ծնվել է 1980 թ. հուլիսի 28-ին Չարենցավան քաղաքում։ 1-ին և 2-րդ դասարաններում սովորել է Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է թիվ 6 հիմնական դպրոցում։ 1994 թվականին Տանձուտ գյուղը շրջանի առաջին վերաբնակեցված բնակավայրերից էր, և Բորիկ Մուսայելյանի ընտանիքը՝ Շամշադ, Հայկ և Գոռ որդիներով, Չարենցավանից տեղափոխվեց այստեղ ու մինչ տարածքի՝ թշնամուն հանձնելը մնաց ազատագրված հողի տեր։ Դպրոցի առաջին տնօրեն Կամո Պետրոսյանը սիրով է ներկայացնում իր սանին. «Դպրոց ընդունվեց արդեն 8-րդ դասարանում։ Բոլորի կողմից սիրված աշակերտ էր ու դասընկեր։ Շատ բարի ու հանգիստ բնավորություն ուներ Հայկը։ Մեծ ցավ է՝ անցյալով նրա մասին խոսելը»։

…Հայկը երկու տարի ծառայել է Արցախի հարավային զորամասերից մեկում՝  որպես հետախույզ ու տուն եկել, դարձել հայրենի Տանձուտի շենացնողներից մեկը։ Տանձուտ գյուղում այդ տարիներին գործում էր «Արցախ կաթ» գործարանի կաթի ընդունման կետ, որտեղ աշխատանքի է անցել Հայկը որպես ավագ ինժեներ։ 2018 թ. սկսեց աշխատել իրենց գյուղի մոտակայքում գործող «ԱՂԱՎՆՈ» փոքր հէկ-ում։

Հայրենիքի զինվորի համար ճակատագրական եղավ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որը մեր ազգից խլեց հազարավոր քաջորդիների, հայրենիք…։ Արցախ աշխարհի պաշտպանության համար կռվի ելավ նաև Հայկը և զոհվեց՝ չտեսնելով իր պաշտպանած տարածքների,  սիրելի Տանձուտի կորուստը։ Հերոսի մարմինը 2020 թ. հոկտեմբերի 8-ին հողին հանձնեցին իր ծննդավայր Չարենցավանի գերեզմանատանը:  Նահատակվելու օրը մեծ աշխատանք էր կատարել քաջորդին. նրա վերջին խոսքերն են եղել՝ «Ախպե՛ր, առավոտից 300 սնարյադ խփել եմ, մնում է 5 հատ էլ խփեմ ու գամ…»։

Հայկի եղբոր՝ Շամշադի դուստրը՝ Վարդանուշը, հորեղբորը համարում է օրինակելի անձնավորություն, որից շատ բան է սովորել։ «Նա անմիջական մարդ էր, մեծերի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր։ Այս բնավորության և բոլորին օգնելու պատրաստակամության համար շատերն էին սիրում Հայկ հորեղբորս։ Հիշում եմ՝ ինչպիսի խանդավառությամբ մեկնեց ճակատ։ Իր կյանքը զոհելով՝ ապացուցեց, որ քաղցր է հայրենիքը՝ Արցախ աշխարհը։ Բոլորին կպատմեմ հորեղբորս, նրա սխրագործությունների մասին, որի շնորհիվ միշտ ապրելու եմ հպարտ։», – ասում է Վարդանուշը։

Հայկի ընկերոջ դուստրը՝ Ալվարդ Սերոբյանը, նշում է. «… Բոլոր հոպարներիցս առավել սիրել եմ Հայկին։ Նա ընկերություն էր անում մեզ՝ փոքրերիս հետ։ Բարի էր, մեր ոչ մի խնդրանք, առաջարկ անպատասխան չէր թողնում, անպայման կատարում էր։ Բոլորին օգնում էր, աջակցում…»։

Հուսանք՝ կգա օրը, էլի կմիավորվենք, կհամախմբվենք, մեր բանակն էլի կհզորանա, և հազարավոր նահատակների հոգիները հանգիստ կգտնեն..

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #01 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Ճակատագրեր


15/01/2021