Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՆԿ, ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ



ԹԱՆԿ, ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂՈւսումնական զորամասում վեցամսյա ծառայությունից հետո կրտսեր սերժանտ Գագիկ Գեւորգյանը՝ որպես տանկի հրամանատար, տեղափոխվեց սահմանային զորամաս: Աշխարհից կտրված էր ծառայավայրը, բայց իր սրտով էր. տարիներ առաջ զինվորական պապը` Էլբրուս Գեւորգյանը, հենց այս տարածքում էր կռվել, մասնակցել Վարանդայի ազատագրմանը:

…Սեպտեմբերի 27-ի առավոտը տագնապով բացվեց՝ թշնամին լայնածավալ հարձակման էր անցել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով: Զորամասի գլխին հակառակորդի անօդաչուներն էին պտտվում, հետո արդեն առաջին ինքնաթիռը հայտնվեց…

Կրակի տեղատարափ էր, թշնամին ինչ զինատեսակից ասես չէր կրակում…

-Կռվի առաջին 10-15 րոպեներն էին դժվար, անորոշ, տագնապներով լի: Մի որոշ ժամանակ անց, երբ առաջին արկը կրակեցինք, ու նշանակետն էլ խոցվեց, վախի զգացողությունն արդեն անցավ,- պատմում է Գագիկը:- Մեր արձակած առաջին արկով վերացրինք թշնամու կենդանի ուժը՝ անտառամեջի երկու տանն էին կենտրոնացել ու պեկայով անընդմեջ կրակում էին մեր ուղղությամբ: Երբ առաջին տունը խփվեց, մեր նշանառուն միանգամից երկրորդ տունն էլ թիրախավորեց: Մեր կողքի տանկն էլ մի ՀՄՄ խոցեց: Ոգևորվածությանը չափ ու սահման չկար, անպատմելի էր մեզ համակած ուրախությունը: Հրամանատարը՝ մայոր Մովսիսյանը, կապով միացավ՝ ապրե՛ք, տղե՛րք…

Նշանակետերը խոցելուց հետո վերադարձանք խրամատ, որ հանկարծ չթիրախավորվենք կամիկաձեների կողմից, գիշերն էլ դիրքը փոխեցինք:

Շուրջբոլորը մահն էր սուրում, բայց իրենք, տանկի մեջ նստած, հետագա պլաններից էին խոսում, ապագայի ծրագրեր կազմում:

– Ես ֆուտբոլիստ եմ ու ինձ պատկերացնում էի «Բարսելոնա»-ի թիմում,- Գագիկը պատերազմական օրերի վառոդաբույր ժպիտներն է մտաբերում,- Գեղամը՝ մեր տանկի մեխանիկ վարորդը, երազում էր մեծ ու սիրուն տուն կառուցելու մասին, նշանառու օպերատոր Ալբերտն էլ, որ լավ դհոլ էր խփում, խոստանում էր մեր հարսանիքները դհոլով ծաղկեցնել: Երեքս էլ սիրած աղջիկ չունեինք, բայց արդեն մտովի ընտանիք էինք կազմում, պատկերացնում էինք մեր ընտրյալներին… Մահը մեր կողքին, մենք երազում էինք… Տանկիս անձնակազմը կատակով հոգուս հետ էր խաղում՝ լա՛վ, բավական է երազես, ամենաերկարը դու ես այստեղ մնալու, դեռ ինչքա՜ն ունես ծառայելու… Ես իրենցից ուշ էի զորակոչվել, բայց վիրավորվելուս պատճառով իրենցից շուտ զորացրվեցի…

Մինչ այդ, Գագիկի հայրն էլ որպես կամավոր եկել էր առաջնագիծ: Հայր ու որդի կռվում էին միմյանցից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

– Հոկտեմբերի 9-ին գլխից վիրավորվեցի: Այդ օրը տանկային հզոր գրոհ էինք ձեռնարկել հակառակորդի դեմ: Հայրս կողքի պոստի դիտակետում դիտորդ էր, տեսել էր՝ արկը ոնց պայթեց մեր ուղղությամբ…

Թե քանի հոսպիտալ էին տարել, որտե՞ղ առաջին օգնությունը ցույց տվել, որտե՞ղ վիրահատել, Գագիկը ոչինչ չի հիշում. անգիտակից վիճակում է եղել, արթնացել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցում: Հայրն էլ նույն օրը՝ երեկոյան է վիրավորվել:

– Հենց վիրավորվելուս օրը մեր բակի տղաների կողմից իմ սիրած քաղցրավենիքներով լի տուփն էր հասել ներքեւի դիրքեր, որտեղ հայրս էր կռվում, ամբողջը  բաժանել էր զինվորներին, իսկ մանկությանս ընկերների բարեմաղթանքի թղթերը պահել էր, որ ինձ հանձնի, հիմա էլ սրբորեն պահում եմ՝ թանկ մասունքի պես:

Պատերազմի օրերին փոքրիկ մի նամակը ջերմացնում է սիրտդ, կարոտ արթնացնում, զգում ես թիկունքի ուշադրությունը, հարազատ շունչը… Ես նամակով սնիկերս էի ստացել, վրան գրված էր՝ «Քաղաքում սիմպո տղա չի մնացել, հետ եկեք»… Նամակի տակ միայն հեռախոսահամար էր, անունը չկար: Որոշել էի՝ վերադառնալուց զանգել այդ համարով, շնորհակալություն հայտնել, բայց երբ վիրավորվել էի, արյունոտ համազգեստս՝ նամակը գրպանում, մնացել էր Ստեփանակերտի հոսպիտալում: Այդպես էլ չիմացա՝ ով էր նամակագիրը, գուցե իմ երազների բարձրահասակ աղջիկն է, գուցե արձագանքի…

Հերացու անվան հիվանդանոցում մի կին կար՝ Արուսյակը, որի ամուսինը եւս պատերազմի ժամանակ վիրավորվել էր, մի օր մի դրոշ բերեց, որի վրա Մոնթեի ստորագրությունն էր, ու ինձ ասաց, որ իմ անուն-ազգանունն էլ գրեմ ու ստորագրեմ… Մի տեսակ անբացատրելի զգացողություն էր՝ հերոսի ստորագրության կողքին դնել քո ստորագրությունը:

Հետո շատ եմ մտածել-մտորել՝ ո՞վ է հերոսը:

Հերոսը նա է, ով համազգեստի հարգը գիտի, ով երկրագնդի վրա մի ափաչափ մնացած, հային հայ պահող այս փոքրիկ հողակտորի համար կյանքն է տալիս, հերոս է կամավորը, որ թողած քաղաքի հանգիստ ու խաղաղ կյանքը, կանգնում է զինվորի կողքին, հերոս է բժիշկը, որ կյանքի գնով կյանք է պարգեւում, հերոս է նաեւ այն երեխան, որ իր խնայած կոպեկներով զինվորի համար քաղցրավենիք գնեց…

Հերոս էր ամբողջ ազգը, որ ապրում էր զինվորով…

Բայց մինչ օրս էլ չեմ հավատում պատերազմի այս ելքին: Արդար պայքար չէր, ուժերը՝ անհավասար. մի փոքր պետության դեմ կռվում էին Ադրբեջանը, Թուրքիան, վարձկան ահաբեկիչները… Հիվանդանոցում էի, երբ համացանցով տեսա, թե ինչպես էր մեր զորամասում Ալիեւը ադրբեջանական դրոշը բարձրացնում… Մենք ամեն երկուշաբթի մեր դրոշն էինք այնտեղ բարձրացնում: Տեսա նաեւ իմ տանկը՝ վրան դեռ իմ ու նշանառուի իրերն էին: Սիրտս կտոր-կտոր եղավ… Ոնց որ քեզ սեփական տնիցդ հանած լինեին… Քանի գիշեր չքնեցի այդ մղձավանջից, մտապատկերիցս երբեք չի ջնջվի այդ տեսարանը: Ես տանկս շատ էի սիրում, շատ-շատ, հարազատի նման… Տանկս Ապրիլյանի մասնակից էր, դասակիս հրամանատարը դրանով կռվել էր, հակառակորդը ֆագոտով խփել էր, բայց չէր պայթել, ուժեղ տանկ էր: Բայց երանի տանկս պայթեր ու իրենց չմնար… Հիմա նոր-նոր եմ հասկանում, թե ինչու էին մարդիկ տարիներով դառը քրտինքով ստեղծած տները այրում հեռանալուց առաջ….

Բայց ես հույսս չեմ կորցնում, վստահ եմ՝ տանկս էլ, հողն էլ վերադարձնելու ենք վաղ թե ուշ:

Համախմբվենք, հզորանանք, ազատագրենք թշնամու բռնազավթած մեր տարածքները: Այդ տարածքներում կռվել են պապս, հայրս ու ես…Այդտեղ իմ մարտական ընկերներն են զոհվել…

Հիմա սրտով եմ հասկանում, ամեն նյարդով զգում, երբ ասում են՝ թանկ, հարազատ հայրենի հող… Ու մենք մի օր այնտեղ դարձյալ ոտք ենք դնելու տիրոջ իրավունքով…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #01 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Ազգային բանակ


15/01/2021