Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԱՇՈՏԸ



«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԱՇՈՏԸ…21 տարի առաջ՝ 1999 թ. սեպտեմբերի 1-ին, ամենուր ուրախությունն էր  թևածում՝  դպրոց շտապող դպրոցականների, նրանց ուղեկցող ծնողների… Մի խոսքով՝ տոնական տրամադրություն էր:

Աշնանային այդ պայծառ օրը հրաշք տեղի ունեցավ Աշոտի և Արփինեի նորաստեղծ  ընտանիքում. «Հայ զինվորի» համակարգչային բաժնի պետ, մայոր Աշոտ Դալլաքյանը «ռեկորդ» սահմանեց. միանգամից երկու քնքուշ, չքնաղ էակների հայր դարձավ: «Տղա եմ ասել, է՜, իսկական տղամարդ».- լսվում էր այս ու այն կողմից…

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԱՇՈՏԸԴալլաքյանների ընտանեկան մեծ ուրախությունից ուղիղ 21 տարի հետո մեր Աշոտը ապացուցեց, որ ինքն իսկապես առյուծ է: Այս անգամ արդեն վտանգված Հայրենիքը պաշտպանող առյուծ: Երբ պայթեց պատերազմը, նա առանց երկմտելու կամավորագրվեց ու մեկնեց ճակատ: Իր մեկնելու մասին նա չբարձրաձայնեց ո՛չ կնոջը՝ Արփինեին, ո՛չ էլ քսանմեկամյա իր դուստրերին՝ Լիլիթին ու Լուսինեին: Եվ գնաց պաշտպանելու իր պապերի, ապուպապերի բնօրրանը, ոստանը՝ չքնաղ Արցախը: Կռվեց ռազմաճակատի ամենաթեժ կետերում:

– Կռվի ժամանակ անվտանգ տեղ չի լինում, իսկ այս պատերազմի ժամանակ առավել ևս անվտանգ չէր  ռազմաճակատի և ոչ մի հատվածում,- ասում է Աշոտը:

Քսաներեք օր շարունակ նա քաջաբար իր բաժին կռիվն է տվել և կրակող ձեռքից ծանր վիրավորվելուց հետո նոր միայն հարկադրված լքել է մարտադաշտը:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ԱՇՈՏԸԱշոտը ծնվել, մեծացել է բժիշկների ընտանիքում, որտեղ մարդասիրությունը եղել է առաջին պլանում: Նրան միշտ գործընկերներով դրվատում էինք իր՝ հատկապես ուղղամիտ և ուղղախոս լինելու, հավասարակշռված պահվածքի համար: Նաև ազնիվ, մարդկային նկարագրով, պարտաճանաչությամբ և աշխատանքի նկատմամբ ամենայն պատասխանատվությամբ նա շատ կարճ ժամանակահատվածում սիրելի և ընդունելի դարձավ բոլորիս համար. դարձավ մեր Աշոտը՝ «Հայ զինվորի» Աշոտը:

Պատերազմում նրա մասնակցության մասին ֆեյսբուքից պատահականորեն իմացել է մայոր Տավրոս Ավագյանը: Չլիներ այս դիպվածը, երևի մենք շատ երկար ժամանակ, կամ էլ ընդհանրապես չիմանայինք պատերազմին մեր ընկերոջ  մասնակցության մասին: Տավրոսը, որը նույնպես ծառայել է «Հայ զինվոր» թերթում, Աշոտի անմիջական «հրամանատարությամբ», դիպուկ նկատեց. մեր համեստ Աշոտը, որը երբեք իր ներկայությունը զգացնել չէր տալիս, մշտապես դրսևորելով իսկական զինվորականին բնորոշ համեստություն ու պարկեշտություն, ապացուցեց, որ իսկապես արժանի է ոչ միայն «Հայ զինվորի» Աշոտը կոչվելու պատվին, այլև Հայրենիքի զինվոր ու պաշտպան լինելու կոչմանը:

Իսկ Աշոտը տխուր է: Երբեմնի մեր ուրախ ու զգայուն Աշոտը դարձել է անճանաչելի: Նրա մեջ կոտրվել, փշուր-փշուր է եղել մի մեծ, նվիրական երազանք…

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #01 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/01/2021