ԴԵՊԻ ՄԵԾ ՈՒ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ
– Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը զոհվել է սեպտեմբերի 30-ին: Նա վարել է մարտը ընդամենը 4 օր, ու այդ չորս օրվա ընթացքում նրա տեղորոշմամբ ու հրամանատարությամբ ոչնչացվել է թշնամու 37 տանկ ու գերեվարվել 3-ը,- ասում է լրագրող ընկերս: Ես չեմ հավատում ականջներիս:
– Երեսունյոթ տա՞նկ, հաստատ ինչ-որ բան շփոթում ես:
– Հեռախոսահամարն ասեմ, զանգիր Արթուրին, հարցրու,- վիրավորվում է ընկերս:
– Արթուրն ո՞վ է:
-Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի ընկերը: Կարծեմ՝ նաև ազգականներ են:
Ես զանգում եմ Արթուրին:
-Երեսունյոթ տանկ խոցել են, երեքը՝ գերեվարել,- կրկնում է Արթուրը, հետո ավելացնում,- Դավիթը բացառիկ մարդ էր: Ես կարող եմ ժամերով պատմել, թե նա որքան էր սիրում իր համազգեստը, զինվորականի մասնագիտությունն ու իր Հայրենիքը: Բայց կա ավելի հուզիչ մի բան՝ նրա սերը իր զինվորների հանդեպ: Էնքան կուզենայի, որ բոլորը լսեին, թե ինչեր էին պատմում Դավիթի զինվորներն իրենց հրամանատարի մասին, և ինչ սիրով էր հրամանատարը խոսում իր զինվորներից: Սպայի սերը իր զինվորների հանդեպ այն բարձր կետն է, որտեղից սկսվում են բոլոր առաքինությունները՝ հայրենապաշտությունը, մարդասիրությունը, անձնազոհությունն ու խիզախությունը:
-Դուք վաղո՞ւց եք ճանաչում Դավիթին-, հարցնում եմ Արթուրին:
-Դավիթը 17 տարեկան էր, սովորում էր Ռազմական համալսարանում, երբ ամուսնացա նրա քրոջ հետ:
…Ես ընդամենը ուզում էի ճշտել Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի հրամանատարությամբ ու տեղորոշմամբ խփված տանկերի քանակը, բայց հասկացա, որ հարցազրույց է սկսվել է, ու ինձ մնում է շարունակել այն…
-Ծնողները համաձայն չէին, որ Դավիթն ընդունվի ռազմական ինստիտուտ: Նրա հայրը զինվորական էր, գիտեր, թե որքան դժվար է սպայի ճանապարհը, և ամեն ինչ արեց, որ որդուն հետ պահի այդ դժվարություններից, բայց՝ իզուր: Դավիթն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Նա զինվորականի կատարելատիպ էր ինձ համար: Երևի հենց Դավիթի կերպարով են ձևավորվել իմ պատկերացումները իսկական զինվորականի մասին՝ ուժեղ, համարձակ, բայց զուսպ ու համեստ: Նա հանում էր կուրսանտական կամ զինվորական համազգեստն ու գնում այգի՝ ծնողներին օգնելու: Երբ արձակուրդ էր գալիս, ավելի շատ ընկերների հետ էր շփվում, քան հարազատների: Օգնում էր իր զինվորների ծնողներին, փորձում լուծել նրանց խնդիրները, որոնք ոչ մի կապ չունեին ծառայության հետ:
– Որտե՞ղ էր ծառայում փոխգնդապետ Դավիթ Ղազարյանը:
– Հադրութում: Յոթ տարի մարտական հերթապահություն է կատարել, յոթ տարի դուրս չի եկել խրամատից, բայց ոչ մի անգամ չի տրտնջացել: Նա սիրում էր Արցախը, Հայրենիքի սահմանները պաշտպանելը իր կյանքի գործն էր համարում:
-Փոխգնդապետը հասցրե՞լ էր ամուսնանալ:
-Այո՛, երկու երեխա ուներ: Ընտանիքն իր ծննդավայր Վեդիից տեղափոխել էր Հադրութ: Երբ ասում էինք՝ յոթ տարի խրամատից դուրս չես եկել, վերադարձիր Հայաստան, թող հիմա էլ մայրաքաղաքում ծառայող սպաները սահման պահեն, ասում էր՝ ես պիտի Արցախում լինեմ, քանի որ Արցախն ունի իմ կարիքը: Մենք հետո հասկացանք, որ, իրոք, Արցախը հենց Դավիթի նմանների կարիքն ուներ:
– Ապրիլյան կռվին է՞լ էր մասնակցել:
– Իհարկե: Վերջին պատերազմի ժամանակ, երբ զանգում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, չվախենաք: Հետո իմացանք, որ ամենաթեժ մարտերն է ղեկավարել: Երբ ինչ-որ բան էինք հարցնում իր մասին, թեման փոխում էր ու սկսում էր իր զինվորներից պատմել, ասում էր՝ հրամանատարի առաջին պարտականությունը զինվորի ոգին բարձր պահելն է: Ասում էր՝ նայում եմ հետ, որ տեսնեմ զինվորներիս, պարզում եմ, որ ինձնից առաջ են անցել: Նետվում եմ առաջ, նրանց թողնում թիկունքում, որոշ ժամանակ անց նորից նրանց գտնում եմ առջևում: Զինվորներն ասում են, որ չորս օր իրենց հրամանատարի ձայնը չի լռել: Բոլոր ռացիաներով նրա ձայնն է լսվել: Նա չի քնել ոչ մի րոպե, ղեկավարել է մարտը: Ոչ մի քայլ չի նահանջել, ոչ մի թիզ հող չի զիջել թշնամուն:
-Ինչպե՞ս զոհվեց:
-Տանկի հարվածից: Նրա զինվորները երդվել են, որ ինչ գնով էլ լինի, նահանջելուց առաջ պիտի ոչնչացնեն իրենց հրամանատարին խոցած տանկը: Ու կատարել են իրենց խոստումը: Զինվորները պատմում են, որ Դավիթը իր կյանքի վերջին երեք ժամերը ապրել է հերոսավայել:
-Երեք ժա՞մ է ապրել վիրավորվելուց հետո:
-Այո՛, հոսպիտալում է մահացել: Զինվորները պատմում են, որ գոռացել է՝ ի՞նչ եք հավաքվել շուրջս, գնացեք, կռվեք… Նույնիսկ կատակել է, թե՝ ոտքս մի պոկեք, մինչև հասնենք հոսպիտալ:
…Դավիթը հիմա Վեդիի զինվորական պանթեոնում է: Ու իր զինվորների սրտում: Մեր սրտում: Իմ կյանքը փոխվեց Դավիթի զոհվելուց հետո: Հիմա իմ թիկունքը բաց է: Նա սարի պես կանգնած էր յուրաքանչյուրի թիկունքին, ում ճանաչում էր: Նա մարդ- հենարան էր, մարդ-հերոս, մարդ-հարազատ բոլորի համար: Իմ կյանքն ուրիշ հուն մտավ:
– Ի՞նչ հուն…
– Նոր պարտականությունների հուն: Ես պիտի Դավիթի փոխարեն իմ կարողությունների չափով հոգամ նրա ծնողների, երեխաների հոգսերը, իրականացնեմ նրա երազանքները: Հատկապես մեծացել, կրկնապատկվել է հայրենիքի հանդեպ իմ պարտքը,: Ես սովոր չեմ սիրուն-հուզիչ բառեր ասել, բայց Դավիթը Հայրենիքի ազատության համար զոհեց իր կյանքը, հազարավոր քաջեր Հայրենիքի փրկության համար ընկան: Մենք պիտի շարունակենք նրանց սխրանքը, չթողնենք անավարտ… Մենք պարզապես իրավունք չունենք նրանց երազանքներից հրաժարվելու: Մոնթեն ասում էր՝ իմ կենացը մի՛ խմեք, այլ շարունակեք իմ գործը: Մենք՝ բոլոր հայրերս, այսուհետ պիտի ուրիշ կերպ ապրենք, մեր ամեն օրը պիտի լեցուն լինի, մեր ամեն օրը պիտի լինի մի քայլ դեպի բոլորիս գերագույն նպատակը, դեպի մեր երազանքի երկիրը, դեպի մեծ ու հզոր Հայաստան…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #01 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Ճակատագրեր