Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՆՔԻՑ ԹԱՓՎՈՂ ԸՆԿՈՒՅԶՆԵՐ



ՇԱՐՔԱՅԻՆ ԷՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԷՐՈՅԻՆՇԱՐՔԱՅԻՆ ԷՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԷՐՈՅԻՆ

 

Երբեմն սիրտն էլ է քարանում, ու բացված վերքից արյուն չի ծորում, էլ չեմ ասում զսպված արցունքի մասին։ Չգիտես ինչու, ամենալավ ֆիլմերը պատերազմի մասին են։ Գուցե գրքերն էլ։ Գուցե հենց այն պատճառով, որ պատերազմը պատռում է մարդկանց դիմակները ու ո՛չ թաքցնելու բան է թողնում, ո՛չ էլ իմաստ։ Իսկ միգուցե պռնկեպռունկ հույզերով է լցնում մարդկանց սառած հոգիները, ու մահվան առատությունից կյանքը դառնում է ավելի գեղեցիկ։ Շատ ֆիլմեր ու գրքեր են զմռսվել իմ մթագնած հիշողության խորխորատում, բայց երբեք չեմ մոռանա շարքային Ֆորեսթ Գամփին, իր սևամորթ ընկեր Բուբային։ Չեմ մոռանա Բուբայի անկատար մնացած երազանքը, չկառուցած ձկնորսանավն ու ուռկաններում այդպես էլ չհայտնված որսացու ծովախեցգետիններին, որ թաղվեցին-մնացին Վիետնամի անանցանելի ջունգլիներում։ Չեմ մոռանա պատերազմից հետո Ֆորեսթին նավապետի օգնական նշանակելու Բուբայի շռայլ խոստումը։

Գուցե մոռանայի, եթե այսօր քարացած սրտից արյուն չծորար ու մի քանի կաթիլ ցողեր գրասեղանին թափված սպիտակ թղթերը։ Սպիտակ ու մաքրամաքուր, ինչպես տղերքն ու իրենց երազանքները, լինեն օվկիանոսից այնկողմ, թե այսկողմ։ Երևի մոռանայի, եթե զսպված արցունքը վերջապես դուրս չհորդար կարծրացած ակնախոռոչից։ Թվում է, թե բան չկա գրելու, դատարկ դատարկություն է։ Միայն հորդառատ արցունքներն են անխղճաբար թրջում դատարկությունը, գրիչը տալիս ձեռքս ու աղաչում տաք-տաք ծեծել երկաթը։

Ճիշտ այն օրը, երբ Վիեննայի փողոցում ագռավը ընկույզը գցեց գլխիս, հասկացա, որ պատահական ոչինչ չի լինում, ինչքան էլ սնահավատ չլինես։ Ի՞նչ էր գուժում միջադեպը։ Կամ՝ ո՞ւմ համար էր ղողանջում զանգը, ինչպես կհարցներ պատերազմի ու խաղաղության մեծ գրագիր Հեմինգուեյը։ Ագռավը դժբախտություն է, ասաց մի գործընկեր։ Հաջողություն է, առարկեց մեկ ուրիշը։ Հասարակ միջադեպ է, պարզապես լինելով իմաստուն կենդանի` ընկույզը բարձրացնում է վեր, բարձունքից նետում սալահատակին, կոտրելու ու միջուկին տիրանալու հույսով՝ վերջապես գաղտնիքը կմեկնի ոչ պակաս իմաստուն մի պապիկ։ Եթե ընկույզը կոտրվում է, ագռավը, որպես հաղթանակի տիրակալ, ըմբոշխնում է ավարը, եթե չի կոտրվում, գլխիկոր հեռանում է։ Փաստորեն, այդ տեսության համաձայն, փակելով ընկույզի ազատ անկման ճանապարհը, ես զրկել էի ագռավին հաղթանակից։ Գլխիս ծլած այտուցի հաշվին։ Զրկել էի, թե չէի զրկել, այլևս կարևոր չէ։ Դեպքից մի քանի ժամ անց սկսվեց պատերազմը։ Մնացածը կպատմեմ որդուս աչքերով։

***

Մենք 2000-2002-ի սերունդն ենք, թե կուզեք՝ պրիզիվը։ Մենք ծնվելուց չէինք էլ պատկերացնում, որ կկոչվենք պատերազմի սերունդ։ Մեր մայրերը իրենց մղձավանջային երազներում էլ նման բան չէին տեսնի։ Ոմանք մեզ կասեն կորսված սերունդ, այլք՝ քաջերի սերունդ։ Շուտով կխփի մեր տասնութը, ու կսկսենք ցվրվել։ Ռազը կընկնի «Եղնիկներ», Մռդոն Քելբաջար, Պոպսը՝ Ջեբրայիլ, Էրոն՝ Մատաղիս։ Ես՝ Տիկը (տղերքն են ինձ այդպես կոչում), կմիանամ «Պատիվ ունեմ» ծրագրին՝ իբր համալսարանից հետո որպես սպա ծառայելու համար։ Չէ, մենք գնանք շուտ ծառայենք, գանք, կասեն տղերքը։ Գնանք, գանք, պրծնենք։ Գնանք, գանք, հանգիստ սովորենք։ Գնանք, գանք, բիզնես անենք։ Գնանք, գանք ամուսնանանք։ Ապրենք պարզապես։

Հենց այն օրը, երբ Վիեննայում ագռավը ընկույզը գցեց հորս գլխին, սկսվեց պատերազմը։ Հիմա, տանը նստած, սրտի տրոփյունով ամեն օր հերթով զանգում եմ տղերքին։ Ես պատերազմի ու խաղաղության կապավորն եմ։ Սովորաբար առաջինը զանգում եմ Էրոյին։ Բանակից առաջ հասցրինք լեվի գնալ, ասեց` մարդ ես, աշխարհ մեռնել կա։ Էրոն սկաուտ է, ամեն ինչից գլուխ է հանում։ Բայց ամենալավը խորովածն է ստացվում մոտը։ Էնպես է շշում, մատներդ հետը կուտես։ Ամեն ինչ գիտի, թե ինչ է ուզում, ուր է գնում։ Ամբողջ կյանքը ճանապարհային քարտեզի պես գծագրված է, եթե իհարկե արտառոց բան չպատահի։ Հենց բանակից գա, միասին ընկուզենիների այգի ենք տնկելու, վաճառենք միջուկն ու ստացված յուղը ու միլիոնատեր դառնանք։ Ինձ գյուղատնտեսությունը չի հետաքրքրում, բայց Էրոյին խաբել եմ, թե կօգնեմ իրեն, որ ուրախ սրտով գնա բանակ, գա։ Մռդոյին խաբել եմ, թե միասին ավտոյի բիզնես կանենք, ինքը ավտոյի սիրահար է։ Ռազը համոզված է, թե իբր միասին Ամերիկա ենք գնալու ու կազինո բացենք։ Միայն Պոպսին բան չեմ խոստացել, ինքը դեռ պլաններ չունի։ Հլը սպասի ողջ-առողջ հետ գանք, մի բան կանենք էլի։ Միայն ես եմ պլստացել էս պատերազմից, ասի՝ գնամ տղերքին հասնեմ, չտարան, թե բա՝ դու պիտի սպա դառնաս, հետո։

– Հետո ո՞ւշ չի լինի, – հարցրի։

– Տղա՛ ջան, հազար տարի կռվի մեջ ենք, մի հազար տարի էլ հաստատ կռվի մեջ ենք լինելու, բոլորին էլ հերթ կհասնի,- ասաց զինկոմիսարիատի պաշտոնյան,- մի՛ անհանգստացի, գնա՛ սպասի։

Եվ այսպես, որպես պատերազմի ու խաղաղության, կամ ռազմական բառապաշարով ասած` առաջնագծի ու թիկունքի կապավոր, անցնում եմ իմ պարտականությունների անմիջական կատարմանը։ Ինչպես ասաց զինկոմիսարիատի փոխգնդապետը՝ դեռ մի հազար տարի ժամանակ ունեմ։ Իսկ մինչ այդ, արյուն կտամ` գուցե մի հոգի մեր սերնդից փրկվի։ Չորս հարյուր գրամ՝ երկրորդ դրական, ինչպես կարգն է։ Կապի մեջ է շարքային Էրիկ Գալստյանը կամ պարզապես Էրոն։

– Էրո՛, ո՞նց ա վիճակը,- հարցնում եմ ես։

– Տի՛կ, երկնքից թափվում ա գռադն ու սմերչը, հրետանին դադար չունի, էլ չասած անօդաչուների մասին։

– Էրո՛, դիմացի, ընկույզ ենք թափ տալու, համաձայն եմ, կմիանամ, իրար հետ կանենք, դու մենակ արի։

– Այ, էս անօդաչուի չափ որ ընկույզ թափվի գլխներիս, հաշվի, որ միլիոնատեր ենք։

– Սկաուտ ախպեր, դիմացի, դու հո գիտես ձևերը։

– Ինչ սկաուտ, ինչ բան, գոյատևման մեր սովորած հմտությունները սունկ հավաքելու համար են, Տի՛կ, կապի վերջը։

– Պո՛պս, ո՞նց ես։

– Տի՛կ, գումարտակը կոտորվեց։

– Ո՞նց կոտորվեց, Պո՛պս, դուխդ չգցես, հաղթելու ենք։

– Հա, հաստատ հաղթելու եք, մորթ ա, ապե՛ր, երևի էլ չտեսնենք իրար։

– Էշ-էշ մի դուրս տուր։

– Տի՛կ, մերոնց բան չասես, դժվար փրկվեմ ես։

– Պո՛պս, դիմացի։

– Կողքս մարդ ա մեռնում, չեմ էլ հուզվում, պետքս չի արդեն, կապի վերջը։

– Մռդո՞, ի՞նչ կա։

– Ապե՛ր, թշնամու երես չենք տեսնում, ուզում եմ տեսնեմ, բան ունեմ ասելու, բայց չկա, անտեսանելի ա։ Էս ուրիշ կռիվ ա, ապեր, կապի վերջը։

– Ռա՞զ, ի՞նչ կա։

– Տի՛կ, մորթում ենք, ապեր, հասնելու ենք Քուռ։

– Ապե՛ր, վա՞տ ես, ի՞նչ Քուռ, ի՞նչ բան, ասում են՝ նահանջում ենք։

– Չէ՛, լուրջ եմ ասում, ախպե՛ր, կազինոյի պահը չմոռանաս, Ամերիկա, Ամերիկա։ Հաղթելու ենք։

– Ռա՛զ, դու արի, մի բան կանենք։

– Կապի վերջը։

– Էրո՞։

– Չաստը չկա, քրոջս լավ կնայես, եթե չգամ, Ամանորին Ձմեռ պապի անունից անպայման նվեր կուղարկես, քանի դեռ էրեխեն հավատում ա Ձմեռ պապին։

– Էրո՛, դեռ ընկույզ ենք թափ տալու։

– Է, Տիկ, Տիկ, որ սպա դառնաս, կհասկանաս, կապի վերջը։

Ես եմ` պատերազմի և խաղաղության կապավորը, Տիկը։ Մռդո՞, հա։ Պո՞պս, հա։ Ռա՞զ, հա։ Էրո՞, Էրո՞, Էրո՞, վերցրու հեռախոսը, Էրո՞, Էրո՞…արա վերցրու, ո՞վ ա խորոված անելու, ո՞վ ա ծառ տնկելու…արա, սկաուտ ես, իբր, ինչ ես, ձևերը գիտես, ո՞ւմ հետ եմ լեվի գնալու…կապի վերջը, պատերազմի ու խաղաղության կապավոր` Տիկ։

***

Ոչ մի խոստում անկատար չի մնում, ինչպես խոստացել էր Բուբան, ծովախեցգետինների նավը մի օր կառուցվեց։ Թեև ինքը չկար, բայց իր ընկեր Ֆորեսթն էր վերջին պահին փակել աչքերը ու աչքերի խորքում նշմարել ձկնորսական նավի ուրվականը։ Ինքն իրեն նավապետի օգնական նշանակեց, քանի որ իրական նավապետը Բուբան էր։ Վիետնամի ջունգլիներում թաղված-մնացած ծովախեցգետինները գետնի տակից դուրս եկան ու որսացու դարձան։ Ծաղկեց Բուբայի երազանքը, եկամուտից էլ նույնիսկ մորը բաժին հասավ` ի մխիթարություն կորցրած որդու անանց կսկիծի։

Օվկիանոսից այսկողմ էլ նույնը կլինի։ Արցախի անտառներում գետնի տակ թաղված ընկույզները մի օր դուրս կգան հաստատ, կբարձրանան երկինք ու կթափվեն մեր գլխին։ Այդ ընկույզները սերմնացու կդառնան ու կսրբազօծեն արնաշաղախ հողը։ Ընկուզենու այգին անտեր չի մնա, տղերքը թույլ չեն տա։ Տիկը` խաղաղության և պատերազմի երբեմնի կապավորը, ընկուզենու այգի կտնկի, տղերքն էլ կօգնեն` 2000-2002-ի պրիզիվի փրկված մասը։ Մատաղացու չդառած մասը։ Հաղթած մասը։ Ռազը։ Մռդոն։ Պոպսը։ Մի կողմ կնետեն իրենց եղած ու չեղած պլանները ու կկերտեն մեր երազների այգին։ Էրոյի մայրը ընկույզի մուրաբա կփակի ու նրա ծննդյան օրը ամեն տարի տղերքին չայ խմելու կհրավիրի։ Էրոյի տասնամյա քույրիկի Նոր տարվա նվերը` կամուֆլյաժով տիկնիկը, Ձմեռ պապի անունից չի գնա, այլ Էրոյի, թող մտածի բանակից է ուղարկել։ Միայն, երբ տասնվեցը լրանա, հայրը ձեռքը բռնած կտանի «Եռաբլուր»։

Քառասունչորս օր հետո գլխիս ծլած այտուցը կներծծվի։ Հենց գարունը բացվի, ես ու տղաս «Եռաբլուրի» բարձունքին մի ընկուզենի կտնկենք, հենց Էրոյի կողքը։ Որ ծառը մեծանա, ու ընկույզը հասնի, մի օր կընկնի տապանաքարին։ Քամին կօգնի կամ մի սև ագռավ։ Ու քանի որ տապանաքարը կարծր է, ու Էրոն էլ` սկաուտ, ընկույզը հաստատ կկոտրվի, ու միջուկը իր ամբողջ հմայքով կբացվի ի տես աշխարհին։ Այդ ընկույզը կլինի Էրոյի բաժին հաղթանակը։

 

ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #01 (1372) 13.01.2021 - 19.01.2021, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


15/01/2021