Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՔԱՅԻՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ` ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ



Դեկտեմբերի 15-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Եղիշե Չարենց» սրահում կայացավ նույն ֆակուլտետի 1992թ. շրջանավարտ, ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտ, «Ազատամարտ» թերթի հատուկ թղթակից, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի ազատագրման մարտում 1993թ., հունվարին զոհված Նորայր Մարությանի անվան` «Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» մրցանակաբաշխության արարողությունը: Մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ, մասնակցում են հիմնականում ուսանողները: Այն մեր ազատամարտիկներին ներկայացնելու, նրանց սխրագործությունների մասին պատմելու նպատակ, շատ դեպքերում ինչ-ինչ պատճառներով մոռացված անունները վերհիշելու եւ սերնդեսերունդ փոխանցելու խնդիր ունի` հատկապես երիտասարդության շրջանում ամբողջացնելով ռազմահայրենասիրական դաստիարակության լավագույն մոտեցումներն ու դրսեւորումները:
Միջոցառումն սկսելուց առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Նորայր Մարությանի, Արցախյան ազատամարտում զոհված մյուս բոլոր հերոսների հիշատակը, եւս մեկ անգամ վերհիշեցին նրա անցած ուղին, թղթին գրանցած ապրումները, լսեցին նրա դասախոսների, պարզապես ճանաչողների կարծիքներն ու տպավորությունները: Ելույթ ունեցավ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, որը մտերիմ է եղել Նորայրի, նրա ընտանիքի հետ.
-Այս միջոցառումը յուրաքանչյուրիս հոգու պարտքն է, անհրաժեշտություն, միայն այսպես կարող ենք հաջորդներին փոխանցել Նորայր Մարության լեգենդը, այո՛, լեգենդը, որովհետեւ այդպես են մարդիկ ոգեւորվում, ուժ առնում հետագա պայքարի համար: Ամենից առաջ սա անհրաժեշտ է նրանց, ովքեր անցնելու են նույն ճանապարհը, դառնալու են հայրենիքի վաղվա պաշտպանները: Գարեգին Նժդեհն ասել է.«Հայրենիքի գոյությունը պայմանավորված է այդ նույն հայրենիքի համար զոհվելու պատրաստ մարդկանց գոյությամբ», ուրեմն պետք է ավելացնենք նման մարդկանց թիվը, իրական հայրենասիրություն սերմանենք Նորայր Մարության անհատի եւ զինվորի օրինակով:
Մրցույթի աշխատանքներին ակտիվորեն ներգրավվել են «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները: Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ մեր կողքին ապրում են բազմաթիվ հերոսներ, շատերի մասին մենք տեղյակ չենք, չգիտենք նրանց խիզախության եւ անձնազոհության յուրօրինակ դրսեւորումների մասին: Ուստի, կարեւոր է հիշել ու նրանց գործը կատարելու համար հերոսների պատգամը` հայրենիքի արժանի զինվոր լինել, հարկ եղած դեպքում կռվել եւ զոհվել հանուն նրա:
Մրցանակային տեղեր զբաղեցրածներին պատվոգրեր հանձնեցին ժյուրիի անդամներն ու հյուրերը` «Հայ զինվոր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ժուռնալիստների միության քարտուղար Գրիգոր Ջանիկյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը եւ ուրիշներ:
***
Նախքան մրցանակաբաշխության արարողությունը՝ մասնագիտական խստապահանջ ժյուրին բազմաթիվ նյութեր է ընթերցել, քննարկումներ կազմակերպել: Արդյունքում համատեղ որոշմամբ հաղթող է ճանաչվել ժուռնալիստիկայի ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ Վարդան Ավանեսյանի հոդվածը Արցախյան ազատամարտի տարիներին Կովսականի ինքնապաշտպանության մասին, որը ժյուրիի կարծիքով արտացոլում է մրցույթի հայտարարած նպատակներն ու գաղափարները: Ի դեպ, Վարդանը հաղթել է նաեւ նախորդ մրցույթում` չորս տարի առաջ: Այժմ Վարդանը իր պարտադիր ժամկետային ծառայությունն է անցկացնում որպես պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագրի լրագրող, զինվորական առօրյային զուգահեռ թրծում է մասնագիտական ունակությունները: Ընդամենը քսանմեկ տարեկան է, բայց արդեն զգալի նյութ է հավաքել պատերազմական օրերի, մեր ազատամարտիկների մասին: Ծնունդով Կապանից է, սահմանամերձ շրջանների բնակիչներից շատերի հետ է զրուցել, տարբեր պատմություններ լսել, հայրն էլ աշխատել է գործարանում, ուր կռիվների ժամանակ զենք-զինամթերք են նորոգել ու պատրաստել: Երեւի նույն կերպ էլ ավագ եղբոր` Նարեկի մեջ է հետաքրքրություն առաջացել զինվորական կյանքի հանդեպ, եւ նա ընտրել է կադրային զինվորականի ուղին` Հունաստանում ցամաքային զորքերի ռազմական ակադեմիան ավարտելուց հետո անցել է ծառայության ՀՀ խաղաղապահ բրիգադում, դասակի հրամանատար է:
-2006թ. ընդունվեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ընդգրկվեցի «Վարդանանք» ակումբում,- պատմում է շարքային Վարդան Ավանեսյանը:- Նույն տարի մասնակցեցի Նորայր Մարությանի անվան առաջին մրցույթին եւ հաղթեցի: Ռազմական թեման ինձ հոգեհարազատ էր, հաճույքով գրում էի, մասնակցում տարբեր միջոցառումների: Առանձնապես տպավորվել է երկրորդ կուրսի կուրսային աշխատանքս, որի շրջանակներում անդրադարձա Նորայր Մարությանի կյանքին ու գործունեությանը: Ահավոր մեծ պատասխանատվություն էի զգում նրա մասին գրելիս, հատկապես, երբ հանդիպում էի նրա մայրիկին` տիկին Ֆլորիդային, որի հանդեպ հարազատություն եմ զգացել առաջին իսկ հանդիպումից: Այդ օրերին մի հետաքրքիր դեպք եղավ. Նորայր Մարությանի մասին պատմող գիրքը ձեռքիս համալսարանի մոտից նստեցի երթուղային տաքսի, դիմացս մի մարդ ուշադիր ինձ, ապա գրքին էր նայում, ի վերջո հարցրեց, թե ինչ կապ ունեմ Նորայրի հետ: Իմացավ, որ ուսանող եմ, կուրսային եմ գրում, ինքն էլ ներկայացավ` գրքի հեղինակն էր` Աշոտ Պետրոսյանը: Նրանից նոր մանրամասներ իմացա եւ օգտագործեցի իմ նյութում:
Շատ հետաքրքիր էր նաեւ Կովսականի մասին պատմող նյութի վրա կատարված աշխատանքը: Այն պատմում է Սյունիքի մարզի մի քանի գյուղի մասին, 1992թ. շուրջ ութ ամիս այնտեղի բնակչությունը շրջափակման մեջ է եղել: Փորձել եմ վերհանել այդ օրերի նրանց հոգեվիճակը, ներկայացնել հերոսական ու աննկուն ժողովրդի ապրումներն ու պայքարը, թեեւ ամբողջությամբ դա հասկանալու համար երեւի պետք է որ ինքդ նման իրավիճակում հայտնվես:
Ավարտական կուրսում ընտրեցի ռազմական լրագրություն մասնագիտացումը, որը նոր էր ներառվել ուսումնական ծրագրում: Հիմնական դասախոսներից բացի մեզ հետ պարապմունքներ անցկացրին պաշտպանության նախարարը, տարբեր բարձրաստիճան զինվորականներ: Ուսումնառության ընթացքում այցելեցինք զորամասեր, ավելի մանրամասն ծանոթացանք զինվորական կյանքին: Միշտ հպարտությամբ եմ նշում, որ այդ մասնագիտությամբ առաջին շրջանավարտներից եմ: Ավարտական աշխատանքների ցանկը նայելիս ուշադրությունս գրավեց «Զինուժ» հեռուստածրագիր տողը: Առանց մտածելու այդ թեման ընտրեցի: Ներկայացրի ծրագրի պատմությունը, դերն ու նշանակությունը` տեսական հատվածին համադրելով գործնական առաջադրանքները: Զինվորական թեմային առնչվող մի քանի ռեպորտաժ պատրաստեցի` քսան րոպե ընդհանուր տեւողությամբ: Աշխատանքիս ղեկավարը Սեյրան Շահսուվարյանն էր, որի նախաձեռնությամբ էլ բոլոր նյութերս եթեր գնացին Հանրային հեռուստաընկերության «Զինուժ» ծրագրով: Հատկապես գործնական հատվածի պատրաստման ժամանակ իմ ղեկավարը շատ է օգնել ինձ, անհրաժեշտ ցուցումներ տվել:
Այս տարվա հունիսի 14-ին զորակոչվեցի բանակ: Երդում ընդունելուց հետո շուրջ հինգ ամիս փորձաշրջան անցա, ապա ընդգրկվեցի «Զինուժ»-ի աշխատանքային խմբում: Անչափ հետաքրքիր գործ է, ապահովված ենք անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, սակայն ամենակարեւորը մասնագիտական ազատությունն է, երբ կարող ես մեկնել հեռավոր շրջաններ եւ ռազմական թեմայով հետաքրքիր ռեպորտաժ պատրաստել: Վստահ եմ՝ ծառայության տարիները մասնագիտական վերելքի ու զարգացման տարիներ կլինեն ինձ համար, լավ հնարավորություն` տարբեր մրցույթների մասնակցելու եւ հաղթելու»:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Ազգային բանակ


24/12/2010