ՄԵՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ…
Երբ էրիկ Գրիգորյանի դեմքը հայտնվում է էկրանին, ակամա ժպտում եմ: Երևի նուրբ, մանրիկ դիմագծերն են պատճառը, որ տարիքից անհամեմատ փոքր է երևում, ու հայացքը մանկական պարզություն ունի: Ընկերներն ասում էին՝ Էրիկը դժոխքի միջով է անցել, ամենադաժան կռիվների բովով…
-Պիտի մանրամա՞սն պատմեմ,-տղայի ունքամիջից դեպի ճակատը ձգվող երակը կապույտ, փքված գիծ է քաշել ճակատին:
-Բժիշկներն ասում են, որ հիշողությունս շուտով կվերականգնվի: Կարկատանի նման եմ հիշում՝ դրվագներ, պատկերներ…
-Տա՞նն ես:
Էրիկի հետևում մահճակալին թիկնակն է ու սպիտակ պատ: Եթե հիվանդանոցում է, պիտի ընդհատել զրույցը, մինչև ապաքինվի, մտածում եմ, չարժե արթնացնել հիշողության ցավոտ պատառիկները, կենդանացնել անցյալի ապրումները…
-Ես Ձեզ ասել էի, երբ հեռախոսով էինք խոսում, -Էրիկը նայում է անասելի տխրությամբ, – չե՞ք, հիշում, ասել էի:
-Ի՞նչը,- ես լարված փորձում եմ հասականալ, թե ինչ է ակնարկում, ի՞նչն եմ մոռացել:
-Իմ տունը մնաց Շուշիում: Չգիտեմ՝ մեկ էլ երբ տանը կլինեմ:
-Ուզում էի իմանալ՝ հո հիվանդանոցում չե՞ս, ուզում էի իմանալ՝ ծնողերդ մո՞տդ են լինելու մեր զրույցի ժամանակ, որովհետև…,- սկսում եմ եռանդով արդարանալ, -ես հիշում էի, որ դու շուշեցի ես, շատ լավ էի հիշում, ես քո Երևանի տան մասին էի հարցնում:
Էրիկը նայում է հանգիստ, խաղաղված.
-Ամեն մարդ մի տուն ունի: Իմ տունը Շուշիում է, իսկ սա, որտեղ հիմա ապրում եմ, բնակարան է:
-Դու հիմա տուն չունես, սակայն..
Ես ուզում էի ասել, որ այս ամենը ժամանակավոր է, ուզում էի մխիթարել տղային, բայց նա ընդհատում է ինձ ու ասում.
-Ես տուն ունեմ: Ուղղակի, հիմա չեմ կարող տուն գնալ: Գյուղատնտեսականում էի սովորում: Արցախի հողերը շատ բերրի են. ուզում էի գյուղատնտնեսությամբ զբաղվել իմ ծննդավայրում:
-Ինչո՞ւ ես ասում ՝ ուզում էի, անցած ժամանակով: Երբ բուհն ավարտես, կգնաս Արցախ ու կիրականցանես քո երազանքը,- հիշեցնում եմ:
– Ես չեմ կարող հեռվից նայել Շուշիին…
Երկուսս էլ լռում ենք: Ինչ-որ մեկն ուղղում է Էրիկի բարձն ու ասում՝ եթե հոգնես, մի քիչ հանգստացի, հետո կշարունակես: Հոգնած չեմ՝ պատասխանում է Էրիկը: Հետո թեքվում է առաջ, դեմքը մոտեցնում էկրանին ու ասում.
-Ես դիտակետում էի, երբ սկսեցին կրակել: Հրթիռները թափվում էին կարկուտի պես: Հետո ես իմ տանկով գնում էի թշնամու վրա, բայց հրթիռը պայթեց տանկի կողքին: Տանկը խափանվեց: …Հետո ես ուրիշ տանկով էի: Մենք կրակում էինք, բայց հրթիռն ընկավ ուղիղ տանկի վրա: Հրամանատարը տեղում զոհվեց, զինակից ընկերս վիրավորվեց: Ես ողջ մնացի:
Տղան կկոցել է աչքերը. ուզում է ինչ-որ բան հիշել: Հետո գլխով է անում.
-Հա, խրամատային կռվի ժամանակ էր: Թուրքերը մոտիկ էին նկատվելու աստիճանի: Ես կրակում էի, երբ հրթիռը պայթեց ու ինձ թաղեց հողի տակ: Մի կերպ դուրս եկա: Ո՞նց ես՝ հարցրեց Ռոման, լավ եմ՝ ասացի: Չէի զգացել բեկորների հարվածը, որոնք քրքրել էին բուշլատս ու հավաքվել զրահաբաճկոնիս վրա: Հետո Ռոման վիրավորվեց: Թուրքերը մի քանի մետրի վրա էին: Մեր 17 հոգուց համարյա մարդ չմնաց: Վահեն ասաց՝ էս նռնակը կպահենք, հենց թուրքերը մոտենան, միասին կպայթեցնենք մեզ: Մի նռանկ էր մնացել: …Հետո շատ ուժեղ պայթյուն լսվեց, ես տեսա, թե ինչպես ձախ ոտքս թռավ օդ, իսկ Վահեի երկու ոտքերը վերածվեցին տձև, արնաշաղախ մսագնդերի….
-Ուզում ես՝ էլ մի պատմիր…
Էրիկի դեմքը կարմրել է, քթի վրա քրտինքի մանրիկ կաթիլներ են հայտնվել: Անընդհատ խորը շունչ է քաշում:
-Մի պատմիր…
-Չէ, թողեք վերջացնեմ: …Հետո ինչ-որ մեկը ինձ քաշում էր հողի վրայով: …Հետո մեքենայի մեջ էի, շուրջբոլորս մարմիններ էին:
-Ո՞նց՝ մարմիններ,- ես սարսռում եմ:
-Կատաղի կռիվ էր, ու կրակի գոտուց հանելիս ժամանակ չկար զոհվածին զատելու վիրավորից: Ես շարժում էի տղաներին, որ հասկանամ՝ ով է ողջ, ով՝ մեռած: Մեկ էլ ինչ-որ ձեռք շոյեց գլուխս, նայեցի, տեսնեմ՝ Վահեն է: Մինչև հասանք հիվանդանոց, մի քանի անգամ կորցրի գիտակցությունս….
-Վահեն…
-Ողջ է, նույնիսկ ոտքերն են փրկվել,- Էրիկն առաջին անգամ ժպտում է,- էն օրը եկել էր ինձ տեսնելու: Շատ էի ուրախացել: Մեկ էլ էդքան ուրախացա, երբ դիրքերում հանդիպեցի հորս: Նա 4 անգամ Արցախյան պատերազմի ժամանակ է վիրավորվել, 2 անգամ՝ վերջին պատերազմի ժամանակ, մինչև հիմա մարմնի մեջ բեկորներ կան առաջին պատերազմից…
Էրիկը ինձ չի նայում է, դեմքին ցավի արտահայտություն կա, աննկատ տրորում է ոտքը:
-Ցավո՞ւմ է:
-Ես արդեն մարզվում եմ: Որ պրոտեզն էլ հագնեմ, խնդիր չեմ ունենա:
…Ցավում է: Բայց այդ ցավը ի՞նչ է այն ցավի դիմաց, որ ընդամենը 20 տարեկան այս արցախցին կրում է իր հոգում: Ես որոնում եմ ամենատաք բառերը:
-Քո ընտանիքը այնքան բան է տվել Արցախի ազատագրության գործին,- ասում եմ, -դուք ձեր պարտքը հայրենիքի հանդեպ կատարել եք լիուլի:
-Ախր ամբողջը չգիտեք: Իմ հայրը Ասկերանից է, թուրքերը նրա տունը վառել են, երբ պապս, տատս, երկու հորեղբայրներս ու հայրս ռազմաճակատում էին: Այսինքն՝ ամբողջ ընտանիքը:
-Տա՞տդ,- մտածում եմ՝ սխալ լսեցի:
-Զինաիդա տատս այն ժամանակ տատ չէր, 48 տարեկան կին էր ու որսորդական հրացանով կռվում էր թուրքերի դեմ: Նա անհետ կորավ 1992-ի մայիսին: Հորեղբայրս կորցրեց ոտքը կռվի ժամանակ: Մենք հնարավոր ամեն ինչ արեցինք, որ Արցախը փրկենք թուրքից, ամեն ինչ, մենք ոչինչ չենք խնայել, բայց ամենաթանկը՝ մեր տունը, կորցրինք: Իմ ծննդավայրը… ինչո՞ւ էսպես եղավ:
Տղան նայում է աչքերիս: Նրա հարցական-ցավոտ հայացքը լի է ցասումով, ուժով ու խիզախությամբ:
-Մենք կվերառնանք մեր կորուսյալ հայրենիքը:
Ես չեմ ճանաչում իմ ձայնը: Այնքան հավատ ու վճռականություն կա ձայնիս մեջ:
-Մենք կվերադառնանք,- կրկնում է Էրիկը եռանդով:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #02 (1373) 20.01.2021 - 26.01.2021, Ազգային բանակ