Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարց. Խնդրում եմ ասել, թե զինծառայողը ո՞ր դեպքերում է ծառայության նոր վայր տեղափոխվում:
Ս.Գ.
զինվորի հայր, ք.Երևան

Պատասխան. Հարգելի քաղաքացի, զինծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխելու կարգը սահմանված է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, ըստ որի՝ զինծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում (փոխադրվում) է հետևյալ դեպքերում.

1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.

2) առաջխաղացման կարգով.

3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.

4) ընտանեկան դրության բերմամբ (պայմանագրային զինծառայողը՝ իր խնդրանքով).

5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.

6) պլանային փոխարինման կապակցությամբ (պայմանագրային զինծառայողը).

7) ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու կապակցությամբ.

8) ռազմաուսումնական հաստատությունից, ասպիրանտուրայից (ադյունկտուրայից), դոկտորանտուրայից հեռացվելու պատճառով.

9) եթե կատարած հանցագործության համար նշանակվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման հետ կապված պատիժ և նրան չի կարելի թողնել զինծառայողներին ղեկավարելու հետ կապված պաշտոնի:

Պայմանագրային զինծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության նոր վայր, հավասար պաշտոնի նշանակմամբ: Հարկ է նշել, որ տեղափոխությունը կատարվում է առանց զինծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, անչափահաս, մինչև 23 տարեկան՝ սովորող, հաշմանդամ երեխա, խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող անձ) համար, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է:

Պայմանագրային զինծառայողը ծառայության նոր վայր փոխադրվում է նաև առաջխաղացման կարգով՝ իր համաձայնությամբ բարձր պաշտոնի նշանակմամբ, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողին ծառայության նոր վայր փոխադրում են առանց նրա համաձայնության:

Անհրաժեշտ է ընդգծել, որ պայմանագրային զինծառայողին ընտանեկան դրության բերմամբ ծառայության նոր վայրի փոխադրումը կատարվում է նրա բնակության վայրի պետական բժշկական-սոցիալական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն՝ առանձին ապրող հոր, մոր, քրոջ, եղբոր, պապի, տատի, որդեգրողի մշտական կողմնակի խնամքի անհրաժեշտությունից ելնելով:

Օրենքը նաև նախատեսել է պայմանագրային զինծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր փոխադրելու դեպքում միաժամանակ նշված բնակավայր փոխադրել նաև ամուսնուն (կնոջը), եթե փոխվում է ընտանիքի բնակության վայրը: Իսկ եթե հնարավոր չէ զինծառայող ամուսիններին միաժամանակ նշանակել զինվորական պաշտոնների, կամ եթե նրանցից մեկը չի զորացրվում, ապա ծառայության նոր վայր փոխադրումը չի կատարվում:

Զինծառայողը ծառայության նոր վայր մեկնում է գործերն ու պաշտոնը հանձնելուց հետո՝ փոխադրման հրամանն ստանալու օրվանից ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետում, բացառությամբ արձակուրդում, գործուղման կամ բուժման մեջ գտնվելու դեպքի:

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Սոցիալ-իրավական


23/11/2011