«ԲԺՇԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ ԱՐՏԱՇԵՍ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ ներկայացնում է վարչության կատարած աշխատանքը
-Պարոն Փարսադանյան, զինվորին բարձրորակ եւ արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելը, ինչ խոսք, կարեւոր է, բայց առավել էական է, որ ստեղծվեն համապատասխան նախադրյալներ, որ զինվորը պարզապես չհիվանդանա։ Ես ցանկանում եմ, որ մեր զրույցը սկսենք զինվորի առողջության պահպանման խնդիրներից։
-Առողջ զինվոր ունենալու նախադրյալները ձեւավորվում են դեռեւս քաղաքացիական կյանքից, նախազորակոչային շրջանից։ Այն, որ այսօր իջեցվել է նախազորակոչային տարիքի շեմը եւ համապատասխան հրամանով հանձնարարություն է տրվել տարածքային պոլիկլինիկաներին 13-14 տարեկանից սկսած` զինակոչիկներին պարբերաբար ենթարկել բուժզննման, հայտնաբերել հիվանդությունները եւ իրականացնել համապատասխան բուժսպասարկում, արդեն բանակում առողջ զինվոր ունենալու կարեւոր նախադրյալ է։
Հաջորդ նախադրյալը բանակ հիվանդ զինվորների մուտքը արգելող լծակների հստակեցումն է եւ արդյունավետ գործունեությունը։ Այստեղ էլ մենք էական հաջողություններ ենք արձանագրել։ Հավաքակայանում աշխատող՝ զինվորական բժիշկներով համալրված հանձնաժողովը, ըստ իս, իր աշխատանքը կատարում է ամենայն բարեխղճությամբ, ամենաչնչին գանգատի եւ կասկածի ժամանակ զինակոչիկը ենթարկվում է լրացուցիչ հետազոտության, արդյունքում՝ վերջին տարիներին կտրուկ նվազել է հիվանդ զինակոչիկների մուտքը բանակ, վրիպումները հատուկենտ են։
-Վերջին մեկ տարվա ընթացքում չե՞ն եղել ծանր հիվանդության դեպքեր զինվորների ծառայության սկզբնական շրջանում, ինչը վկայեր, որ զինվորը հիվանդ է եկել բանակ։
-Ո՛չ, նման դեպք չենք ունեցել։
-Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված նորակոչիկների զորացրումը առաջին երեք ամիսների ընթացքում:
-Զորացրումները հիմնականում հրազենային վիրավորումների եւ հոգեկան հիվանդությունների պատճառով են։ Հոգեկան խանգարման ժառանգական հակվածություն ունեցող զինվորների մեջ հիվանդությունը կարող է գլուխ բարձրացնել՝ կապված նոր միջավայրի, սթրեսների եւ զանազան հոգեբանական խնդիրների հետ։ Սրանք օբյեկտիվ պատճառներ են։ Ինչ վերաբերում է այլ պաթոլոգիաներին, դեպքերը հատուկենտ են։ Նախորդ տարիների համեմատությամբ, առաջին երեք ամսվա ցուցանիշներով հիվանդության պատճառով զորացրված զինվորների թիվը նվազել է 1/3-ով։
-2010-ին եւ 2011-ին հիվանդության պատճառով մահվան քանի՞ դեպք է արձանագրվել զինվորների շրջանում։
-Հիվանդության հետեւանքով մահվան դեպքերը վերջին մեկ տարվա ընթացքում կրճատվել են 30 տոկոսով, եւ դրանք բացառապես կապված են հրազենային վիրավորումների եւ հանկարծամահության հետ։ Ընդ որում՝ բոլոր հիվանդներին ցույց ենք տվել ամենաարդյունավետ եւ լավագույն բուժօգնությունը։ Պատահել է` մեծ օպերատիվությամբ բացառիկ մասնագետ ենք հրավիրել արտերկրից։ Զինվորին կորցրել ենք միայն այն դեպքում, երբ բացարձակապես անհնար է եղել փրկել նրան (աշխարհի որ երկրում էլ լիներ, դժբախտ ելքը անխուսափելի էր)։
-Պարոն գնդապետ, առողջ զինվոր ունենալու կարեւոր նախադրյալներից են նրա սոցիալական պայմանները՝ սնունդը, հագուստը, կացարանները, հիգիենան, հոգեվիճակը…
-Ճիշտ եք։ Եվ նախկինում հիվանդացության բարձր ցուցանիշը ուղղակիորեն կապված էր ծառայության պայմանների հետ։ Խնդիրները հիմնականում առնչված էին հողե տնակներին, կացարաններին եւ սննդին։ 2006-ին մենք կազմեցինք բանակում հիվանդությունների կանխարգելման համընդգրկուն ծրագիր եւ ներկայացրինք պաշտպանության նախարարին։ Ծրագիրը ֆինանսավորվեց։ Ծրագրի մեջ ընդգրկված էին զինվորի կենցաղային պայմաններին առնչվող եւ առողջապահության նախադրյալ դիտվող բոլոր գործոնները՝ սկսած սննդից, հագուստից, բլինդաժներից, կացարաններից, վերջացրած բուժական կանխարգելմամբ, հիգիենայով, դեղորայքով եւ այլն։ 2006-ից սկսած ծրագիրը 2010-ի առաջին կեսին ավարտեցինք։ Արդյունքում՝ հիվանդացությունը բանակում նվազել է բազմապատիկ, համեմատության եզր չկա նույնիսկ 5 տարի առաջվա իրավիճակի հետ։
Այսօր մեր զինվորը բոլոր զորամասերում ստանում է համակողմանի սնունդ (անհատական բաշխման սնունդ՝ դիրքերում)։ Զինվորը ունի համապատասխան հագուստ՝ տարվա բոլոր եղանակների համար։ Բլինդաժները հողե տնակներից վերածվել են կացարանների՝ լուսավոր, չոր, տաք, օդափոխվող։ Գարնանը եւ աշնանը դիրքերում ծառայող զինվորները ստանում են վիտամինային համալիր՝ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար։
-Զորամասերում շրջայցեր կատարող հասարակական կազմակերպությունների դիտարկմամբ՝ կան զորամասեր, որտեղ բուժկետերը, մեղմ ասած, անմխիթար վիճակում են։
– Խոսքը երեք զորամասերի մասին է, որտեղ նորոգումների անհրաժեշտություն է զգացվում։ Մոտ ապագայում մենք կնորոգենք նաեւ նշյալ զորամասերի բուժկետերը եւ այդ ոլորտում այլեւս մտահոգություն չենք ունենա։
-Պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ նաև սրտացավ, մասնագիտական հմտություններով օժտված բժիշկ, դեղորայք…
– Մեր բոլոր զորամասերը ապահովված են համապատասխան դեղորայքով, եւ գանգատներ ունեցող զինվորները անհրաժեշտության դեպքում դեղորայք ստանում է։ Ինչ վերաբերում է բժիշկների մասնագիտական վարպետությանը, մենք, անշուշտ, կատարելագործվելու տեղ ունենք։ Զորամասերի մեծ մասը համալրված է ընդհանուր պրոֆիլի բժիշկներով, որոնք ունեն աշխատանքի փորձ եւ կադրային աշխատողներ են։ Զորամասերի մի փոքր մասի բուժկետերը ղեկավարում են ժամկետային զինծառայության զորակոչված բժիշկները, որոնք բժշկական բուհը ավարտելուց հետո եկել են բանակ։ Մենք փորձելու ենք մոտ ապագայում (1,5-2 տարի հետո) բոլոր զորամասերը ապահովել կադրային զինվորական եւ կլինիկական օրդինատուրա ավարտած բժիշկներով։ Հաշվի առնելով իրավիճակը՝ զորամասերի բուժկետերին վերապահել ենք բուժօգնության տարրական խնդիրներ։ Զինվորը բուժկետի հիվանդասենյակում կարող է մնալ 7 օրից ոչ ավելի, այսինքն՝ թեթեւ ընթացքով հիվանդությունների ժամանակ միայն, հակառակ դեպքում՝ պետք է արագ հոսպիտալացվի եւ ստանա մասնագիտացված բուժօգնություն։ Ինչ վերաբերում է բժշկի սրտացավությանը… Ես պիտի խոսեմ բժիշկ-հրամանատար համագործակցության ու ներդաշնակ աշխատանքի կարեւորության մասին։ Հրամանատարը պետք է վստահի բժշկին եւ նրան չմեղադրի անհարկի սրտացավության համար։ Մենք հասկանում ենք, որ հրամանատարին պետք է ոչ թե հոսպիտալում պառկած, այլ ծառայող զինվոր, սակայն հրամանատարի պահանջներն ու բժշկի սրտացավությունը պետք է չդառնան հակասության առիթ։
-Պարոն Փարսադանյան, Դուք ասացիք, որ բանակում հիվանդության հետեւանքով մահերի մեծ մասը կապված է հանկարծամահության հետ, խոսքը ինֆարկտի՞ մասին է։ Այն հնարավոր չէ՞ կանխել։
– Խոսքը հանկարծամահություն առաջացնող մի շարք հիվանդությունների մասին է՝ օջախային միոկարդիտ, սրտամկանի ինֆարկտ, հեմոռագիկ ինսուլտ եւ այլն։
Ոչ մի երկրում ինֆարկտը չեն կարող կանխել, եթե դրան չի նախորդել բուժզննումը։ Մենք 2012-ի երկրորդ կեսից զորամասերում տեղակայելու ենք մոնիտորային համակարգ։ Զինվորի սրտագրությունը ուղիղ կապով փոխանցվելու է կարդիոլոգիական կենտրոն։ Ամենաաննշան գանգատի կամ բժշկի կասկածի դեպքում զինվորի սիրտը կհետազոտվի, եւ, հույս ունենք, որ այս ճանապարհով կփակենք սրտանոթային հիվանդությունների բարդությունների, ինչպես նաեւ հանկարծամահությունների ճանապարհը։
-Պարոն Փարսադանյան, ի՞նչ պետք է անել, որ որոշ զինվորական բժիշկներ, այսպես ասած, ավելի օրինական աշխատեն, չսպասեն լրացուցիչ վարձատրության, բավարարվեն հիվանդի ոչ նյութական երախտագիտությամբ։ Որ հոսպիտալներում հիվանդ զինվորների կողքին չլինեն նաեւ «հանգստացող» զինվորներ…
-Ես չեմ բացառում նման դեպքերի հնարավորությունը, սակայն իրականությունը ոչ մի կապ չունի որոշ մարդկանց կողմից ներկայացվող մասշտաբների ու ծավալների հետ։
-Կան հարուցված քրեական գործեր…
-Ես նույնպես ցանկանում եմ, որ մեղավորները պատժվեն, սակայն պետք է այնպես անել, որ չխախտվի անմեղության կանխավարկածը։ Ինչ վերաբերում է զինվորական բժիշկների աշխատանքի օրինականությանը, ապա ես հակված եմ խնդիրը լուծելու օրինախախտում ծնող պատճառները վերացնելու եւ հսկողական մեխանիզմները հստակեցնելու ճանապարհով։
Օրինակ, հոսպիտալների բժիշկներին հնարավորություն է տրված իրականացնել ու նաեւ վճարովի ծառայություններ՝ բուժսպասարկում ապահովելով քաղաքացիների համար։ Հոսպիտալում մշտապես աշխատում են մեր վարչության գլխավոր մասնագետները, որոնց միջոցով մենք իրականացնում ենք անմիջական հսկողություն, աջակցություն եւ ստանում ենք հավաստի տեղեկություններ։
Սահմանված են հիվանդությունների բուժման օպտիմալ ժամկետները, ինչը թույլ է տալիս գործընթացը դարձնել առավել արդյունավետ ու վերահսկելի։ Մենք ժամանակ առ ժամանակ կատարում ենք ստուգայցեր… Բազմաթիվ բժիշկներ տարբեր օրինախախտումների համար ենթարկվել են պատասխանատվության, նախկինում՝ ավելի շատ, այսօր՝ ավելի քիչ, քանի որ, իրոք, մեր բժիշկների աշխատանքը դարձել է առավել օրինական, համակարգված եւ օպերատիվ։
-Պարոն Փարսադանյան, զրույցը եզրափակենք՝ խոսելով վերջին տարվա ընթացքում բուժծառայության արձանագրած հաջողություններից։
-Կարեւոր ձեռքբերում է դաշտային պայմաններում բուժապահովումը արդյունավետ կազմակերպելու նպատակով դաշտային տարհանման համալիրների ներդրումը, ինչը օպերատիվ բուժօգնության եւ հաջող ելքի առաջին պայմանն է։ Ավելացրել ենք դաշտային հոսպիտալների թիվը։ Նեյրովիրաբուժության նոր, գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են ընձեռում կատարելու ողնաշարի, ողնուղեղի եւ գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություններ, ինչը առայժմ եզակի է տարածաշրջանում։
Հոդերի փոխարինումը մետաղակառուցվածքներով նույնպես ժամանակակից մեթոդ է, որն արդեն հասանելի է նաեւ մեր հիվանդներին։ Վերջին մեկ տարվա ընթացքում արմատական առաջընթաց կա` կապված վիրավորների, ծանր հիվանդների տարհանման օպերատիվության հետ։
Վերջին մեկ տարվա ընթացքում է՛լ ավելի ենք սերտացրել եւ ընդլայնել ռազմաբժշկական համագործակցությունը այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Հունգարիան, Միացյալ Նահանգները, Հունաստանը։ Դիպլոմային կրթությունը՝ Հունաստանում եւ հետդիպլոմային կրթությունը Գերմանիայում անցնող մեր կադրերը հայրենիք են վերադառնում մասնագիտական բարձր պատրաստվածությամբ եւ ծառայության են անցնում զինված ուժերում։
Ուզում եմ անդրադառնալ նաեւ Գերմանիայի հետ համատեղ կազմակերպված մարտավարա-մասնագիտական զորավարժությանը, որի արդյունքները հավաստեցին մեր բուժծառայության մարտական բարձր պատրաստվածության մասին։ Զորավարժությանը հետեւող 6 երկրների դեսպանությունների ռազմական կցորդներից միայն դրվատանքի խոսքեր ենք լսել եւ արժանացել ենք բարձր գնահատականի: Ցանկանում եմ մեկ անգամ եւս հավաստիացնել, որ բանակի բուժծառայությունը պատրաստ է լուծելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք եւ վճռական է վերացնելու բոլոր այն վրիպումները, որոնք կարող են վնասել մեր զինվորի ու սպայի առողջությանն ու մարտունակությանը։
Շնորհավորում եմ բոլոր բուժծառայողներին մասնագիտական տոնի առթիվ։ Բոլոր նրանց, ովքեր հայրենասիրաբար ու խիզախորեն տարան բանակաշինության ծանր տարիների դժվարությունները, ովքեր այսօր ամուր ու սրտացավորեն կանգնած են զինվորի կողքին։ Ձեր վաստակը անուրանալի է։ Հպարտությամբ կրեք զինվորական բժշկի կոչումը եւ շարունակեք նույն անձնվիրությամբ ծառայել հայրենիքին ու զինվորին։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր