Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՆԱԿՑԵՑ 31000 ԴՊՐՈՑԱԿԱՆ



Նոյեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց ռազմամարզական սպարտակիադայի վերջին մրցումը՝ ռազմականացված փոխանցումավազք: Ռազմական ինստիտուտի ֆիզիկական պատրաստության եւ սպորտի ամբիոնի պետ փոխգնդապետ Հ. Մարգարյանը դպրոցականներին բացատրում է մրցման կանոնները, ապա մասնակից թիմերի դպրոցականները վազքուղում զբաղեցնում են իրենց տեղն ու թեժ պայքարի մեջ մտնում. 8 կիլոգրամանոց պարկը ձեռքին` վազորդը հաղթահարում է տարածությունը, այնուհետեւ շարունակում են ընկերները՝ վազում են եւ միաժամանակ պատգարակով տեղափոխում վիրավորին:

Ինչպես նշեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության` մասսայական սպորտի եւ ֆիզդաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանը, միջոցառումը անցկացվում է 2004 թվականից, չորս փուլով՝ դպրոցական, համայնքային, մարզային եւ հանրապետական: Մարզական ստուգատեսը անցկացվեց 6 մարզաձեւերից՝ նռնակի նետում, վազք 1000 մետր, ռազմականացված փոխանցումավազք, ձգումներ պտտաձողի վրա, ինքնաձիգի քանդում-հավաքում, հրաձգություն, որը անցկացվեց նախարարության հրաձգության մարզադպրոցում:

«Մարզական խաղերի նպատակն է ավելի շատ դպրոցականների մասնակից դարձնել և դրանով նպաստել նրանց ֆիզիկական կարողությունների և առողջության ամրապնդմանը: Բացի դրանից, խաղերն ունեն նաեւ ռազմահայրենասիրական նշանակություն: Հնարավոր է` մասնակիցներից ոմանք, ինչու չէ, արդյունքում ընտրեն զինվորականի մասնագիտություն»,-նշեց Ե. Դավթյանը եւ ընդգծեց, որ այս տարվա մասնակիցների թիվը աննախադեպ էր. առաջին փուլին մասնակցել է 31 հազար դպրոցական՝ 10 մարզից եւ Երեւան վարչական շրջանից: 11 թիմերից, թիմային եւ անհատական հաղթանակների արդյունքներով, առաջին տեղում է Շիրակի մարզի հավաքական թիմը, երկրորդ տեղում` Արագածոտնի, իսկ երրորդում՝ Կոտայքի թիմը:

Անհատ հաղթողներին հանձնվեցին նվերներ եւ պատվոգրեր, թիմերին հանձնվեցին նաեւ գավաթներ: Փոխգնդապետ Հ. Մարգարյանը նշեց, որ վերջերս մասնակցում էր ԱՊՀ երկրների սպարտակիադային, որտեղ Ռուսատանը ներկայացնող կուրսանտը ոսկե մեդալ ստացավ նռնակի նետում վարժությունից՝ գրանցելով 71 մետր. «Բայց արի ու տես, որ Արագածոտն մարզի Ոսկեվազ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտը այս սպարտակիադայում գերազանցեց այդ ցուցանիշը 9 մետրով»: Այդ աշակերտը Գամառնիկ Գրիգորյանն է, ինքն էլ է զարմացած, միեւնույն ժամանակ, ոգեւորված հաղթանակով. «Այո՛, մենք նախապատրաստվել ենք, բայց պետք է ասեմ, որ վարժվել եմ դեռ մանկուց. գյուղում փորձում էի ծառից ընկույզ ցած գցել քարի հարվածներով»,-կատակով ասում է Գամառնիկը:

Առաջին տեղը զբաղեցրած Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի զինղեկ մայոր Ավետիսյանն էլ բացահայտում է թիմի հաջողության բանաձեւը. չէ՞ որ երկրորդ անգամ անընդմեջ դառնում են հաղթող. «Ուժեղ կամք եւ մի քիչ էլ հաջողություն. այս գործոնները ապահովեցին մեր հաղթանակը»:

Բոլոր մասնակիցներն էլ, անկախ գրանցած հաջողություններից, նշեցին, որ ռազմամարզական սպարտակիադան հնարավորություն է` նախապատրաստվելու բանակային կյանքին:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ազգային բանակ


23/11/2011