Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ



ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԱՐՄԵՆ ԹԵՎԱՆԻ ՀԱՅՐԻԵՎ (ՀԱՅՐՅԱՆ)

Խորհրդային Միության հերոս

Ծնվել է 1910թ. սեպտեմբերի 20-ին Տող գյուղում (Հադրութի շրջան, Արցախ), գյուղացու ընտանիքում։
Արմեն Թևանի Հայրիևը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, օդաչու-գրոհային, մայոր։
Կյանքի մեծ մասն ապրել է Ուզբեկստանում, որտեղ բուհի բանվորական ֆակուլտետի 2-րդ կուրսն ավարտելուց հետո, որպես փականագործ, աշխատել է Սամարղանդի «Դեհկանին» գործարանում։
1931թ. Կարմիր բանակում էր։
1932թ. Հայրիևն ավարտել է ավիացիոն կրտսեր մասնագետների դպրոցը և Ֆ. էնգելսի անվան ռազմական ավիացիոն դպրոցը։
Հայրենական մեծ պատերազմն սկսվելու առաջին օրերից եղել է ռազմաճակատում, զբաղեցրել է 503-րդ գրոհային ավիացիոն գնդի (206-րդ գրոհային ավիացիոն դիվիզիա, 7-րդ գրոհային ավիացիոն կորպուս, 8-րդ օդային բանակ, Հարավային ռազմաճակատ) էսկադրիլիայի հրամանատարի պաշտոնը։ 1941թ. հոկտեմբերի վերջին ընկերների հնգյակի հետ օդից գրոհել է Պոլտավայում տեղաբաշխված թշնամական օդանավակայանը։ Ոչնչացրել են ֆաշիստական 12 ռմբակոծիչ, ինչը հաստատել են նաև թշնամու թիկունքում եղած խորհրդային հետախույզները։
1942թ. հունվարին Արմեն Հայրիևն ավիացիոն էսկադրիլիայի հրամանատարի կարգավիճակում դեպի թշնամական հետևակի ու մեքենաների կուտակումն է առաջնորդում մի քանի գրոհային։ Այրվում է 20 ավտոմեքենա, սպանվում ու վիրավորվում մի քանի հարյուր գերմանացի հետևակային։ Նույն տարվա հունիսին նա կատարում է ևս մի մարտական թռիչք, արդեն դեպի Բրյանսկի օդանավակայան, ուր բազավորվել էին թշնամու ռմբակոծիչները։ Կապիտան Հայրիևի առաջնորդած գրոհայինները վնասում են հակառակորդի 44 օդանավ։
Մինչև 1943թ. հոկտեմբերը կապիտան Հայրիևն արդեն կատարել էր 105 մարտական թռիչք։ Նրան վստահված էսկադրիլիան կատարել է 324 մարտական թռիչք՝ նշանակալի վնաս պատճառելով թշնամուն։ Էսկադրիլիայի հրամանատարը հատկապես աչքի է ընկել հակառակորդի Տագանրոգյան խմբավորումը ջախջախելիս և Դոնբասն ազատագրելիս։ Նրա մարտական խոցումների հաշվին ավելացել են թշնամական ևս 12 ինքնաթիռ, 12 տանկ, 150 ավտոմեքենա, 20 հրետամիջոց, 10 բլինդաժ ու 3 անցամիջոց։
Գերմանացի օդաչուները Հայրիևի ինքնաթիռն անվանել էին «Սև մահ»։
1944թ. ապրիլի 13-ին կապիտան Արմեն Թևանի Հայրիևին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։
Պարգևատրվել է նաև Կարմիր դրոշի 2 (1941թ., 1942թ.), Ալեքսանդր Նևսկու, Կարմիր աստղի շքանշաններով, «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալով։
Պատերազմից հետո շարունակել է ծառայությունը ԽՍՀՄ ՌՕ ուժերում։ 1947թ. ավարտել է Ռազմաօդային ուժերի սպայակազմի կատարելագործման դասընթացները։ Մայոր Հայրիևը 1951թ. արձակվել է պահեստազոր։ Ապրել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում՝ աշխատելով քաղգործկոմում։
Արմեն Հայրիևը մահացել է 1966թ. փետրվարի 13-ին։
Տաշքենդի փողոցներից մեկը կրում է նրա անունը։

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸԳՐԻԳՈՐ (ԳՈՒՐԳԵՆ) ՄԻՔԱՅԵԼԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Խորհրդային Միության հերոս

Ծնվել է 1914թ. օգոստոսի 22-ին Մինգրելսկ գյուղում (Քմքաձոր, Արցախ), գյուղացու ընտանիքում։
Գրիգոր Միքայելի Հայրապետյանը Խորհրդա-ֆիննական և Հայրենական Մեծ պատերազմների մասնակից է։
1936թ. զորակոչվել է Կարմիր բանակ։ ժամկետային ծառայությունից հետո մնացել է բանակում։ 1939թ. ավարտել է կրտսեր լեյտենանտների դասընթացը։ 1939թ. մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրման ռազմարշավին։
1939-1940թթ. Խորհրդա-ֆիննական պատերազմում կրտսեր լեյտենանտ Հայրապետյանը եղել է 756-րդ հրաձգային գնդի հրաձգային դասակի, 1940թ. փետրվարին («Մաներհեյմի գծի» ճեղքման մարտերում)՝ գրոհախմբի հրամանատար։ Փետրվարի 11-ին նրա խումբը եղել է միակը ամբողջ գնդից, որ գրավել է հակառակորդի խրամատների առաջնագիծը։ Նա հմտորեն է մեկուսացրել թշնամու կրակակետերը: Ձեռնամարտում Հայրապետյանն անձամբ ոչնչացրել է 20-ից ավելի զինվոր ու սպա։ Իսկ մարտիկները ոչնչացրել են 200-ից ավելի ֆինն զինվոր ու սպա, գրավել 2 դօտ, մեծաթիվ կարևոր փաստաթղթեր ու գծագրեր։
1940թ. ապրիլի 7-ին կրտսեր լեյտենանտ Գրիգոր Հայրապետյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։ Պարգևատրվել է նաև Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1-ին և 3-րդ աստիճանների, Կարմիր աստղի 2 շքանշաններով ու մեդալներով։
…1940թ. օգոստոսին, ապաքինվելուց հետո, նա նշանակվել է Լենինգրադի հետևակային ուսումնարանի կուրսանտական դասակի հրամանատար։ Սկսվել է Հայրենական Մեծ պատերազմը, և նա ուսումնարանի կազմում կուրսանտական դասակով մասնակցել է Լուժսկի բնագծում մղվող մարտերին։ Վիրավորվել է, հոսպիտալային բուժընթացից հետո ծառայել Բերեզնիկիի ուսումնարանում։
1942թ. ավագ լեյտենանտ Հայրապետյանը մեկնել է ռազմաճակատ՝ որպես 8-րդ առանձին լեռնահրաձգային գումարտակի հրամանատար։ Իր լեռնագնաց մարտիկների հետ մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, լեռնային անցումներում օգնում խորհրդային զորքերի ստորաբաժանումներին ու զորամասերին։ 1942թ. դեկտեմբերից նա 233-րդ հրաձգային դիվիզիայի կազմում ֆաշիստների դեմ մարտնչել է Կուբանում։
1943թ. օգոստոսին, որպես կապիտան, նշանակվել 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի 814-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար։ Դիվիզիայի կազմում մասնակցել է Ուկրաինայի, Մոլդավիայի, Ռումինիայի ազատագրմանը։ Մարտերում Հայրապետյանն իրեն դրսևորել է որպես փորձառու սպա, անվախ ռազմիկ և 1944թ. գործուղվել Մոսկվա՝ «Վիստրել» կոչված դասընթացներում սովորելու։
Դասընթացներն ավարտելուց հետո ծառայել է որպես հրաձգային գնդի ավագ տեսուչ, այնուհետև՝ հրամանատարի տեղակալ։ 1948-1952թթ. հեռակա ուսուցմամբ սովորել է Մ.Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 1951թ. փոխադրվել է՝ ծառայելու Անդրկովկասյան զինվորական օկրուգում։ Փոխգնդապետ Հայրապետյանը 1955թ. դասավանդել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռազմագիտության ամբիոնում։
1959թ. արձակվել է պահեստազոր։ Ապրել է Երևանում։
Գրիգոր Միքայելի Հայրապետյանը մահացել է 1998թ. մարտի 14-ին։

Խորագիր՝ #03 (1374) 27.01.2021 - 02.02.2021, Հոգևոր-մշակութային


29/01/2021