Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ի ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ



Նոյեմբերի 3-4-ը Բրյուսելում տեղի ունեցավ «Պաշտպանական քաղաքականություն եւ ռազմավարություն» թեմայով ամենամյա համաժողովը, որում Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արա Մեսրոպյանը:

«Համաժողովը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման վարչության կողմից եւ հետապնդում էր երկու նպատակ՝ քննարկել ՆԱՏՕ-ի դերը իր գործընկեր երկրների պաշտպանական կարողությունների զարգացման գործում և երկրորդ՝ ներկայացնել ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնությունները ընդհանուր, դաշնակցային եւ բազմազգ գործողությունների համար»,- ասաց Ա. Մեսրոպյանը:

Քննարկվել են կարողությունների ձեւավորման եւ զարգացման հեռանկարները, ներկայացվել է նոր նախաձեռնություն՝ «Խելացի պաշտպանություն» խորագրով, որի էությունը, Ա.Մեսրոպյանի խոսքով, հետևյալն է. «Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներ, օրինակ, տանկ են արտադրում, ապա նոր նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր երկիր կարտադրի սպառազինության մի տեսակ, քանի որ այդ արտադրանքը հասանելի է դաշնակից բոլոր երկրներին»: Արեւմտյան զարգացած երկրներում, ինչպես նշեց Ա. Մեսրոպյանը, ռազմավարությունը զարգանում է կարողությունների օպտիմալացման, առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ տարբեր երկրների կողմից իրականացվող ծրագրերի համախմբման` կրկնություններից խուսափելու ուղղությամբ:

Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ Ա. Մեսրոպյանը եւ ներկայացրել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության փորձը. «Անդրադարձա գործնական ծրագրերին, մասնավորապես՝ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման պլանավորման եւ վերանայման գործընթացին»:

Ըստ Ա. Մեսրոպյանի` համաժողովն արդյունավետ էր. «Հնարավոր է ապագայում, երբ ՆԱՏՕ-ն լիարժեք ձեւավորի « Խելացի պաշտպանության» հայեցակարգը, Հայաստանը եւս մասնակցի այդ նախաձեռնությանը, ինչը գործնականում նշանակում է, որ մեր ռազմական արդյունաբերությունը նույնպես կարող է մասնակցել արեւմտյան ռազմական տեխնիկայի ստեղծմանը»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Ազգային բանակ


23/11/2011