ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՆՐԱՆՔ ԵՆ, ՈՎՔԵՐ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ
Ամեն նորաստեղծ ընտանիքում էլ անհամբերությամբ, սրտի թրթիռով են սպասում առաջնեկին, հազար երազանք մտովի փայփայում, հազար նպատակ գծում…
-Դիրքերում էի, երբ կինս՝ Շուշանը, զանգեց ու հայտնեց ուրախ լուրը՝ տղա ենք ունենալու, էն էլ զույգ տղա: Պատերազմը դեռ չէր սկսվել,- պատմում է մայոր Առուշան Ավանեսյանը:- Աննկարագրելի էր ուրախությունս: Ընկերներս շնորհավորում էին, ասում էին՝ աչքդ լույս, երկու ապագա զինվորներ են ծնվելու, Աստված տա, խաղաղ, անամպ երկնքի տակ մեծանան… Հայերիս համար արու զավակը մի ուրիշ խորհուրդ ունի: Որոշեցի՝ մեր տանը մեծ խնջույք եմ անելու, կատակ բան չէ՝ զույգ տղա, կրկնակի երջանկություն…
Բայց պատերազմը խառնեց բոլոր նպատակները, խաթարեց բոլոր պլանները…Տեղահանություն, վիշտ ու տառապանք, անդառնալի կորուստներ…
Առուշանը ծնունդով Արցախից է, մանկուց է ճաշակել պատերազմի դառնությունը. երկու տարեկան էր, երբ Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվեց հայրը, հետո հորեղբայրը…
Առուշանի կինը՝ Շուշանը, պահեստազորի սպայի աղջիկ է: Աչքը բացել՝ համազգեստ է տեսել: Նրա հայրն անցել է երեք պատերազմի բովով: Շուշանը կրակի տարափի տակ անցած իր մանկությունից պատառիկներ է վերհիշում, պատմում, թե ինչպես էին տագնապի ազդանշանը լսելուն պես, տատիկի հետ սարսափահար շտապում նկուղ-ապաստարան՝ թաքնվելու:
– Անընդհատ կռիվ, պատերազմ… Ստեղծում ես, արարում, թշնամին ավերակում է…
Առուշանը, որը նաև ապրիլյանի մասնակից է, այս պատերազմում էլ վիրավորվել էր, տեղափոխվել Երեւանի զինվորական հոսպիտալ:
Հոսպիտալից հենց դուրս գրվելու օրն էլ երեւանյան ծննդատներից մեկում լույս աշխարհ եկան նրա տղաները: Ժամանակից շուտ էին ծնվել, փոքր քաշով: Հարազատները կատակում էին. «Փոքրիկները շտապել էին լույս աշխարհ գալ, որ հայրիկը մինչ ճակատ մեկնելը հասցնի տեսնել իր զավակներին»:
Տղաներին անվանակոչել են Լեւոն ու Նարեկ, բայց պատերազմական օրերին այնքան էին խոսել ցանկալի հրադադարից ու զինադադարից, որ տնեցիներն ասում էին՝ ծնվել են մեր Հրադադարն ու Զինադադարը:
Զավակներին տեսնելուց մեկ օր անց Առուշանն արդեն կռվի դաշտում էր:
Երբ քիչ թե շատ խաղաղվեց իրավիճակը, զինվորականի ընտանիքը եւս վերադարձավ Արցախ:
…Մայոր Առուշան Ավանեսյանն այսօր էլ շարունակում է ծառայությունը, գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ է:
– Տարիներ առաջ մեր պապերն ու հայրերը՝ զինված որսորդական հրացաններով, կարողացան հաղթել, երբ հաղթելն անհնար էր թվում, մենք էլ կթոթափենք պարտվողի ծանր բեռը, կհամախմբենք մեր ամբողջ ներուժն ու… ի զեն. հաղթողները նրանք են, ովքեր երբեք չեն հանձնվում….
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #04 (1375) 3.02.2021 - 9.02.2021, Ազգային բանակ