Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼԵրեք պատերազմի միջով է անցել լեգենդար տանկիստ, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը, մարտերում ցուցաբերած բացառիկ խիզախության համար արժանացել ՀՀ եւ Արցախի «Մարտական խաչ» շքանշանների:

Ճարտարցի երիտասարդը, երբ խորհրդային բանակից զորացրվեց, հայրենի եզերքում արդեն պատերազմ էր: Արթուրը եղբոր հետ միացավ գյուղի ինքնապաշտպանական ջոկատին, մասնակցեց Մարտունու շրջանի գյուղերի համար մղվող պաշտպանական մարտերին, հետո արդեն՝ Մարտակերտ, Քարվաճառ, Աղդամ…

Մոնթեի զինվորն է եղել Արթուրը.

– Մոնթեն մեր ջոկատների մարտունակությունն առավել բարձրացրեց, առավել համախմբեց: Բացառիկ անհատ էր ՝ օժտված ռազմական բնատուր տաղանդով, առաջնորդ էր էությամբ: Մոնթեի խոսքը խոսք էր, նրա հրամանը քննարկման ենթակա չէր: Երբեմն թվում էր՝ անիրականանալի խնդիրներ էր առաջադրում, բայց մենք մտածում էինք ոչ թե խուսանավելու, այլ՝ ելք ու տարբերակ, միջոցներ պրպտելու նրա ասածն իրագործելու համար: Մենք նրան հավատում էինք անվերապահորեն:

Մոնթեն տանկիստներին շատ էր սիրում. Ֆրանսիայից, Ամերիկայից իրեն համազգեստ, սնունդ էին ուղարկում, ինքն ամեն ինչ մեզ էր տրամադրում, մեր հագին ամերիկյան ճտքակոշիկներ էին, հագուստ, իրենը՝ սովորական, հաճախ գունաթափ, մաշված, տեղ-տեղ կարկատած: Իր անձի մասին քիչ էր մտածում, ջանում էր, որ զինվորի համար ամեն ինչ լավ լինի: Նրա համար զինվորը պաշտամունք էր: Մոնթեի նման մեծություն դարը մեկ է ծնվում: Երբ շարքի դիմաց խոսում էր, համատարած քար լռություն էր տիրում, ականջներս սրած` Մոնթեի խոսքն էինք լսում՝ ամեն բառի մեջ ասելիք կար, ամեն արարքն ընդօրինակելու արժանի էր, իսկ երբ մարտի էինք նետվում, Մոնթեն երբեք չէր ասում՝ առաջ, զինվորներ, այլ՝ իմ հետեւից. երբ զինվորը տեսնում է հրամանատարի անսահման նվիրումը, նրա ջանքն ու եռանդը, ինքն ավելին կանի:

♦♦♦

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼԱրթուրը սկզբում նռնականետորդ էր, հետագայում՝ տանկիստ-նշանառու, կարճ ժամանակում կարողացավ գերազանց տիրապետել տանկի բոլոր նրբություններին: Մարտի գնալիս իր տանկը միշտ առջեւում էր, միշտ որոշողը:

…Հակառակորդը գրավել էր Ճարտարի ՈՒլյան լեռան բարձունքը: Անվախ տանկիստը միայնակ սուրաց դեպի թշնամու խրամատները եւ կես ժամ հերոսաբար մարտնչեց, մինչև օգնական ուժերը տեղ հասան: Ի դեպ, տանկը լռվել էր խրամատում եւ չէր կարողացել առաջ ընթանալ, հակառակորդը չորս անգամ նռնականետից կրակել էր, բայց Արթուրի հմուտ ու գրագետ մարտավարության շնորհիվ երկաթյա նժույգը լուրջ վնասվածք չէր ստացել:

Արթուրի վարած եւ ոչ մի տանկ չի խոցվել, ինչի համար նրան շատ սիրում ու գնահատում էր Մոնթեն:

Ապրիլյան պատերազմի ժամանակ  Արթուր Հովսեփյանը զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալն էր եւ ի պաշտոնե չպիտի գնար առաջնագիծ: Բայց նա զորամասում մնացողը չէր, դա Արթուրի «ոճը» չէր. նրան ճանաչողները համոզված էին, վստահ, որ Արթուրը կշտապի առաջնագիծ, կղեկավարի տանկային վաշտը, նա առջեւից գնացող հրամանատար է…

Խնդիր էր դրված փորձառու տանկիստներ ուղարկել կռվի դաշտ` հակագրոհ կազմակերպելու: Գումարտակի լավագույն սպաներից՝ Ադամյան եղբայրների հետ կազմելով առաջատար տանկի անձնակազմ՝ նետվեցին գրոհի եւ շեշտակի հարվածներով կասեցրին թշնամու առաջխաղացումը:

-Գործում էինք առանց հետևակի, որ հանկարծ զոհ չտանք,- պատմում է Արթուրը:- Հակառակորդը մարտի էր դուրս եկել նորագույն Տ-90 տանկերով: Տանկերը թիրախավորելիս առաջնորդվում էինք Մոնթեի խորհրդով՝ այնպես խոցել, որ ռազմավար վերցնելիս հնարավոր լինի վերականգնելը: Հինգ տանկ, մեկ այլ զրահատեխնիկա խփեցինք: Մտածում էինք՝ բարձունքը կվերցնենք, այդ տանկերն էլ մեզ կմնան, սակայն, ափսոս, պատերազմը շուտ կանգնեցրին, հրադադար հաստատվեց:

Հայրենիքի պաշտպանության ժամանակ դրսեւորած արիության համար անձնակազմը պարգևատրվեց ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

♦♦♦

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼՎերջին պատերազմի ժամանակ փոխգնդապետն արդեն պահեստազորում էր, սակայն երբեք կտրված չի եղել զորամասից, որի հիմնադիրներից մեկն էլ ինքն էր, ամեն հարցով մշտապես աջակցում էր, սատարում: Նա այն նվիրյալ զինվորականներից է, որոնց մասին սովորաբար ասում են՝ համազգեստը դարձել է նրանց մաշկը, կենսակերպը:

… Արթուրի զույգ որդիները՝ Պարույրն ու Սեւակը երկու ամսվա ծառայող էին, երբ սկսվեց պատերազմը: Ինքը վաղ առավոտից արդեն զորամասում էր, զինվորների կողքին: Նորակոչիկներից շատերը դեռ փորձ չունեին, դեռ հրաձգարանում չէին հասցրել կրակել, վառոդի հոտը դեռ չէին շնչել:

Փոխգնդապետը սկզբնական շրջանում նորաթուխ զինվորների հետ էր պարապում, սովորեցնում զենքի վարման կանոնները, հակառակորդի զենքի տակտիկական բնութագրերին ծանոթացնում, հետո արդեն կռիվների կիզակետում էր, ամենաթեժ հատվածներում:

-Ֆիզուլին արդեն չորս օր գրաված էր, մենք դեռ այդ տարածքում էինք, համառ դիմադրում էինք, բայց թշնամու օղակը գնալով ավելի ու ավելի էր սեղմվում,-պատմում է կապիտան Մհեր Սահակյանը ,-ելք էինք ման գալիս շրջափակումից դուրս գալու: Կապվեցի փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի հետ, ներկայացրի իրավիճակը, եւ ինքը հանձն առավ մեզ օգնել. անկեղծ լինեմ՝ ամեն մեկը չէր գնա համարձակ այդ քայլին, չափազանց ռիսկային էր, հավասարազոր մահվանն ընդառաջ գնալուն…

Ապրիլյան պատերազմի ժամանակ իրեն նվիրաբերված սպիտակ ,,Նիվայով,,, մութ խավարը ճեղքելով, Արթուրը զինակից ընկերոջ՝ Արման Ադամյանի հետ միասին, շրջանցելով Հադրութի դիրքերը, հասան պայմանավորված վայր, եւ քիչ անց  չորս Կամազ, թշնամու ուղիղ քթի տակից դուրս սուրացին՝ հետեւելով սպիտակ ,,նիվայինՙՙ:

-Ֆիզուլիից դուրս գալուց հետո թշնամին հետապնդում էր մեզ,-շարունակում է կապիտան Սահակյանը,- Կանգ առանք, դիրքավորվեցինք, հարմար պահի էինք սպասում, որ արժանի հակահարված տանք: Տեսնելով մեր պատրաստվածությունն ու կռվելու վճռականությունը, հակառակորդը փոխում է իր պլանները՝ որոշում հետդարձի ճանապարհին ծուղակ սարքել: Փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը  ժամանակին կանխատեսեց թշնամու այդ մտադրությունը եւ  նրա ճշգրիտ հաշվարկված գործողությունների շնորհիվ մենք ավելի շուտ անցանք այն ճանապարհով, որտեղ թշնամին նախատեսել էր մեզ դարանակալել, ու եթե դա վերջինիս հաջողվեր, մեզնից ոչ մեկը ողջ չէր մնա…

Հիսունից ավելի զինվոր փրկվեց ծուղակն ընկնելուց, փրկվեց վերահաս մահից, հիսունից ավելի օջախում լույսն ու հույսը չմարեց…

ՈՒ էսպես հազար հերոսական դեպք ու դրվագ կա Արթուր Հովսեփյանի կյանքում: Քանի զինվորի կյանք է փրկել, քանի մարտական տեխնիկա անվնաս և ապահով տեղ հասցրել…

Ինքն իր արածների մասին պատմել չի սիրում, սակայն կարող է անվերջ պատմել մեր արիասիրտ զինվոր տղաների հերոսությունների մասին.

– Առյուծ տղերք ունենք՝ մեկը մեկից խիզախ: Զինվորը գիտի՝ կարող է հետ չգալ, բայց գնում է չընկճված, գնում է վճռական, հոգու մեջ հաղթանակի լույսը չմարած…

Դեռ ամեն ինչ ավարտված չէ… Ամեն ինչ առջեւում է…,- վստահեցում է փոխգնդապետը.- իմ հավատի հենքը մեր զինվորի անսահման նվիրումն է, զինվորի, որ Հայրենիքը սիրում է կյանքի չափ ու կյանքից էլ առավել …

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #04 (1375) 3.02.2021 - 9.02.2021, Ազգային բանակ


04/02/2021