Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿՆԵՐ ԵՆՔ ՊԱՐԳԵՎԵԼ



ՄԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿՆԵՐ ԵՆՔ ՊԱՐԳԵՎԵԼՆախքան իմ որդու՝ Սասունի մասին խոսելը, իմ և ընտանիքիս անունից ուզում եմ խորին ցավակցություն հայտել այն ընտանիքներին, որոնց զավակներն իրենց կյանքն անմնացորդ նվիրեցին հայրենիքին՝ հերոսացան մեր սուրբ հողը պաշտպանելիս ու չվերադարձան: Հասկանալի է, թե որքան ծանր է այդ որդեկորույս ծնողների ցավն ու կսկիծը, բայց համոզված եմ, որ նրանց պետք է սփոփի ու մխիթարի այն միտքը, որ իրենք Հայրենիքին հերոս զավակներ են պարգևել, որ նրանք իրենց սխրանքով պաշտպանեցին հայրենիքում ապրելու մեր իրավունքը:

Ինչպես յուրաքանչյուր ծնող, այնպես ել մենք մեր զավակների հետ կապված մեկ նպատակ, ցանկություն ենք ունեցել. որ նրանք առողջ մեծանան, ճիշտ ապրեն, հստակ կողմնորոշվեն, դառնան մեր պետության համար պիտանի քաղաքացիներ: Եվ փառք Աստծո, որ չենք հուսախաբվել:

…Որդիս՝ Սասունը, ավարտելով դպրոցը՝ ընդունվեց ԵՊՀ «Երկրաբանության և աշխարհագրության» ֆակուլտետը, գերազանցությամբ ավարտեց բակալավրիատն ու մագիստրատուրան: Նա գնում էր իր երազանքի հետևից՝ ծառայել Հայրենիքին: Եվ ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ընտրեց հրետանավորի մասնագիտությունը: Բարձր առաջադիմությամբ ավարտելով համալսարանը՝ լեյտենանտի կոչումով ծառայության անցավ Մատաղիսի զորամասում: Մտածում էինք, թե՝ կյանք է, ծառայություն է, և ամեն ինչ կընթանա բնականոն հունով, բայց սկսվեց պատերազմն ու բոլորիս համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ:

ՄԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿՆԵՐ ԵՆՔ ՊԱՐԳԵՎԵԼՄենք՝ մեր երիկիրն ու ժողովուրդը, պարտավոր էինք թշնամու նենգ ու դավադիր ագրեսիային պատասխանել ազգովի:

Սասունն էլ իր բաժին կռիվն էր մղում: Մեզ համար նման փորձությանը դիմակայելը չափազանց ծանր էր: Սկզբում կապ կար, հետո կապն ընդհատվեց: Բառեր չեմ գտնում մեր ապրումները նկարագրելու համար: Հետագայում պարզվեց, որ տղաս իր երկու զինակիցների հետ ընկել է շրջապատման մեջ: Մեր տղաները խուճապի չեն մատնվել, չեն կորցրել իրենց կորովն ու կամքը: Նրանք գրագետ ու քաջաբար կռվելով՝ թշնամուն մարդկային ու նյութական կորուստներ են պատճառել ու դուրս եկել շրջապատումից: Ցուցաբերած խիզախության համար Սասունն ու իր ընկերները՝ Արթուրն ու Միքայելը պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

Հպարտ եմ, որ Սասունի ու իր ընկերների նման, մեր մյուս առյուծ տղաները՝ քաջաբար կռվելով, մարտական դիրքը չլքելով, աշխարհի աչքում մեզ բոլորիս պարզերես են արել ու բարձր են պահել Հայ զինվորի պատիվը: Այդ նրանք են շենացնելու նոր Հայաստանը, հզորացնելու՝ Հայոց բանակը: Թող Աստված պահի ու պահպանի նրանց ու հովանի դառնա նրանց ազգանվեր երթին: Սասունն այսօր էլ շարունակում է իր ծառայությունը Հայոց բանակում: Տա Աստված, որ խաղաղությունը կայուն ու տևական լինի, և բոլոր մյուս զինվոր տղաների հետ իմ Սասունն էլ անփորձանք տուն վերադառնա:

ՆԵԼԼԻ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #04 (1375) 3.02.2021 - 9.02.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


04/02/2021