ԿՈՎՍԱԿԱՆՑԻՆԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սյունյաց լեռնաշխարհում` Զանգեզուրում, կա մի լայնարձակ տարածություն` ծածկված խիտ անտառներով. Կովսականն է: Այս տարածքը այժմ կիսված է, և զգալի մասն այսօր Ադրբեջանի տիրապետության տակ է: Կովսականի այն մասում, որն այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կան մի քանի խոշոր գյուղեր` Սրաշեն, Շիկահող, Շիշկերտ, Ծավ, Հանդ: Այս բոլոր գյուղերը Արցախյան ազատամարտի ընթացքում անմիջականորեն ներգրավվել են մարտական գործողություններին: Սակայն ամենադժվար օրերն այս գյուղերի բնակիչների համար 1992 թ.-ի ապրիլի 24-ից մինչև դեկտեմբերի 10-ն էին, երբ շուրջ 8 ամիս նրանք ապրում էին շրջափակման մեջ: Անհնար է բառերով ճշգրիտ ներկայացնել, թե ինչ դժվարություններ է կրել Կովսականի բնակչությունն այդ ժամանակահատվածում, այդուհանդերձ նրանց պատմությունների, հուշերի և գրանցված փաստերի հիման վրա փորձ է արվել հակիրճ ներկայացնելու այդ ութ ամիսների ընթացքում իրադարձությունների զարգացումները և ժողովրդի կենցաղը շրջափակման պայմաններում: Ներկայացվող ակնարկը չունի առանցքային հերոս, այստեղ գլխավոր կերպարը Կովսականի բնակչությունն է` զանգեզուրցին… Հայը, ով նույնիսկ ամենաանհուսալի պահերին չի կորցնում հույսն ու հավատը և ամենաանհավանական ձևերով պաշտպանում է իր հողը, իր ընտանիքը:
«Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով` ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով` ամենից անփոփոխը: Ամենից աննպաստն իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքան անհույս է թվում իր ապագան, բայց եւ որքան հուսացող է նա»:
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Շիկահող…մոտ երկու ամիս է, ինչ գյուղը շրջափակման մեջ է: Ապրիլի 24-ին ադրբեջանական զորքերի հարձակումից հետո Հայաստանի շրջանների հետ Շիկահողի եւ Կովսականի բոլոր գյուղերի շփումն անհնար դարձավ:
Մթության մեջ գյուղն ավելի խեղճ է երեւում: Գեներատոր չկա, լույս չի լինում. «Պիտի աշխատել, հույսը չկտրել, եթե պետք լինի, պիտի նոր ճանապարհ կառուցել: Լենինգրադում շրջափակման պահին ֆուտբոլի առաջնություն է անցկացվել: Պիտի մի կերպ դիմակայել,- ասում է գյուղապետը:
-Հույսներդ ձեզ վրա դրեք», – շարունակում է նա: Լսում են տղաները գյուղապետ Արթուրին` հենված Մեծ Հայրենականում զոհվածների հուշարձանի պատվանդանին: Եվ այստեղ, մթության մեջ, այս անունների կողքին պատերազմն ավելի «մոտ ու հարազատ» է դառնում: Ծխում են: Հիմա բոլորն են ծխում: Չծխողները ծխում են, չխմողները` խմում: Ծխում է նաեւ Աֆգանեց Մանվելը: 1992 թ.-ի ապրիլի 24-ից հետո թողել է Բելառուսը, հասել այստեղ: Նա մի քիչ կռվարար է, մի քիչ` անհանդուրժող: Շենը նրան խելառ է անվանում: Ասում է` ուզում եմ իսկական պատերազմ լինի: Հենվել է ավտոմատին: Գյուղի միակ, ժամանակ առ ժամանակ աշխատող հեռախոսով փորձում է կապվել Բելառուսում ապրող կնոջ` Իռայի հետ: Կխոսի, հետո կնոջ «ե՞րբ ես գալու» հարցին կպատասխանի ռուսերեն հայհոյանքով ու նորից կծխի: Զրուցում են տղաները, մաքրում են զենքերը, պատրաստվում են…պոստի:
-Կյանքս էսպես է անցնում. ոչխարի հերթ, պոստի, ոչխարի հերթ, պոստի: Հետո էլ ասում են` Սաքո՞, պսակվի՛ր, – բողոքում է Սարգիսը: Ծիծաղում են, հետո… լրջանում:
Իսկ Սրաշեն գյուղի գյուղապետ Գրենյան ասում է. «Ո՛չ գեներատոր է պետք եւ ո՛չ էլ նոր ճանապարհ: Պիտի ազատել ճանապարհը, իսկ հոսանքը վերականգնել»: Հետո զայրանում է. «Ադրբեջանը կանոնավոր բանակ ունի, իսկ մենք` ոչ»:
Իսկ կանոնավոր բանակը երեւում է Սրաշենի կիսակառույց հեռուստաաշտարակից: Հեռադիտակով ամեն բան ափի մեջ է: Քյոլլուի եւ Ռեզդերեի չորս կողմը խրամատ է: Զինվորների մի շարասյուն է քայլում:
-Գնում են ճաշարան: Ժամն է, – բացատրում է սրաշենցի Ռաֆիկը, որն իր հետ պահակակետ է բերել տասներեքամյա տղային` Ռոբերտին:
Բայց ահա շարքից հանում են ինչ-որ մեկին եւ սկսում ծեծել:
-Դա սովորական երեւույթ է: Մի՛ զարմացեք, – ասում է Ռաֆիկը, – մենք ականատես ենք:
Հաջորդ օրը հետախուզությունից վերադառնում են Ռուբոն, Լյովան, Գոգոն, հանդեցի Վլադիկը, Ճարտի Աշոտը: Գիշերով մոտակա լեռն են բարձրացել, լուսաբացին պարզել, որ օղակի մեջ են: Ճարտի Աշոտը (Ճարտի են ասում, քանի որ նա երկու մետր հասակ ունի, օղին թեյի բաժակով է խմում. հայտնի որսորդ է, բայց նրան է վստահված արգելոցի կենդանական աշխարհի պահպանությունը) ասել է. «Նոր եմ ոսկե ատամներ գցել: Եթե հանկարծ խփվեմ, ատամներս հանե՛ք, տարե՛ք տվեք կնոջս, թող ծախի, երեխեքիս պահի»:
Նրանք անհանգստացնող լուրեր են բերել: Բարձունքը գրավված է: Այնտեղ իսկական շինարարություն է, կառուցվում են ամրություններ, փորվում են խրամատներ: Պահակակետերում 30-40 մարդ կա: Տխրում է Արսենը, ինչպես միշտ վառում ծխախոտը. «Մեզ բանակ է պետք, իսկական բանակ»:
Ամառային մի պայծառ օր էր: Վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսեցին հրետակոծությունը: Կրակում էին հրանոթներից, իսկ մեր դիրքերից պատասխանում էին «Ալազան» հրթիռներով: «Ալազանը»` անկառավարելի, անհասկանալի, դեպի հակառակորդն է թռչում բարձունքներից, շարժվում օրոր-շորոր եւ… նպատակին չի հասնում: Հրետանին մեր դիրքերին դիպուկ է կրակում: Հետո դառնում են գյուղերին ու ճանապարհներին. բնակչությունն ստիպված լքում է գյուղը:
Սրաշենի բարձունքներից ուշացումով գործեց մեկ ուրիշ «Ալազան»: Երկու հրթիռներ հասան Քյոլլուի կամրջի մոտից կրակող ազերիներին ու պայթեցին կամրջի վրա: Սրաշենից վեր` երկու-երեք տեղ բռնկվում է անտառը… Մութն ընկնելուց հետո շուրջբոլորը լույս է ու բռնկում: Լեռան կրծքից ձկնաբուծարանի Սամվելի արձակած հերթական «Ալազանը» թեքվեց աջ` դեպի մեր դիրքերը, եւ պայթեց մեր խրամատի ծայրին: Ոչ ոք չէր սպասում… Մերոնք հայհոյում են մերոնց:
Ա~յ էդպես… Ուրեմն, եթե ամեն մեկի կրակածը իր գլխին ընկնի, պատերազմ չի լինի, – հասցնում է փիլիսոփայել խրամատներում փրկվածներից Զաքարյան Սերյոժան:
1992 թ. հունիսն ավարտվում է: Շրջափակումը շարունակվում է, ու ինչպես այստեղ են արտահայտվում` «մարդիկ շարունակում են ապրել ճանկռտելով»: Անտառներով, դաշտերի ու լեռների վրայով գնում-գալիս են հզոր բեռնատարներն ու տրակտորները: Հեշտ է ասել` դաշտեր, լեռներ, անտառներ: Իրականում այս «կյանքի ճանապարհը» գնդակոծվող, շունչ կտրող վերելք է ու գլխիվայր վայրէջք: Ալյուրով, հացով, վառելիքով, մարդկանցով բեռնավորված` այդ ուղին կտրում-անցնում են բեռնատարները, տրակտորները: Եթե ճանապարհն անանցանելի է դառնում եղանակի կամ ուժգին, չդադարող գնդակոծության պատճառով, ապա հայտնվում են հետիոտները, որոնք շալակներն առած մթերք, փամփուշտ, ծխախոտ, զենք են հասցնում շրջափակված գյուղերին:
Հուլիսի սկզբներին վերսկսվեց գյուղերի հրետակոծությունը: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պետք է ուժեղացվի Կովսականի պաշտպանությունը: Կովսականը կտրված է «մեծ երկրից». պիտի պաշտպանվի ամեն գնով։
Ծանր բեռ է բոլորի ուսերին, իսկ ամենածանրն իր ուսերին է շարունակում կրել կինը` հայ գեղջկուհին: Տառապանքի դրոշմն է նրա դեմքին, տխուր է, շփոթահար, մի քիչ ցնորվածի պես, բայց համբերում է, դիմանում, կերակրում, ժպտում:
Մի քանի օր անց հրետակոծվեց նաեւ Սրաշենը: Սրաշենի թոնիրներից մեկում հաց էին թխում: Մուշեղ քեռու կինը` Նվարդը, սաստեց հացթուխներին. «Աղջի՛, ա՛ կնանիք, տեղնե՛րդ վեր ընգեք: Պակաս տարի ա: Կրակում են՝ կրակեն, մենք պուլերը չենք թողնելու»: Շուրջն ընկնող արկերի կողքին` թոնիրում, հացն այնուամենայնիվ թխվեց: Հետո ասացին, որ Նվարդը համոզել էր կանանց, թե՝ «բոմբերը թոնրի վրա չեն ընգնում»:
Սրաշենում վիրավորներ կան: Մութն ընկնելուց հետո սկսեցին գործել մեր «պուշկաներն» ու «դեշեկան»:
Ստեփանյան Լյովայի «վիլիսը» կրակոցների տակ հատում է խաչմերուկը: Բարձրանում են վեր` տանկի մոտ, եւ Ռուբոն հարմար դիրք է ընտրում: Տանկն ու ադրբեջանական հրետանին հայտնվում են դեմ դիմաց: Ատոմը հաշվարկեց հեռավորությունը եւ կրակեց երեք անգամ: Երրորդ կրակոցից հետո ադրբեջանական դիրքում ուժեղ պայթյուն եղավ, կրակի մեծ սյուն բարձրացավ…Հակառակորդի «պուշկան» հօդս ցնդեց: Այդ պահին Լյովան գոռաց. «Իջնում ենք թուրքի խրամատ: Գնացինք…Ով չգա ու չկրակի, նրա մերը…»: Գնդակոծությունը շարունակվեց: Թողեցին խրամատը ու փախան դեպի գյուղ:
«Ովքեր մարտնչում են պատերազմում, սքանչելի մարդիկ են, եւ որքան առաջավոր գծին մոտ, ավելի սքանչելի մարդկանց ես հանդիպում: Փոխարենը` նրանք, ովքեր ձեռնարկում եւ վարում են պատերազմը, խոզեր են` մտահոգված միայն տնտեսական մրցակցությամբ եւ նրանով, որ պատերազմում կարելի է հարստանալ: Ես գտնում եմ, որ բոլորը, ովքեր հարստանում են պատերազմում եւ նպաստում են նրա բորբոքմանը, պետք է գնդակահարվեն մարտական գործողությունների հենց առաջին օրը, իրենց երկրների քաղաքացիների վստահված ներկայացուցիչների կողմից, որոնց նրանք ուղարկում են կռվելու»: (Է. Հեմինգուեյ, «Հրաժեշտ զենքին»):
Շրջափակման անբաժանելի մասն էին կազմում հերթերը. անիծյալ հերթեր, ինչ-որ մեկի ձեռքով գոյացող հացի հերթեր` սովի ոսկրոտ ձեռք, որ հրամցնում է կապտականաչավուն «հացի» կտորները` շաղախված որդերով ու միջատներով: Պաշտոնական հաղորդագրությունն է պնդում. «Շրջանի մակարդակով հացը բաժանվում է 150-170 գրամի չափով»:
Հանրապետության նախագահի կոչն է. «Հարկավոր է ըմբռնումով մոտենալ»: Կովսականի մարդիկ այնքան ըմբռնումով են մոտենում, որ մինչեւ անգամ… Ամուսնանում են: Ամուսնացավ շիկահողցի Գարունը: Հարսը Գորիսի Բարձրավան գյուղից է: Չլսված, չտեսնված բան է, երբ խաղաղ ու ապահով տարածքից հարս են բերում պատերազմական գոտի, շրջափակված, անորոշ ճակատագրով բնակավայր:
Հարսին Շիկահող բերեցին Սեթոյի «Բելոռուսով»` մի քիչ ոտքով, կես թաքուն, կես վախենալով, զգույշ, կրակոցների ու արկերի ոռնոցների ուղեկցությամբ: Հարսը խցիկում էր, փեսան` կցասայլակում: Տանը խնջույք եղավ, բայց իսկական հարսանիքը եղավ… Շարայի քարում` դիրքում, ուր իր «մեղրամիսն» էր անցկացնում Գարունը: Բայց… հարսանիքը կիսատ մնաց: Սկսեցին կրակել. փոխհրաձգություն սկսվեց: Խրամատի վրա կրակում էին երկու կողմից, եւ տղաները անիմաստ համարեցին դիմադրությունը, խավարից օգտվելով` թողեցին խրամատը: Բայց մեկը` էջմիածինցի 19-ամյա «Սվյազիստ Անդոն», որոշեց չթողնել կամ չհասցրեց լքել դիրքերը: Մտավ հենց խրամատում Գեւորգյան Արմենի փորած խորշի մեջ, որտեղ հաճախ պաշտպանվում էին նռնականետներից: Ադրբեջանցիները թռան խրամատ, նռնականետներից կրակեցին գյուղի վրա: Հետո ինչ-որ բան էին փնտրում, եւ, երբ ուզում էին դուրս թռչել, Անդոն նետեց նռնակը: Պայթյուն… Ինչ-որ մեկը գոռաց: Ոչինչ չէր երեւում, եւ ազերիները ստիպված էին հարյուրավոր փամփուշտներ պարպել խրամատի մեջ: Անդոն լրիվ ապահով էր թաքստոցում: Ազերիները շտապում էին. մի քանի րոպեից դուրս պրծան խրամատից: Օգնությունը եկավ ուշացումով: Լուսաբացին մերոնք տեսան, որ ադրբեջանցիները մաքրազարդել են պահակակետերը, տարել զենքի բոլոր տեսակները: Խրամատում արյուն էր թափվել. արյան հետքերը տարածվում էին հողապատնեշի վրա ու նրանից այն կողմ ձգվող դաշտում:
Թեժ մարտերը շարունակվեցին մինչեւ դեկտեմբերի սկզբները: Ամեն ինչ ավարտվեց, երբ կովսականցիներն անցան վճռական գործողությունների: Դեկտեմբերի 9-ին մի քանի ժամ շարունակ տեւած մարտական գործողությունների արդյունքում ազերիները հետ քաշվեցին Կապան-Ծավ ճանապարհի մոտ գտնվող դիրքերից, եւ ապրիլի 24-ից սկսած, շուրջ ութ ամիս տեւած շրջափակումն ավարտվեց: Կարմիր «ՊԱԶ» ավտոբուսը կտրեց-անցավ ճանապարհը, եւ փոքրիկ լեռնաշխարհը կապվեց Երկիր մոլորակին:
Պատերզամներն սկսում են, երբ ուզում են, ավարտում են, երբ կարողանում են:
«Մեր պատերազմը» սկսվեց դանդաղ, զարգացավ անսպասելի ու անհասկանալի…մնաց անավարտ: Բայց Կովսականում ամեն ինչ արդեն ավարտված է: Հիմա այլեւս ոչ ոքից ոչինչ չեն ակնկալում, ոչ ոքի չեն հայհոյում…
ՎԱՐԴԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Խմբագրության կողմից.- «Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» մրցույթի լավագույն հրապարակումները կտպագրվեն մեր թերթի հաջորդ համարներում։
Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Պատմության էջերից