ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Միխայիլ (Մուշեղ) Աղաթելի Հարությունով (Հարությունյան)
Խորհրդային Միության հերոս
Ծնվել է 1898 թվականին, Կապանի շրջանի Գեղանուշ գյուղում:
Միխայիլ Աղաթելի Հարությունովը Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է առաջին օրվանից:
1927 թվականին ավարտելով գյուղի 7-ամյա դպրոցը, ծնողների հետ բնակություն է հաստատել Սամարղանդում, Ուզբեկստան:
Քաջ հրետանավորը մասնակցել է Ստալինգրադի հերոսական պաշտպանությանը, Դոնի պատմական գետանցմանը, Ուկրաինայի ու Կուրսկի ազատագրման մարտերին:
1944 թվականի հուլիսի 22-ին Բելառուսիայի Վիտեբսկի մարզի Սիրոտինսկի շրջանի համար մղված մարտերում գվարդիայի եֆրեյտոր Հարությունովը ոչնչացնելով մեկ տասնյակ հիտլերականների՝ ճնշել է թշնամու գնդացրային կրակակետը:
Իսկ հունիսի 22-ին Բեշենկովիչի շրջանի Ուզռեչյե գյուղի մոտ առաջինն է գետանցել Արևմտյան Դվինան, ակտիվորեն մասնակցել պլացդարմի պահպանման համար մղված մարտերին ու վիրավորվել: Հենց այդ գործողության ժամանակ ցուցաբերած բացառիկ սխրանքի համար էլ Հարությունովը ներկայացվել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Ավաղ, խիզախ հայորդին չի հասցրել ստանալ բարձրագույն պարգևը՝ հերոսաբար զոհվելով Լիտվայի Զառասայի շրջանի բնակավայրերը ազատագրելիս: Հերոս հրետանավորի աճյունը հողին է հանձնվել Սալաս գյուղի (Օստրուվ) շիրմատանը: Պատերազմից հետո նշխարները տեղափոխվել և վերահուղարկավորվել են Զառասայի շրջանի Սմալվոս գյուղի զինվորական գերեզմանատանը:
Հայազգի հերոսը պարգևատրվել է նաև Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով և այլ մեդալներով: Հերոսի անունով են կոչվել իր ծննդավայր Գեղանուշ գյուղի դպրոցը և Կապան քաղաքի փողոցներից մեկը:
Այդին Հարությունի Հարությունյան
Ծնվել է 1918 թ. Թորոս գյուղում, Ղուկասյան, գյուղացու ընտանիքում:
Այդին Հարությունի Հարությունյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, մայոր:
Գյուղի 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը, որը 1939 թ. ավարտել է գերազանցությամբ: Որպես ուսմասվար աշխատել է Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանի Զառիշատ գյուղի միջնակարգ դպրոցում:
1939 թ. ծառայել է Կարմիր բանակի շարքերում, 1941 թ. հունիսից նա արդեն ռազմաճակատում էր: Մասնակցել է Կովկասի համար մղված, Կուբանի և Ուկրաինայի ազատագրման մարտերին:
1943 թվականին մասնակցել է Նովոռոսիյսկի ազատագրման մարտերին: 1944-ին աչքի է ընկել հատկապես Ղրիմյան գործողության ժամանակ՝ Սևաստոպոլն ազատագրելիս:
89-րդ Հայկական լեգենդար դիվիզիայի, որը հետագայում վերանվանվեց Թամանյան, շարքերում մասնակցել է Կովկասի ու Ղրիմի ազատագրմանը, իսկ Օդերի գետանցման ժամանակ ցուցաբերած անօրինակ սխրանքով խիզախ հայորդու անունը հայտնի է դառնում ամբողջ դիվիզիայում: Մասնակցել է Սապուն-Գորայի համար մղված դաժան մարտերին:
1944 թ. մայիսին թշնամու Սևաստոպոլյան պլացդարմը վերացնելու համար ձեռնարկված հարձակողական մարտերում Հարությունյանը առաջիններից մեկն էր, որ նետվելով Գորնայա բարձունքը գրավելու, ներխուժում է թշնամական դզօտ և նռնակներով ոչնչացնում 10 հիտլերականի, գերեվարում 18 զինվորի ու սպայի: Դասակների հրամանատարների զոհվելուց հետո ստանձնելով հրամանատարությունը՝ ոչնչացնում է չորս տասնյակից ավելի հիտլերականների, հաջողությամբ հետ մղում հակահարձակումը և թշնամուն վռնդում ամրացված շրջանից:
1945 թվականի մարտի 24-ին Այդին Հարությունի Հարությունյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում: Նա պարգևատրվել է նաև Կարմիր աստղի 2, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով և այլ մեդալներով:
Լեգենդար հրամանատար գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ միակ ազգային՝ Թամանյան դիվիզիայի կազմում հերոս հայորդին մտնում է Բեռլին:
Պատերազմի ավարտից հետո նա արձակվում է պահեստազոր, ապրում է Երևանում և աշխատանքի անցնում ՆԳ նախարարությունում, քաղսովետում՝ որպես բաժնի պետ:
Խորհրդային Միության հերոս Այդին Հարությունյանը մահացել է 1990 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում: